Թերևս հանրությունը հիշում է դեռևս այս տարվա ապրիլին ըմբշամարտիկների բարձրացրած աղմուկն առ այն, որ մարզիկները և մարզիչները զրկվել են իրենց հատկացվող սպորտային նպաստից: Այդ ընթացքում ԿԳՄՍ նախարարության պատասխանատուները բոլոր մակարդակներով ամեն կերպ հերքում էին ըմբշամարտիկներին, ավելին օգտագործելով ԿԳՄՍՆ պաշտոնական կայք-էջերը հրապարակում էին այն գումարները, որոնք մարզիկները «իբր» ստացել էին նախորդ տարի:
Սակայն, այսօր հուլիսի 17-ին ՀՀ կառավարության նիստին ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշումը, ըստ որի գումարը պետք է ուղղվի սպորտային նպաստի տրամադրմանը: Իհարկե սահմանված նպաստը ավելի ցածր է, քան նախորդ տարում տրամադրվողը, սակայն հարցը դա չէ:
ArmLur.am-ն այս առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ ԿԳՄՍ նախարարությունից, բայց այդպես էլ մեր զանգերը մնացին անպատասխան:
Հարցն այն է, թե ինչո՞ւ էր ԿԳՄՍ նախարարությունը ամեն կերպ հերքում ըմբշամարտիկներին, եթե նրանց բարձրացրած հարցը լուծում գտավ միայն այսօր, այն էլ, մեր տեղեկությամբ, միայն Արայիկ Հարությունյանի հետ մարզիկների հանդիպումից հետո: ԿԳՄՍՆ պատասխանատուները չե՞ն տիրապետում ոլորտի խնդիրներին, թե՞ պարզապես հանցավոր անգործություն են ցուցաբերում բոլոր ոլորտներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր. ԿԳՄՍ նախարարությունում նոր կրքեր են հասունանում։ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ վաղը ժամը 16։00-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է լուրջ խոսակցություն եւ քննարկում ունենալ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ Ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ։ Բանն այն է, որ մեր մարզիկները, հատկապես Եվրոպայի վերջին մրցաշարերում ջանք չեն խնայել, որպեսզի Հայաստանի անունն ու դրոշը բարձր պահեն, բայց փոխադարձ վերաբերմունք հայկական ֆեդերացիայի, Օլիմպիական կոմիտեի և նախարարության կողմից, առհասարակ պետության կողմից չեն ստանում, բացի այդ մարզիկները ներկայանում են լուրջ մրցաշարերի ոչ պատշաճ հագուստով և պարագներով, ինչն էլ մեծ դժգոհություն է առաջացրել մարզիկների շրջանում, եւ նրանք ստիպված են իրենք բարձրաձայնել իրենց խնդիրները։
ArmLur.am-ի հրապարակումից հետո ԿԳՄՍՆ-ն որոշեց իրականությունը «թաքցրած» տեղեկությունը բացահայտել եւ պարզաբանմամբ հանդես գալ. «Ստորև հրապարակում ենք պաշտոնական որոշ տվյալներ՝ 2021 և 2022 թվականներին ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ:
Լիդա Եղիազարյան