ՍԱՀՄԱՆԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽԸ ՄԱՐՎԱԾ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ նոյեմբերի 16-ին՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո, կրակի դադարեցման պայմանավորվածությամբ էլ իրավիճակն ամբողջությամբ հանգուցալուծված չէ, լարվածության օջախը մարված չէ: Անդրադառնալով Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ Տիգրան Աբրահամյանը նշեց. «Նախ պետք է հասկանալ պատճառները, թե ինչ իրավիճակում տեղի ունեցավ այս նոր ագրեսիան, եւ Ադրբեջանն իրականում ինչ խնդիր էր դրել իր առջեւ: Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ պետք է հասկանալ, այն է, թե, բացի նրանից, որ բռնազավթում է ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ, իրականում ինչ նոր այլ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ի համար»:

 

Նա շեշտեց՝ պետք է հասկանալ նաեւ, թե ինչու այդ գործողություններից 2-3 օր հետո մոտ 2 տասնյակ զինծառայողների մասին որեւէ տեղեկություն չկա:

Աբրահամյանը բավականին մտահոգիչ համարեց ադրբեջանական տարբեր տելեգրամյան ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ հայ զինծառայողներին բռնությունների, խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ: «Նրանց ֆիզիկական գոյության առումով այսօր մենք ունենք բավականին խնդրահարույց իրավիճակ: Անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչ հանգամանքներում են անհետ կորել կամ գերեվարվել, մեր գլխավոր խնդիրը, որպես ՀՀ, պետք է լինի այդ մարդկանց հրատապ ձեւով հայրենադարձումը: Դրանից հետո թե ինչ ընթացակարգեր կլինեն, արդեն օրենքով սահմանված են»,- ասաց Աբրահամյանը:

Պատգամավորը նշեց նաեւ, որ նոյեմբերի 16-ին՝ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների դադարեցումից հետո, իր մեջ մտահոգություն է առաջացել, թե ինչ գին է ունենալու դա: «Իրականում ինչի՞ շուրջ է եղել ռազմական գործողությունների դադարեցումը»,- ասաց նա:

Աբրահամյանը չի կարծում, թե իրավիճակը ամբողջությամբ հանգուցալուծված է, լարվածության օջախը, որը եղել է մինչեւ այս գործողությունների ծավալումը, դեռեւս մարված չէ: «Այս պահին եղած իրավիճակը ոչ միայն շարունակում է բարձր ռիսկեր պարունակել նոր զարգացումների առումով, այլ քաղաքական եւ բանակցային առումով էլ որոշակի հարցերի տեղիք է տալիս»,- ասաց նա: Ըստ նրա՝ անելիքներ կան դաշնակից պետությունների հետ ագրեսիայի հավանականությունը նվազեցնելու առումով: Պատգամավորը շեշտեց նաեւ՝ ըստ էության, ՀՀ-ն մեծ անելիքներ ունի անվտանգային իր բաղադրիչի վերականգնման առումով: Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արեւելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա եւ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա եւ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսաստանյան կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը՝ ժամը 18։30-ից, ՀՀ արեւելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր:

Ն. Պ.

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՊԱՀԵՍՏԱՊԵՏԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2013 թվականի ապրիլ ամսից մինչեւ 2021 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատելով Շիրակի թեմի առաջնորդարանում որպես պահեստապետ, հանդիսանալով վարչատնտեսական գործառույթներ իրականացնող նյութական պատասխանատու անձ, 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսը 20-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, խախտելով 16.04.2013 թվականին իր եւ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի միջեւ կնքված անհատական նյութական պատասխանատվության մասին պայմանագրի 1-ին կետի՝ իր տրամադրության տակ գտնվող նյութական արժեքները խստագույնս պահպանելու, իրեն վստահված նյութական արժեքների շարժը եւ մնացորդը հաշվառելու, վարելու, կազմելու եւ սահմանաված կարգով հաշվետվություն ներկայացնելու մասին դրույթները, շահադիտական դրդումներով, ապօրինաբար, անհատույց կերպով մեկ միասնական դիտավորությամբ վատնելու եղանակով օտարել է Շիրակի թեմի առաջնորդարանի պահեստ մուտքագրված, իրեն վստահված, իր տիրապետության եւ պահպանությանը հանձնված 60 համարի, 1.320.000 ՀՀ դրամ արժողության 66.000 հատ մոմ եւ 30 համարի, 300?000 ՀՀ դրամ 7.500 հատ մոմ, ընդհանուր՝ 1.620.000 ՀՀ դրամ։ Այսպիսով, Արթուր Կորյունի Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված, հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:

 

 

ԳՈՒՄԱՐ ԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները շարունակում են բացահայտումներն այն մասին, թե ինչպես են քաղաքացիները սպառնալից հայտարարություններ ու կոչեր անում տարբեր պաշտոնատար անձանց մասով եւ, դեռ ավելին, դրա դիմաց գումար առաջարկում: Եվ, ահա, հերթական նման դեպքն է բացահայտվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արշակ Շահինյանին մեղադրանք է առաջադրվել, որ սոցիալական ցանցում ստեղծելով «Արշակ Շահինյան» անվամբ անհատական էջ, որով շփվել է տարբեր անձանց հետ, քաղաքական եւ այլ հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելով, տեղադրել է հետեւյալ բովանդակության նյութ. «Ուրեմն էս տարի աշխատել եմ ՌԴ-ում ու հլը փողերս չեմ ստացել, ռուբլիով կես միլիոն ունեմ ստանալու, ով Գառնիկ Իսագուլյանին, Արթուր Վանեցյանին, Սերժին, Ռոբին, Վ. Մանուկյանին, էն Իշխանա, կողակա, բոջակա, դրան, մի խոսքով, էտ խառախուռեքին ով գնդակահարի, էն կես միլիոնն էլ իրաննա, հա, զենքն էլ՝ ինձանից»: Այդպես ցանկացել է իր անհատական էջի ընկերների ուշադրությունը հրավիրել տեղադրված նյութին, որից հետո տարբեր անձանց կողմից իր կողմից տեղադրված նյութի բովանդակության վերաբերյալ կատարած գրառումներից հետո ջնջել է «Արշակ Շահինյան» անվամբ անհատական էջը:

 

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԵՆ

«2022 թվականին 7 տոկոս տնտեսական աճի վերաբերյալ կառավարության հաշվարկները խնդրահարույց են, չհիմնավորված լավատեսության նպատակը զուտ քաղաքական է եւ միտված է սուտ խոստումների միջոցով զսպելու օրեցօր վատթարացող պայմաններում ապրող մեր քաղաքացիների զայրույթը եւ անհաջող փորձ է 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայացնելու որպես նոր հնարավորությունների դարաշրջան»,- նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ իշխանությունը փորձում է մանիպուլյատիվ մեթոդներով ցույց տալ, թե այդ 7 տոկոս աճն իրատեսական է: Նրա խոսքով՝ վիճակագրության համաձայն՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում տնտեսական աճը, նախորդ տարվա համեմատ, կազմել է ընդամենը 2,66 տոկոս, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 4,4 տոկոս, 10 ամսվա տվյալներով՝ այն իջել է 4,3 տոկոսի: Ինչ վերաբերում է գնաճին, Խաչատրյանը նշել է, որ ՀՀ-ում երրորդ եռամսյակին 12-ամսյա գնաճը կազմել է 8,9 տոկոս: Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների դասում գնաճը կազմել է 15,4 տոկոս: Բանջարեղենը 64,5 տոկոսով է թանկացել:

 

 

ԽԱՅՏԱՌԱԿ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը Ազգային ժողովում ներկայացրել է,  իր բնութագրմամբ, աննախադեպ իրավիճակի մասին։ Նա նշել է, որ երեկ՝ ժամը 15։00-ին, նշանակված էր Սյունիքի մարզի Գորիս նստավայրում Արթուր Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը։ «Երեք շաբաթից, ուզեն, թե չուզեն, Արթուր Սարգսյանը լինելու է ազատության մեջ, քանի որ վաղեմության ժամկետն է անցնում»,-ասել է նա եւ նշել, որ դեռեւս գործը նախապատրաստական փուլում է գտնվում։ «Մենք որոշեցինք, որ, այսօրվա նիստին ընդառաջ, նախապատրաստենք անձնական երաշխավորություն, եւ մի խումբ պատգամավորներով ուղեւորվում ենք Սյունիքի մարզ»,-ասել է նա: «Պաշտոնապես հայտարարում եմ ձեզ՝ այսպիսի խայտառակ դատական իշխանության վիճակ Հայաստանում երբեք չի եղել։ Սա օրվա քաղաքական իշխանության մեթոդներն են, երբ գոնե մի օր ավելի մարդուն կալանքի տակ են պահում, եւ պարզ չէ, թե դրանով ինչի են հասնում։ Այսինքն` էս ինչ ֆետիշ է կալանքի նկատմամբ»,-ասել է նա:

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված 20-ամյա տղայի մահվան գործով նշանակվել է փորձաքննություն: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝  իրավապահները նշանակված փորձաքննությամբ փորձում են պարզել՝ տղայի ձեռքը կտրել են արդյոք, թե շներն են հոշոտել: Դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երեւանում: ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել: Պարզվել է, որ մահացածը Երեւանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են` տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված էր:

 

 

 




Լրահոս