Նոյեմբերի 27-ին դերասանուհի Ռոզի Ավետիսովնան նշել է ծննդյան 34-ամյակը: ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհին կիսվել է ծննդյան մանրամասներով:
«Արթնացել եմ շատ լավ եւ դրական էմոցիաներով: Առհասարակ ես շատ եմ առանձնացնում ծննդյանս օրը մյուս օրերից: Պլանավորել եմ օրս անցկացնել ընկերներիս հետ: Հատուկ հավաքույթ չի եղել, պարզապես երեկոյան ամենամտերիմ ընկերներով նշել ենք շատ ջերմ միջավայրում»,-ասաց նա:
Ռոզին նշում է, որ առհասարակ անակնկալ նվերներ չի սիրում, բայց ունենում է անսպասելի եւ հաճելի նվերներ, որոնք իր կողմից նախընտրելի են:
«Ինձ համար ամենաթանկ նվերը գիրքն է: Ես շատ եմ սիրում գիրք ստանալ, դա իմ ֆավորիտ նվերներից մեկն է, եւ դա է ինձ համար հենց անակնկալ նվերը, քանի որ ինձ համար իսկապես անակնկալ է, թե ինչ պատմություն է ինձ սպասվում: Բացի գրքից, ինչպես ցանկացած կին, սիրում եմ ծաղիկներ նվեր ստանալ եւ նաեւ նվիրել: Չեմ սիրում գումարայինի տեսքով նվերը, քանի որ երբ դու ինքդ ես նվեր ընտրում, դու մտածում ես այդ մարդու մասին, մտածում ես իր տեսակի, բնավորության մասին: Ի վերջո, այն ժամանակն ավելի թանկ է, քան այն նվերը, որ նա պատրաստում է քեզ համար»,-ընդգծեց դերասանուհին:
Ռոզիի փոխանցմամբ՝ տարիքը ընդամենը թիվ է, որի վրա սեւեռվել պետք չէ:
«Ես երբեք չեմ մտածում տարիքի մասին: Ինձ համար տարիքը ընդամենը թվեր են: Կարեւորն այն է, թե մարդն իրեն ինչպես է զգում, ինչ զգացողություն ունի: Կարծում եմ, որ կնոջ համար ցանկացած տարիք ունի իր հետաքրքրությունը: Տագնապային եւ վախեցնող ոչինչ չկա, պարզապես պետք է վայելել այն ժամանակը որ դու ունես: Համենայնդեպս ես ինձ շատ երիտասարդ եմ զգում»-հավելում է նա:
Դերասանուհին մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ սահմանային եւ երկրի ներսում կատարվող իրադարձություններին, որոնք խորապես ցավ են պատճառում եւ մտահոգում նրան: «Կարծում եմ՝ ամեն հայ պետք է մտահոգված լինի իր երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններով: Այն, որ ես բարձրագոչ հայտարարություններ, ստատուսներ չեմ գրում, դա չի շանակում, որ մտահոգված չեմ, թե ինչ է կատարվում իմ հայրենիքի ներսում: Կարեւորն ինձ համար այն է, որ ստատուսի մակարդակից բարձրանանք եւ ավելի շատ գործով օգնենք մեր ժողովրդին ոտքի կանգնել»,- նկատեց դերասանուհին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գրադարանը համալրվել է հրեա ցեղասպանագետ, «Encyclopedia of Genocide» երկհատոր հանրագիտարանի խմբագիր Իսրայել Չարնիի անձնական գրադարանի ավելի քան 50 միավոր գրքով: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Գրքերը Ֆրանսիայից Հայաստան է բերել բժիշկ Վիգէն Կարապետյանը, որոնք նրան էր փոխանցել Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը: 2011 թվականին Իսրայել Չարնին արժանացել էր Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի՝ «Ի ճանաչումն տասնամյակների ակադեմիական աշխատանքի եւ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ցեղասպանությունների ժխտման հետ կապված հետազոտական գործունեության»: Դեռեւս 2013 թվականին Իսրայել Չարնին իր անձնական գրադարանից շուրջ 700 միավոր ցեղասպանագիտական գրականություն էր նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանին, իսկ 2015 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել էր Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ, որտեղ եւ տեղ են գտել նրա անձնական գրադարանի գրքերը:
ԴԱՀՈՒԿԱՍՊՈՐՏԸ ԿԶԱՐԳԱՑՆԵՆ
