ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Շիրակի մարզում

 

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ուժգին քամու հետեւանքով Արթիկ քաղաքում գործող թիվ 1 դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել ու մի կողմ է շպրտվել։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։  Դպրոցի տնօրեն Վարդուհի Սահակյանի խոսքով՝ ուժեղ քամու ժամանակ դպրոցում դասապրոցես է ընթանալիս եղել, եւ երջանիկ պատահականություն է, որ ո՛չ աշակերտները, ո՛չ դպրոցի ուսուցչական կազմը եւ ո՛չ էլ դպրոցի մյուս աշխատակիցները չեն տուժել:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ինչ կարգով է իրականացվում ամուսնության մասին տեղեկանքի տրամադրումը:

Լիլիա Պետրոսյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիներին տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք, որը կարող է դիմողի ցանկությամբ տրամադրվել երկլեզու տարբերակով՝ հայերեն-ռուսերեն կամ հայերեն-անգլերեն: Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ նրա կողմից լիազորված անձը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանք ստանալու համար անձամբ դիմում ներկայացնելու դեպքում նախարարություն են ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ: Այն դեպքում, երբ անձը նախկինում գտնվել է գրանցված ամուսնության մեջ, ներկայացնում է նաեւ տվյալ ամուսնության փաստը դադարելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ, պետական տուքի վճարման անդորրագիր:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ դիմորդները կարող են օգտվել արտոնություններից:

Դիաննա Մելքոնյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ՝

քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են՝

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,

բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները`

Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

ա. 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները,

բ. առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաները:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`

ա. անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս՝ ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին,

բ. եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն, բուհ են ընդունվում մրցույթից դուրս:

Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:

ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի:

 

 

 




Լրահոս