Յունիբանկը և Պոլիտեխնիկը կնքեցին համագործակցության հուշագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը դեկտեմբերի 27-ին կնքեցին համագործակցության հուշագիր:

Հուշագրի նպատակն է երկու հաստատությունների միջև ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափ՝ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ Պոլիտեխնիկական համալսարանը կարևորում է համագործակցության մեջ գործատուների ակտիվ մասնակցությունը։ Այսօր նոր որակի համագործակցության հիմք է դրվելու և այդ համագործակցությունն ուղղված է լինելու համապատասխան կրթական ծրագրերով որակի էական փոփոխությանը, նոր ենթակառուցվածի, մասնավորապես թվային բանկային գործի որակյալ կրթության համար անհրաժեշտ լաբորատորիայի ապահովմանը, ուսանողների համար նպատակային վճարովի պրակտիկաների կազմակերպմանը, ինչպես նաև բանկի մասնագետների հետ ուսումնական պլանների ձևավորմանը, ուսումնական գործում ոլորտային ժամանակակից գրականության ապահովմանը, տարբեր մասնագիտությունների անձանց վերաորակավորմանը և կարճաժամկետ դասընթացների միջոցով բանկի կադրային կազմի համալրմանը»,- նշեց ռեկտորը։

Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ բանկն արդեն որոշակի համագործակցության նախագծեր ունեցել է համալսարանի հետ, որոնք հաջող ընթացք են ունեցել։ Ըստ նրա Պոլիտեխնիկական համալսարանը հենց այն բուհն է, որի հետ համագործակցությունը թույլ կտա բանկին սահուն անցնել դեպի թվայնացում տանող ճանապարհը։ «21-րդ դարում դասական բանկերը գնում են թվայնացման ուղղությամբ և այս համատեքստում Պոլիտեխնիկական համալսարանի հետ մեր համագործակցությունը ունենալու է իր արդյունավետությունը։ Այսօր կարիք կա ոչ միայն մասնագիտական գիտելիքների, այլև նեղ մասնագիտական վերապատրաստման դասընթացների, ինչպես սկզբնական աշխատանքի, այնպես էլ արդեն գործող աշխատակիցների կամ բուհերի շրջանավարտների համար, որոնք ուզում են նոր կոմպետենցիաներ ստանալ։ Հենց այստեղ էլ մենք համագործակցելու ենք ինչպես թեորետիկ մասում, այնպես էլ լաբորատոր մասի ստեղծման գործում, որպեսզի մասնագետները ծանոթ լինեն պրակտիկ գիտելիքների, որոնք թույլ կտան արագ ինտեգրվել բանկային կյանքին»,- նշեց Մեսրոպ Հակոբյանը։

Յունիբանկը «Թվային բանկային գործ» կրթական ծրագրով կարճաժամկետ և երկարաժամկետ որակյալ ուսուցման համար Պոլիտեխնիկական համալսարանում կստեղծի լաբորատորիա՝ հագեցած ժամանակակից թվային գործիքակազմով և լիցենզավորված ծրագրերով: Հուշագրի մեկ այլ կետի համաձայն՝ բանկը կաջակցի «Տեղեկատվական համակարգեր» կրթական ծրագրի մշակման և իրականացման գործընթացին։ Զուգահեռ կկազմակերպվեն ուսանողների պրակտիկաներ։

Նախատեսվում է նաև, որ Յունիբանկը ուսանողների համար կապահովի հանդիպումներ բիզնեսի տարբեր ոլորտներում կայացած հաջողակ գործարարների հետ, անձնական փորձը ուսանողներին ներկայացնելու նպատակով։ Թեստավորման և հարցազրույցների արդյունքում՝ լավագույն ուսանողները կապահովեն աշխատանքով:

Դեռևս 2019 թվականին Պոլիտեխնիկական մանկապարտեզը ստացավ իր առաջին մեծ նվիրատվությունը։ ՀԱՊՀ մանկապարտեզի կարիքների համար Յունիբանկը կատարեց անհատույց նվիրատվություն, համալսարանին փոխանցելով մանուկները համար նախատեսված շուրջ 90 մանկական մահճակալ, ներքնակ, ավելի քան 120 հանդերձապահարան։




Լրահոս