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան մտադիր է գալիք տարվա ընթացքում մեծացնել մարզաձեւի աշխարհագրությունը եւ զարկ տալ սնոուբորդի զարգացմանը։ Դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը մարզաձեւը զարգացնելու բարենպաստ պայմաններ ունի ի դեմս Ջերմուկի, Աշոցքի, Ծաղկաձորի եւ Եղիպատրուշի համայնքների։ «Ծրագրեր ունենք Աշոցք համայնքը դարձնել մարզումային տարածաշրջանային կենտրոն՝ հաշվի առնելով տեղանքի բարձրությունը։ Եղիպատրուշ գյուղում որոշել ենք անցկացնել մանկապատանեկան մրցաշարեր»,-հավելել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահը։ Ֆեդերացիայի նախագահը հույս է հայտնել, որ գալիք Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 3-4 քվոտա երկու մարզաձեւից՝ դահուկասպորտից եւ լեռնադահուկային սպորտից։ «Մեզ համար մեծ ձեռքբերում կլինի Օլիմպիական խաղերում, եթե գերազանցենք նախորդ խաղերում մեր գրանցած արդյունքը։ Այժմ քվոտաների կարգը փոխվել է, եւ խաղերի մասնակիցների թիվը վերջնականապես կիմանանք հունվարի 17-ին»,- շեշտել է նա։ Սնոուբորդի կոմիտեի անդամ Արման Ավետիսյանը նշեց, որ սկսել են կամավորական հիմունքներով մարզումներ անցկացնել։ 12 տարեկանից սկսած՝ երեխաները մեծ ցանկություն ունեն զբաղվելու մարզաձեւով ու հետագայում երկիրը ներկայացնել միջազգային մրցաշարերում։
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
«Արմփաուեր» ՓԲԸ-ն (պետ. գրանցման համար 286.120.924562), հանդիսանալով ք.Երեւան, Արցախի փողոց, 4-րդ նրբանցք, հ. 14/1 կառուցված համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի սեփականատերը, մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի սակագների սահմանման հայտով՝ համաձայն 13.02.2019թ-ին տրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության թիվ ԼԷ-0636 լիցենզիայի պայմանների հավելված 1-ով սահմանված սակագնային պլանի:
Առաջարկվող էլեկտրական էներգիայի սակագինը (դրույքը)` 19.34 դրամ/կՎտժ, առանց ԱԱՀ-ի:
Առաջարկվող հզորության ամսական վճարը` 6,243.88 դրամ/կՎտ, առանց ԱԱՀ-ի:
Հայտատու՝ «Արմփաուեր» ՓԲԸ
Գտնվելու վայրը՝ ք.Երեւան 0010, Վ. Սարգսյանի 10: Հեռախոս` 010-590799:
Էլ.փոստի հասցե՝ [email protected]:
ՎԱՃԱՌԵԼ Է
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն 10,3 միլիոն դոլարով վաճառել է Կալիֆոռնիայի հեղինակավոր Կարբոն-Բիչ շրջանում գտվող առանձնատունը. հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով էլիտար անշարժ գույքի որոնման Mansion Global կայքին։ Առանձնատունը կառուցվել է 1950թ: Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին։ Տան մակերեսը կազմում է 163 քառակուսի մետր։ Այն երեք ննջասենյակ ունի, որոնք կառուցված են բացվող ապակե պատուհաններով։ Տունը նաեւ դեպի լողափ տանող սանդուղք ունի։ Դերասանը 1998թ. բնակարանը գնել է 1,6 միլիոն դոլարով։ Դի Կապրիոն 2016թ.-ին այն արդեն վաճառքի էր հանել, սակայն այդպես էլ չի հաջողվել կատարել գործարքը։ Այն կարողացել են վարձակալության հանձնել ամսական 25 հազար դոլարով։ Տունը կրկին վաճառքի են հանել 2021թ. սեպտեմբերին։
ՊԱՏՄԵԼ Է
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը պատմել է, թե ինչ եզրակացություններ է արել 2021թ. «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներից։ «Լեհերի, գերմանացիների, «բավարացիների» տեսանկյունից հիասթափված ենք «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունից։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Բունդեսլիգայում կան գերազանց խաղացողներ, սակայն միջազգային ճանաչման համար պետք են նոր հաջողություններ միջազգային մակարդակում։ Սա լրացուցիչ մոտիվացիա է Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելու համար։ Գլխավորն այն է, որ ցույց տանք, թե ինչ կարող է անել գերմանական ֆուտբոլը։ Արդեն հաջորդ չորեքշաբթի այդ հնարավորությունը կունենանք «Բարսելոնայի» դեմ խաղում։ Իսկ Մեսիին շնորհավորում եմ «Ոսկե գնդակի» արժանանալու համար, թեեւ այս անգամ Լեւանդովսկին ավելի արժանի էր այդ մրցանակին»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։ Հիշեցնենք, որ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։