Շտաբի պետի տեղակալի դեմ հարուցված քրեական գործով եւս երեք անձի մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործով եւս երեք անձի մեղադրանք է առաջադրվել, ընդ որում՝ նրանցից մեկը կին է:

Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով ուշագրավ բացահայտումներ են եղել, որ, օրինակ, մարտի դաշտից վարչության պետերից մեկի տղային դուրս են հանել եւ տեղափոխել են ավելի անվտանգ տեղ, ասել է թե՝ փախցրել են: Հիշեցնենք, որ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը։ Մակարյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է: Հավելենք, որ այս եւ այլ քրեական գործերով Զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: Հավելենք նաեւ, որ առաջիկայում այս քրեական գործով եւս նախաքննության ավարտ կհայտարարվի:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս