Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2023 թվականի հունվարի 1-ից կբարձրանա՝ 68.000 ՀՀ դրամից դառնալով 80.000 դրամ: Նման որոշում Նիկոլ Փաշինյանի կառավարութունը բոլորովին վերջերս է ընդունել, ինչից հետո մերօրյա իշխանավորները, մեկը մյուսին հերթ չտալով, գլուխ են գովում, թե 4 տարվա մեջ երկրորդ անգամ են նվազագույն աշխատավարձի չափ փոխում։
Նախորդ փոփոխությունը, հիշեցնենք, 2019-ին էր տեղի ունեցել, ինչից հետո՝ 2020-ի հունվարի 25-ին տեղի ունեցած հերթական մամուլի ասուլիսի ու «100 փաստ» ներկայացնելու ժամանակ, Փաշինյանը գլուխ էր գովացել, թե նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու փոփոխության շնորհիվ հունվարի 1-ից միջինը 20 տոկոսով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձը։
Փաշինյանը, սակայն, հաշվի չէր առել, որ դրանից առաջ՝ օրենքի ընդունման ժամանակ հենց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական Facebook-ի էջը գրել էր. «Այս որոշման շնորհիվ կբարձրանա մոտ 85 հազար մարդու աշխատավարձ»։ Կառավարության պաշտոնական Facebook-յան էջն էլ բոլորովին այլ թիվ էր հրապարակել՝ հայտնելով 187 հազար աշխատողի մասին։ Իրականում, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, օրենքի փոփոխության արդյունքում շուրջ 20 տոկոսով ավելացել էր ավելի քան 121 հազար աշխատողի աշխատավարձ։
Նվազագույն աշխատավարձի բարձրացումից բխող դրական արդյունքների մասով, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է։
ՀՀ կառավարման ակադեմիայի վեց ուսանող, որոնք մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին, հայտնվել են խնդրի առջեւ: Բանն այն է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որոշմամբ՝ ակադեմիային գումար է փոխանցվել որպես ուսման վճար այդ ուսանողների կրթությունը մագիստրատուրայում հեռավար կարգով իրականացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ գումարը հետագայում հետ է վերադարձվել պետբյուջե, քանի որ որոշման մեջ հեռավար բառը նշված չի եղել: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ մինչեւ այժմ ակադեմիան որեւէ քայլի չի դիմել՝ վրիպակն ուղղելու եւ կրկին ուսման գումարը ստանալու համար, ինչի հետեւանքով վեց ուսանողներ հայտնվել են փաստի առջեւ եւ չեն կարողացել դիպլոմ ստանալ, քանի որ նրանց վարձավճարը՝ մոտ 350 հազար դրամ, վճարված չէ: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ կառավարման ակադեմիա: Այնտեղից Հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Ելենա Գրիգորյանը ուղարկեց այն որոշումը, որով առաջնորդվում է բուհը՝ այլ մեկնաբանություն չտալով, թե ինչու է այդպիսի իրավիճակ ստեղծվել:
«Ժողովորդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Պաշտպանության նախարարությունում փակ խորհրդակցություն է եղել, որի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը բարձրացրել է կաբինետներում նստած զիվորականների մասին եւ ասել, որ այսուհետ կաբինետում նստած զինվորական չի լինելու, ու բոլորը պետք է գնան սահման: ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ պաշտոնյաներ այս փոփոխություններին զուգահեռ չեն պատրաստվում լռել եւ նախարար Պապիկյանի մոտ որոշել են բարձրաձայնել խնամի- ծանոթ-բարեկամներին նախարարությունում տեղավորելու գործընթացի մասին: Մասնավորապես՝ պաշտոնյաները Պապիկյանի հետ զրույցում պնդել են, որ նա ստուգի գրեթե բոլոր վարչությունները, որտեղ պետերն իրենց կանանց են գործի տեղավորել: Ըստ այդ լուրերի՝ օրինակ՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունում բոլորն իրենց կանանց են գործի ընդունել, ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու վարչությունում կրկին կանանց ու նաեւ քենիներին են գործի ընդունել: Ավելին՝ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի եղբորը Ռազմական ոստիկանությունում են ՌՈ պետի թիկունքի գծով տեղակալ նշանակել եւ այսպես շարունակ: «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ում «ԽԾԲ»-ի գործընթացին կանդրադառնա առաջիկայում. այն, ինչ մերժում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա իրականացնում է լայն թափով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի 20 մլն դրամի չափով: Այս մասին այսօր որոշում կկայացնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը տուգանվելու է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար: Պարզվում է, որ ՀԷՑ-ը մի շարք դեպքերում չի պահպանել սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման համար սահմանված ժամկետները, ինչն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, իսկ ընկերության ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել վերջինիս պատասխանատվության չենթարկելու համար: Օրինակ՝ 2021 թվականի 4-րդ եռամսյակի մասով՝ 235, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի մասով 308 դիմող անձանց սպառման համակարգերը հաշվետու եռամսյակի ավարտի դրությամբ միացված չեն եղել էլեկտրական ցանցին, միացվել են ավելի ուշ: Կբողոքարկի արդյոք ՀԷՑ-ը հանձնաժողովի որոշումը՝ ցույց կտա ժամանակը: