ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացված անվճար կոլոնոսկոպիայի ծրագրի շրջանակում հետազոտվել է 699 բուժառու: Նրանցից 81-ի մոտ հայտնաբերվել է հաստ աղիքի քաղցկեղ, 159-ի մոտ բարորակ գոյացություններ:
Մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը նշեց, որ ծրագիրը սկսվել էր ընթացիկ տարվա հունվարի 1-ից ու նախատեսված էր անցկացնել մինչեւ հունիսի 30-ը: Անվճար կոլոնոկոպիա կարող էր անցնել 45 տարին լրացած յուրաքանչյուր անձ:
«Դիմելիությունն այնպես ակտիվ էր, որ նախատեսված մինչեւ վերջին օրը դեռ մարդիկ գրանցվում էին, այսինքն՝ հունիսի 30-ը ներառյալ դեռ մեզ դիմում էին: Որոշում կայացվեց ծրագիրն իր ամբողջական ավարտին հասցնել, ու բոլոր գրանցվածների հետազոտությունն անցկացվեց մինչեւ նոյեմբերի վերջ: Ասեմ, որ իր տեսակով աննախադեպ միջոցառում էր: Այն իր ազդեցությունը կթողնի վիճակագրական տվյալների վրա: Դրանից բացի, այն նպաստում է հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Հայտնի է, որ հիվանդության վաղ հայտնաբերման դեպքում պետությունն ու բուժառուն ավելի քիչ գումար են ծախսում, քան երբ այն արդեն խորացած է»,-ասաց Նարեկ Մանուկյանը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային եւ էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը նշեց, որ շատերը եկել էին պարզապես հետազոտվելու՝ չունենալով որեւէ գանգատ: Հետազոտվածներից 4-ի մոտ քաղցկեղ հայտնաբերվել է բավական վաղ փուլում, ինչը հնարավորություն է տվել էնդոսկոպիկ եղանակով հեռացնել: Արդյունքում այդ բուժառուները շրջանցել են մեծ վիրահատություններն ու քիմիաթերապիան:
«Ամբողջ աշխարհում քաղցկեղային հիվանդությունների շրջանում իր տարածվածությամբ հաստ աղիքի քաղցկեղը երրորդ տեղն է զբաղեցնում: Ամեն տարի հայտնաբերվում է նոր մեկ մլն դեպք: Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդության աճի միտում կա: Եթե համեմատենք 2009-2019 թվականի տվյալները, ապա կտեսնենք, որ 10 տարվա ընթացքում հաստ աղիքի քաղցկեղի աճ կա մոտ 150 նոր դեպքով»-ասաց Վլադիմիր Նահապետյանը:
Անդրադառնալով հիվանդության առաջացման պատճառներին՝ մասնագետը ներկայացրեց հիմնական ռիսկի գործոնները, որոնք են ժառանգականությունը, ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը, անառողջ սնունդը:
Ն.Պ.
ՀԱԿԱՄԱՐՄԻՆՆԵՐ ԿՀԱՆՁՆԵՆ
Այն ռուսաստանցիները, որոնք արտասահմանում պատվաստվել են օտարերկրյա պատվաստանյութերով կամ «Սպուտնիկ V»-ով, կկարողանան կես տարի գործողության ժամկետով ռուսաստանյան COVID-հավաստագրեր ստանալ հակամարմինների թեստ հանձնելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
«Նրանք (արտասահմանում «Սպուտնիկ V»-ով պատվաստված ՌԴ քաղաքացիները), ժամանելով կամ գտնվելով այստեղ (Ռուսաստանում), կկարողանան հակամարմինների համապատասխան անալիզ հանձնել: Հակամարմինների առկայության դեպքում նրանց համապատասխան փաստաթուղթ կտրվի վեց ամիս ժամկետով»,-ասել Է Գոլիկովան՝ հանդես գալով դեկտեմբերի 13-ին ՌԴ Պետդումայում կայացած «Միասնական Ռուսաստան» խմբակցության նիստում: Նույն այդպիսի սխեմա Է նախատեսվում այն ռուսաստանցիների համար, որոնք արտասահմանում պատվաստվել են օտարերկրյա արտադրության պատվաստանյութերով:
«Մեր քաղաքացիները, որոնք ստացել են օտարերկրյա պատվաստանյութեր, կարող են նաեւ հակամարմինների թեստ հանձնել, ստանալ կես տարվա գործողության ժամկետով հավաստագիր»,-նշել Է փոխվարչապետը:
ՄԱՀԱՑԵԼ ԵՆ
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 130,764-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 2706 նոր դեպք, որից 442-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 1521 հազար 524 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 մլն 963 հազար 373-ը: 3126 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նաեւ, որ 58 մլն 778 հազար 763 իրանցի արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 49 մլն 560 հազար 783-ը՝ երկրորդ չափաբաժինը, իսկ երրորդ՝ խթանիչ չափաբաժինը ստացել է 2 մլն 745 հազար 192 քաղաքացի: