Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը հայտարարություն է տարածել. «ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած հարգելի՛ արցախցիներ, արդեն մի քանի օր է՝ օպերատիվ շտաբի կառույցի ներքո գործում է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի ստորաբաժանումը: Օպերատիվ շտաբի եւ նշված ստորաբաժանման խնդիրն է ԱՀ կառավարության՝ 2021 թվականի հուլիսի 2-ի՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով զոհված (մահացած) եւ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամ ճանաչված եւ (կամ) անօթեւան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման» մասին որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման ապահովումը (համաձայն հաստատվող կարգի)։
Բնակարանային հաշվառման նպատակով անձը կամ նրա ընտանիքի չափահաս անդամը կամ նրա կողմից լիազորված անձը դիմում է իրավասու մարմին (օպերատիվ շտաբ՝ բնակարանային բաժին), լրացնում դիմում-հարցաթերթը կամ ներկայացնում լրացված դիմում-հարցաթերթը (որի ձեւաթուղթը շուտով տեղադրված կլինի լիազոր մարմնի (ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե) պաշտոնական կայքում։ Դիմում-հարցաթերթը էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում լրացվում է լիազոր մարմնի (ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե) էլեկտրոնային կայքէջի առցանց դիմումներ բաժնում։ Դիմում-հարցաթերթին կից պետք է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝ ընտանիքի չափահաս անձի անձնագրի (հաշվառման էջով) պատճենը; անչափահաս երեխայի ծննդյան վկայականի պատճենը; ընտանիքի անդամին հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը; ամուսնության վկայականի պատճենը (ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի պատճենը); տեղեկանք ընտանիքի կազմի մասին; տեղեկանք մշտական հաշվառման եւ փաստացի բնակության վայրերից; բնակտարածքի (այդ թվում` պատերազմական գործողությունների հետեւանքով կորցրած) սեփականության վկայականի պատճենը; ընտանիքի անդամի՝ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում՝ անձի զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ ԱՀ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը; ընտանիքի անդամի՝ անժամկետ հաշմանդամ ճանաչված լինելու կամ ընտանիքում հաշմանդամություն ունեցող երեխա լինելու դեպքերում՝ հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի պատճենը; արագակար; անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր եւս:
Կարգով պահանջվող փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինելու դեպքում իրավասու մարմինը (օպերատիվ շտաբ՝ բնակարանային բաժին) կազմում է բնակարանային գործը, որից հետո այն տրամադրում է լիազոր մարմնին (ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե) էլեկտրոնային եւ (կամ) թղթային տարբերակով»։