2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին անվանական աշխատավարձերի աճը ցածր է եղել գնաճի տեմպից: Եւ որպեսզի ամեն ինչ հիմնավոր լինի, ներկայացնենք փաստեր: Միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում հունվար-սեպտեմբեր ամիսներին (հոկտեմբերի ցուցանիշը դեռ չի հրապարկվել), նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 6.3%-ով՝ կազմելով 198,757.0 դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 3.6%-ով եւ կազմել 172,382.0 դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա նշենք, որ մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.3%-ով՝ կազմելով 211,178.0 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նույն ժամանակահատվածում ընդհանուր տնտեսությունում անվանական աշխատավարձի աճի տեմպը ավելի ցածր է եղել, քան գնաճի տեմպը (միջին գնաճը կազմել է 6.7%): Սա նշանակում է, որ վերջնարդյունքում իրական աշխատավարձերը Հայաստանի հանրապետությունում (գնաճով ճշգրտված աշխատավարձերը) նվազել են շուրջ 0.4%-ով:
ՀՀ կառավարության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուները փոխանցում են, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող կգտնեն: Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի: Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով էլ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են: Ասել է թե՝ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել իրենց ցանկալի արդյունքին, ուստի ներքին քննարկման ժամանակ խոսել են ԲԴԽ նախագահի փոփոխման մասին: Ստացվում է, որ վարչապետը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանի կողմից իրականացված դատական համակարգի ռեֆորմներից: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս առիթով անձամբ Գագիկ Ջհանգիրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա փոխանցեց, որ առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին:
Նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Այսպիսով, դատախազ Բիշարյանը լքեց քրեական գործերով հսկողություն իրականացնող համակարգը՝ տեղափոխվելով դատական համակարգ: Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Կարեն Բիշարյանը հետագայում նշանակվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ներկայիս նախագահ Տիգրան Սահակյանի տարիքը մոտ է թոշակային շեմին: Սակայն այս օրերին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տարածված խոսակցությունների համաձայն՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր աչքերն ու ականջները դատական համակարգում՝ ի դեմս Կարեն Բիշարյանի:
2021թ.-ի ընթացքում զենքի բացահայտ կիրառմամբ հանցագործությունները շատացել են: Օրինակները բազմաթիվ են՝ Աբովյան փողոցի սպանությունից մինչեւ ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի առանձնատանն իրականացված ողբերգությունը, ինչի ժամանակ սպանվել էին քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Տույը, եւ պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը: Կրակոցներ էին հնչել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու ուղղությամբ, ինչի հետեւանքով որդու ընկերն էր մահացել: Անկանոն կրակահերթի պատճառով նաեւ «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականտիրոջ դուստրն էր մահացել: Աղմկահարույց բոլոր այս սպանությունները, ցավոք, մինչեւ վերջ բացահատված չեն: Որտե՞ղ է ոստիկանության թերացումը կամ բացթողումը. ինչո՞ւ ժամանակին չեն կանխվել, նախականխվել սպանությունները. այս հարցերին ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսպես է պատասխանում. «Պետք է արձանագրել մի կարեւոր հանգամանք. նոր ենք թոթափել պատերազմական իրավիճակն, ու քրեաբանական առումով միանշանակ է, որ ապօրինի զենքի շրջանառությունը պետք է աճեր Հայաստանի Հանրապետությունում: Եվ հիմնականում դրանով է պայմանավորված սպանությունների որոշակի թվի աճը: Նշեմ, որ այդ թիվը բավականին քիչ է, ու իրականում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունների կանխման, բացահայտման ուղղությամբ»: Ճշտող հարցին, թե չի բացառում արդյոք, որ զենքերը նաեւ պատերազմի դաշտից են հասել քաղաքացիներին, փոխոստիկանապետը հաստատող պատասխան է տալիս. «Ոչ թե չեմ բացառում, այլ շատ են նման դեպքերը, ու պարբերաբար ձեռնարկվում են անհրաժեշտ կարխարգելիչ միջոցառումներ»: