ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անտառուտ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեն:
Պարզվել է, որ համայնքի ղեկավարը, 2010թ. հոկտեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Քննությամբ հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու եւ կասեցնելու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով դրա հետեւանքների վերացումն ապահովելու սեփական լիազորություն, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Մասնավորապես՝ Երեւան քաղաքի բնակիչն Անտառուտ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող, գյուղատնտեսական արտադրական, ինչպես նաեւ խոտհարք եւ արոտավայր նպատակային նշանակության ընդհանուր 5.007մ2 հողատարածքում 2013 թվականից 2018թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի եւ թույլտվության, ինքնակամ կառուցել է քարե երեք շինություն, որոնք շահագործել է որպես հյուրանոցային համալիր եւ ռեստորան:
Համայնքի ղեկավարը, մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելով քաղաքացու հետ, դեռեւս շինարարության իրականացման ժամանակահատվածում հաստատապես տեղյակ լինելով վերջինիս կողմից իրականացվող անօրինական շինարարության, իսկ հետագայում՝ շինությունների անօրինական շահագործման մասին, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու եւ կասեցնելու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով դրա հետեւանքների վերացումն ապահովելու լիազորություն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, դիտավորությամբ չի կատարել համայնքի ղեկավարի՝ օրենքով նախատեսված լիազորությունները. որեւէ միջոց չի ձեռնարկել հիշյալ հողերի նպատակային նշանակությունները փոփոխելու, ինքնակամ կառուցված շինություններն ամբողջությամբ օրինականացնելու ուղղությամբ, օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել ինքնակամ շինարարություն իրականացրած անձի նկատմամբ, ինչի արդյունքում համայնքային բյուջե չի մուտքագրվել վճարվելիք առանձնապես խոշոր չափերի՝ 22.707.154 դրամ գումար:
Անտառուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, եւ քրեական գործի վարույթը կարճվել է՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի հիմքով։
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Ն. Պ.
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԵԼ
Սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 14-ը կառավարության անդամներից գործուղում է եղել 43 անգամ: ArmLur.am-ն ուսումնասիրել է, թե այդ չորս ամիսների ընթացքում ովքեր են ամենաշատ գործուղման մեկնած կառավարության անդամները:
Այսպես, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը գործուղման է մեկնել երկու անգամ: Մեկ անգամ նա հոկտեմբերի 25-27-ը մեկնել էր Սերբիա՝ մասնակցելու մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Որպես այցի արդյունք նշվում է, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Երեւանում անցկացնել Եվրոպայի առաջնության բացման արարողությունը: Սեպտեմբերի 24-ից 26-ն էլ նա եղել է Գերմանիայում եւ ներկա է գտնվել գեղասահքի միջազգային մրցաշարին: Որպես այցի արդյունք ներկայացված են հայ մարզիկների հաջողությունները:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-ից 10-ը եւ սեպտեմբերի 23-ից 25-ը եղել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ մյուս անդամ երկրների ներգրավմամբ քննարկումներ կազմակերպել: Հաշվետվություններում մանրամասն ներկայացված են անցկացված հանդիպումների, սակայն արդյունքների մասին կոնկրետ տեղեկություններ առկա չեն:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւս երկու անգամ է գործուղման մեկնել՝ մեկ անգամ՝ ՌԴ, մյուս անգամ էլ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ: Դուբայում նա մասնակցել է համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Հաշվետվության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ԱՄԷ սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչների այցելությունը Հայաստան: Մոսկվայում նա մասնակցել է Եվրասիական երկրորդ համագումարին:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւս երկու անգամ է գործուղման մեկնել՝ մեկ անգամ նա այցելել է Սանկտ-Պետերբուրգ, իսկ հաջորդ անգամ Ժնեւ: Նա մասնակցել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստաշրջանին: Հանդիպման արդյունքում առանցքայնորեն որոշվել է համավարակների պատրաստվածության եւ արձագանքի հարցերով ԱՀԿ կոնվենցիա, պայմանագիր կամ այլ միջազգային գործիք մշակելու նպատակով ստեղծել միջկառավարական բանակցային մարմին:
Ն. Հ.
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԶՈՀ
Թուրքիան եւ Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն էր հայտարարել: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակենք»,- ասել էր նա: Հայկական կողմից արտաքին գործերի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն է արձագանքել՝ նշելով, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց սկսել: «Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը եւ հաստատում, որ հայկական կողմը եւս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,- նշել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Սա, կարծես, «խաղաղության դարաշրջանի» ազդարարման մեկնարկն է, ինչի մասին պատեհ ու անպատեհ բոլոր առիթներով խոսում է օրվա իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Իշխանավորները, մեկը մյուսին հերթ չտալով, համոզում են, թե Հայաստան-Թուրքիա սահմանների բացումն առաջին հերթին Հայաստանի շահերից է բխում, քանի որ բաց սահմաններն իրենց հետ առեւտրաշրջանառության լայն հնարավորություններ են բացելու: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, սակայն, հակառակ պնդումն է անում. Թուրքիայի հետ սահմանի բացումը տնտեսական էքսպանսիայի է հանգեցնելու: Բացատրում է՝ հայկական շուկական թուրքական պտուղ-բանջարեղենով է ողողվելու՝ ուղղակիորեն ճնշելով տեղական արտադրողին: Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ Հայաստանում ջրի, գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն ամենաբարձրն են, ապա այդ պայմաններում սահմանի բացումը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծելու գյուղմթերք արտադրող մեր հայրենակիցների համար: Այսինքն՝ ի տարբերություն հայկական լոլիկի, օրինակ, թուրքականը մի քանի անգամ էժան կարող է վաճառվել մեր շուկաներում, իսկ դա հանգեցնելու է նրան, որ պտուղ-բանջարեղենի մշակությամբ զբաղվող մեր քաղաքացիները ձեռքերը լվանան գյուղատնտեությամբ զբաղվելուց: «Վարունգ, լոլիկ արտադրողներն, օրինակ, որ բերք ստանալու համար գազ ու էլեկտրաէներգիա են օգտագործում, ավելի շատ են վճարում, քան Թուրքիայի կամ Ադրբեջանի գյուղատնտեսները: Հետեւաբար նրանց աճեցրած ապրանքների գինը շատ ավելի էժան է, քան մեր գյուղատնտեսների աճեցրածինը: Դրան գումարած՝ մասշտաբի էֆեկտը, նրանց շուկաները բավական մեծ են, մշակելի հողերն՝ ավելի խոշոր, մեկ միավորի հաշվարկով էլ ավելի քիչ ծախս են պանաջում: Մեր տնտեսությունները, ըստ էության, չեն կարող մրցակցել Թուրքիայի խոշոր տնտեսությունների հետ: Դրա վառ օրինակը լոլիկի շուկան է»,- բացատրում է տնտեսագետը: Պարսյանը հիշում է՝ տարիներ առաջ էժան լոլիկը ներխուժեց Հայաստան, ինչից հետո մեր գյուղատնտեսները բավական լուրջ վնասներ կրեցին, լոլիկ արտադրող բազմաթիվ քաղաքացիներ սննկացան, պարտքեր կուտակեցին ու շուկայից դուրս մնացին:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