Արդյո՞ք ես կաշառակեր ու կոռուպցիոն դատավորներից եմ՝ ձեր նախարարի աչքերով. Վազգեն Ռշտունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկրորդ նիստն է,  ինչ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը եւ Սիրանույշ Սահակյանը փորձում են արդարադատության նախարարության ներկայացուցիչներից պարզել, թե քանի՞ հոգու վերաբերյալ է նման ուսումնասիրություն կատարվել ու դրա արդյունքներով քանի՞ հոգու նկատմամբ է կարգապահական վարույթ հարուցվել»:

Սակայն հարցերը այդպես էլ մնում են անպատասխան:

Այսօրվա նիստին Ռուբեն Մելիքյանը կրկնեց հարցը՝ վերաձևակերպելով այն: Նրան հստակ հետաքրքիր էր՝ ինչո՞ւ է շարունակ դատավորների գնահատման վարկանշային աղյուսակում առաջատար Վազգեն Ռշտունին արժանացել արդարադատության նախարարի ուշադրությանը:

Բավական տևական քննարկումից հետո այդպես էլ պարզ չեղավ, թե, ի վերջո, ինչո՞ւ են ստուգումներ սկսվել հենց Վազգեն Ռշտունու առնչությամբ:

Ռուբեն Մելիքյանի հաջորդ հարցը վերաբերում էր նրան՝ արդյո՞ք Ռշտունու կողմից վերաբաշխված նշված 10 գործերի ճակատագրի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը ուսումնասիրություն կատարել է: Ի պատասխան ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը բերեց քրեական գործերից մեկի օրինակը, երբ տարբեր օրերի նիստեր չեն կայացել, ապա նոր այն վերաբաշխվել է:

Վազգեն Ռշտունին նկատեց՝ կան գործեր, որոնք կարող են մեկ նիստով ավարտվել, կան այնպիսիք, որոնք կարող են հետաձգվել, որովհետև, օրինակ, բերված օրինակի գործով՝ 2 ամսվա ընթացքում որևէ դատավարական գործողություն չի իրականացվել, և ի՞նքը կվարեր նիստը, թե՞ մեկ այլ դատավոր, նշանակություն չուներ:

Դատավոր Վազգեն Ռշտունու մյուս ներկայացուցչի՝ Սիրանուշ Սահակյանի հարցերը Վերաքննիչ դատարանում գործերի վերաբաշխման հետևանքով պատասխանատվության պրակտիկայի մասին էին. կա՞ նման պրակտիկա, թե՞ ոչ: Այս հարցը ևս մնաց անպատասխան :

«Արդյո՞ք ես կաշառակեր ու կոռուպցիոն դատավորներից եմ՝ ձեր նախարարի աչքերով, ու դրա համար է իմ նկատմամբ այս գործընթացը»,- դիմելով արդարադատության նախարարության ներկայացուցիչներին՝ ասաց Վազգեն Ռշտունին:

Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց ,թե այստեղ իրավական գործընթաց է, և քաղաքական հայտարարություններ չի կարելի անել:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատեւ արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։

Ք.Մ.




Լրահոս