Այսօր ArmLur.am-ը գրել էր, որ ԿԳՄՍ նախարարությունում նոր կրքեր են հասունանում։ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ վաղը ժամը 16։00-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է լուրջ խոսակցություն եւ քննարկում ունենալ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ Ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ։ Բանն այն է, որ մեր մարզիկները, հատկապես Եվրոպայի վերջին մրցաշարերում ջանք չեն խնայել, որպեսզի Հայաստանի անունն ու դրոշը բարձր պահեն, բայց փոխադարձ վերաբերմունք հայկական ֆեդերացիայի, Օլիմպիական կոմիտեի և նախարարության կողմից, առհասարակ պետության կողմից չեն ստանում, բացի այդ մարզիկները ներկայանում են լուրջ մրցաշարերի ոչ պատշաճ հագուստով և պարագներով, ինչն էլ մեծ դժգոհություն է առաջացրել մարզիկների շրջանում, եւ նրանք ստիպված են իրենք բարձրաձայնել իրենց խնդիրները։
ArmLur.am-ի հրապարակումից հետո ԿԳՄՍՆ-ն որոշեց իրականությունը «թաքցրած» տեղեկությունը բացահայտել եւ պարզաբանմամբ հանդես գալ. «Ստորև հրապարակում ենք պաշտոնական որոշ տվյալներ՝ 2021 և 2022 թվականներին ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ:
• 2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված տարբեր ծրագրերի արդյունքում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր և Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը ստացել է 14 մլն 851 հազար դրամ:
• Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարագայում այդ գումարը 2021 թվականի կտրվածքով կազմել է 14 մլն 475 հազար դրամ:
• Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը ստացել է 8 մլն 214 հազար դրամ:
• Վազգեն Թևանյանը ստացել է 5 մլն 558 հազար դրամ:
• Սլավիկ Գալստյանը ստացել է ավելի քան 5 մլն դրամ:
2022 թվականի առաջին եռամսյակում Արսեն Հարությունյանն արդեն իսկ ստացել է ավելի քան 1 մլն դրամ, Սլավիկ Գալստյանը՝ 720 հազար, իսկ Վազգեն Թևանյանը՝ 540 հազար դրամ:
Ինչ վերաբերում է ըմբիշների բարձրաձայնած մյուս՝ վնասվածքների բուժման խնդրին, ապա նշենք, որ մարզիկների բուժզննման և վնասվածքների բուժման ապահովմամբ զբաղվում է «Սպորտային բժշկության կենտրոնը», որը 2021 թվականից գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո»,֊մասմավորապես նշված է նախարարության պարզաբանման մեջ:
Սակայն պարզվում է, որ նախարարության պարզաբանումն այնքան էլ իրականության հետ որեւէ աղերս չունի։
Մարզիկները նախարարության հայտարարությունից հետո հրապարակավ հայտարարել են, որ սուտ է։
Ստացվում է, որ Հայաստանում որեւէ մեկը՝ անկախ տիտղոսից եւ դիրքից, չի գնահատվում, այդ թվում նաեւ աշխարհի չեմպիոնները։ Նկատենք, որ հենց նման վերաբերմունքի պատճառով Հայաստանի հավաքականը լքեցին աշխարհի շախտմատի չեմպիոն Լևոն Արոնյանը և ֆուտբոլի Հայաստանի միակ առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Լիդա Եղիազարյան