Դեկտեմբերի 10-ին կայացավ դիզայներ Քրիստինե Գրիգորյանի Kwisty նորաձեւության շոուն, որի ժամանակ պոդյումում ոչ միայն պրոֆեսիոնալ մոդելներ էին, այլեւ հայտնի մարդիկ իրենց երեխաների հետ՝ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ որդու հետ, դերասանուհի Սաթենիկ Հազարյանը՝ դստեր հետ, դերասան Սուրեն Առուստամյանը, «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգին։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն առաջին անգամ էր ներկայանում նորաձեւության ոլորտում։ Դերասանուհին բեմում ավագ որդու՝ Հայկի հետ էր, իսկ ամուսինն առաջին շարքից հետեւում էր նրանց բեմելուն։
Նրանց հետ բեմում էին նաեւ Գավառի մանկատան այն սաները, որոնք երազում են մոդելային կարիերայի մասին եւ հնարավորություն ստացան իրականացնելու իրենց երազանքը։ Ամանորին ընդառաջ Քրիստինեն իր հեղինակած ձմեռային հավաքածուի օրինակները նվիրեց Գավառի մանկատան սաներին։
«Մանկատան սաներն առանձին չեն բարձրանում բեմ, որպեսզի չառանձնանան որեւէ մեկից։ Շոուն դիտելիս որեւէ մեկը չի կարող տարբերել մանկատան երեխաներին մյուս մոդելներից, ինչն ինձ շատ կարեւոր է»,-ասաց Քրիստինեն։
«Չնայած Հայաստանում ավելի ու ավելի քիչ են կազմակերպվում նորաձեւության շոուներ՝ պայմանավորված երկրում տիրող իրավիճակով, սոցիալ-տնտեսական պայմաններով, մենք կարեւորում ենք տարին 2 անգամ նմանատիպ շոու կազմակերպելը, որպեսզի Հայաստանում նորաձեւության ոլորտը զարգանա»,- ասաց Քրիստինեն։
Միլանում մասնագիտական կրթություն ստացած դիզայները հավաքածուն ստեղծել է մոտ կես տարում, քանի որ նախորդ ցուցադրությունը մայիսին էր։ Նա ներկայացրեց 3 հավաքածու՝ «Ձմեռային», «Ատլասե» եւ «Հայկական հոգի»։ Վերջինը ցուցադրվել է Մոսկվայում եւ մեծ վաճառք ունեցել։ Այդ հավաքածուից պահպանված նմուշները Քրիստինեն ցուցադրեց նաեւ այս երեկոյի ընթացքում։
«Հայկական զարդանախշեր շատ եմ օգտագործում մոդեռն տարբերակով։ «Հայկական հոգու» հագուստները տարազային են, բայց նորաձեւ։ Այս հավաքածուից մնացած նմուշներն այլեւս չեմ ուզում վաճառել, քանի որ ոգեշնչման աղբյուր են։ Դերասան Սուրեն Առուստամյանն այդ թեմայով վիճում է ինձ հետ, բայց ես նույնիսկ տխրում եմ, երբ այդ հավաքածուից վաճառք է լինում»,- ասաց Քրիստինան ու հավելեց, որ իր բոլոր հագուստների վրա ասեղնագործված է Հայաստանի դրոշը։ «Ես ուզում եմ, որպեսզի հայկական բրենդը տարածվի աշխարհում»,- նշեց նա։
Երեկոն վարում էր դերասանուհի Սաթենիկ Հազարյանը։ Երաժշտական մասն ապահովեցին Սոնան, Կարինե Առուստամյանը, Լիդուշիկը։ Երեկոյի հյուրերի թվում էին Խորեն Լեւոնյանը, Նաիրա Մովսիսյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ղամբարյանը, Մերի Մարտիրոսյանը եւ այլ հայտնի մարդիկ։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փարիզի Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում դեկտեմբերի 15-ին տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիեւյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) եւ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ֆիլմերի ցուցադրությունը։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ ցուցադրությունն իրականացվում է ֆիլմերի՝ Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով։
Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Համո Բեկ-Նազարով» նախագծի կողմից: Վերականգնումը հովանավորել են «Ֆիքսաֆիլմ» եւ «Կինոկլասիկա» կազմակերպությունները:
Վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը /ՀԲԸՄ/ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), Դովժենկո կենտրոնի եւ Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար:
Ցուցադրությունը կուղեկցվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր, «Հայ կինոյի դասականներ» ծրագրի խնամարկու եւ ֆիլմերի վերականգնման բրիտանացի փորձագետ Դանիել Բըրդի ներածական խոսքով։
ԵՐԵՔ ԽԱՂԱՑՈՂ
«Բարսելոնան» հետաքրքրված է Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» պաշտպաններ Սեսար Ասպիլիկուետայի, Անտոնիո Ռյուդիգերի եւ կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի ծառայություններով. հաղորդում է Mundo Deportivo-ն: 32-ամյա Ասպիլիկուետայի եւ 28-ամյա Ռյուդիգերի պայմանագրերն անգլիական ակումբի հետ նախատեսված են մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Բարսելոնան» կարող է հաջորդ ամռանը նրանց անվճար ձեռք բերել, եթե համաձայնության հասնի անձնական պայմանագրի պայմանների վերաբերյալ։ 23-ամյա Պուլիշիչը խաղային պրակտիկայի պակաս ունի «Չելսիում» եւ արդեն հունվարին կարող է վարձակալությամբ տեղափոխվել:
ԳԵՐԱԶԱՆՑԵՑ
«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական խաղում դարձել է պատմական ռեկորդի հեղինակ: «Լոս Անջելես Լեյքերսը» 106։94 հաշվով հաղթել է «Օռլանդոյին», Լեբրոն Ջեյմսը թրիփլ-դաբլ է հավաքել 30 միավորից, 11 անդրադարձից եւ 10 փոխանցումից: Լեբրոն Ջեյմսը այդ ցուցանիշը գրանցած ամենատարեց բասկետբոլիստն է՝ 36 տարեկան, 346 օրական։ Նախորդ ռեկորդը պատկանում էր լեգենդար Կոբի Բրայանտին՝ 36 տարեկան, 99 օրական:
ԲՌՆԿՈՒՄ
«Մանչեսթեր Յունայթեդում» կորոնավիրուսի բռնկում է։ Դեկտեմբերի 12-ին թիմի մարզմանը ֆուտբոլիստները պահպանել են տարածություն եւ անհատական ծրագրով են անցկացրել վարժությունները։ Մի քանի ֆուտբոլիստների եւ ակումբի աշխատակիցների թեստերի պատասխանները դրական են. հաղորդում է Goal.com-ը։ Նրանք ինքնամեկուսացել են: Պրեմիեր լիգայի ղեկավարությունը տեղեկացված է ստեղծված դրության մասին: Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը պետք է անցկացնի դեկտեմբերի 14-ին Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Բրենթֆորդի» դեմ արտագնա խաղում:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է չեմպիոն «Աթլետիկոյի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում: «Մենք զգալիորեն հզորացել ենք պաշտպանությունում։ Մեր հարձակվողների թիկունքում հանդես եկող խումբը ազատ տարածություններ է տրամադրում նրանց հարձակման համար: Ես չեմ հավատում «Անչելոտիի էֆեկտ» ձեւակերպմանը։ Ես ունեմ թիմ, որն ինձ չի լքում, եւ ես գիտեմ, թե ինչ հնարավորություններ ունի այդ թիմը: Մեր խաղացողները հրաշալի վերահսկում էին ընթացքը, զգոն խաղում պաշտպանությունում։ Սա թիմ է, ոչ թե պարզապես ուժեղ ֆուտբոլիստների խումբ: Հիմա մենք ֆավորիտ ենք չեմպիոնական մրցավազքում, բայց պետք է կենտրոնանալ առաջիկա հանդիպումների վրա, այլապես կարող է երկրորդ շրջանը չստացվել։ Շատ գոհ եմ առաջին շրջանից, բայց ես չեմ մոռացել, որ 2014-ին «Ռեալում» իմ երկրորդ մրցաշրջանում մենք ունեինք 22 անընդմեջ հաղթանակ, սակայն երկրորդ շրջանն այնքան էլ լավ չստացվեց։ Ես դա չեմ մոռացել։ Այդ փորձը ինձ կօգնի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը: