Երեկ՝ դերասանուհի Մերի Հակոբյանը ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը «Կսպանեմ քեզ» երգի հիման վրա։ Մերին մինչև վերջին պահն այս նորությունը գաղտնի էր պահում, իսկ երեկ մեծ շնորհանդես էր կազմակերպել, որով էլ տվեց երաժշտական պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկը։
ArmLur.am-ը ներկա է գտնվել երեկոյին եւ ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հյուրերին:
Դերասանուհին իր առաջին տեսահոլովակը ներկայացրեց եւ խոստովանեց, որ վաղուց էր ուզում երաժշտական կարիերա սկսել, քանի որ դերասանական կարիերային զուգահեռ երգում էր երաժշտական տարբեր ակումբներում, սակայն ներկայացնում էր cover–ներ։ Հիմա արդեն նա ունի իր երգը, որի հեղինակն Արտեմ Վալտերն է։ Տեսահոլովակը նկարահանել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Արթուր New Way–ը, իսկ հերոսին մարմնավորում է դերասան Գևորգ Գրիգորյանը։
«Կարծում եմ՝ ես ըստ արժանվույն եմ ներկայանում իմ լսարանին։ Արտեմ Վալտերի հետ երկար ժամանակ փորձում էինք գտնել ինձ հոգեհարազատ երգ։ Արդյունքում ստեղծվեց երգ, որտեղ կան և՛ մեր ժողովրդին, և՛ ինձ հարազատ տեմպ ու ռիթմ։ Տեսահոլովակում էլ ներկայանում եմ այնպիսի ոճով, ինչպես հասարակությունն ինձ չի տեսել։ Այնքան ուրախ եմ, որ Արտեմը կարողացավ հասկանալ, իսկ Արթուրը՝ լավագույնս ներկայացնել ինձ»,– ընդգծեց Մերին։
Տեսահոլովակի ռեժիսոր Արթուր New Way–ն էլ պատմեց, որ տեսահոլովակը նկարահանել է այն սցենարով, որը տեսել է երգն առաջին անգամ լսելուց անմիջապես հետո։
«Ես և՛ սցենարիստ եմ, և՛ ռեժիսոր, և՛ օպերատոր։ Ռեժիսորը պետք է ամեն ինչից հասկանա, որպեսզի կարողանա լավ աշխատանք մատուցել։ Ինքս մասնագիտական կրթություն չունեմ, սակայն 10 տարուց ավելի աշխատում եմ այս ոլորտում, իսկ փորձն ավելին է, քան թեորիան։ Ես շատ չեմ հետեւում հայկական շոու բիզնեսին, սակայն կան տաղանդավոր մարդիկ, որոնց մասին պարտավոր եմ իմանալ։ Ինձ համար Արտեմ Վալտերն առանձին տեղ է զբաղեցնում որպես երգիչ, երգահան։ Երգը լսելուց հետո առաջին հարցս էր՝ Վալտե՞րն է գրել, որովհետեւ նրա ձեռագիրը շատ տարբերվող է։ Շատ ուրախացա, որ երգի հեղինակն ինքն է։ Մենք շատ մեծ թիմային աշխատանք ենք արել, որտեղ յուրաքանչյուր անդամի գործը շատ կարևոր էր»,– նշեց նա:
Մերին էլ իր հերթին շեշտեց, որ փորձարկման հարցում վստահել է ռեժիսորին․ «Նկարահանվել ենք 40 ժամ՝ առանց ընդմիջման։ Չենք քնել ու չնայած շատ հոգնած էինք՝ պիտի շարունակեինք աշխատանքը, քանի որ Արթուրը 2 օրով էր Մոսկվայից եկել Երեւան։ Մինչեւ Արթուրի Հայաստան գալն էլ մազերս ամբողջությամբ մանր հյուսքեր էինք արել կերպարներից մեկի համար, Արթուրը հասավ, նայեց եւ ասաց՝ քանդիր։ Ես հետեւում էի նրա բոլոր ցանկություններին, քանի որ պրոֆեսիոնալ է։ Ես Արթուրին ուղղակի ասել եմ՝ ինչ ուզում ես, նկարիր, որովհետեւ վստահ էի արդյունքի վրա։ Նա տարիների աշխատանքային փորձ ունի ռուսական շոու բիզնեսում եւ վստահ էի, որ արդյունքը գոհացուցիչ է լինելու։ Հիմա նայում եմ տեսահոլովակն ու հասկանում, որ արժեր վստահել նրան»։
Մերին նաեւ հավելեց, որ սկսել է հաջորդ երգերի աշխատանքը․ «Ես չեմ պատրաստվում պասիվանալ, քանի որ եթե մտնում եմ որեւէ ոլորտ, պետք է լինեմ լավագույններից մեկը։ Հուսով եմ՝ հասարակությունը կգնահատի մեր աշխատանքը։ Իհարկե, պատրաստ եմ տարբեր արձագանքների․ նախ՝ կատարյալ ոչինչ չկա, երկրորդ առողջ քննադատության վերլուծությամբ մեր հաջորդ աշխատանքն ավելի լավն է լինելու»։
Լիդա Եղիազարյան