Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար սահմանված պատժամիջոցները կխստացվեն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածով՝ ճանապարհները, երկաթուղային գծանցները եւ ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելու համար սահմանված 25 հազար դրամ տուգանքի չափը կկրկնապատկվի՝ հասնելով 50 հազար դրամի: Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուները ոռոգման նպատակով օգտագործելու, երթեւեկամասի եւ կողնակների վրա կողմնակի առարկաներ թողնելու, չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալու կամ ճանապարհ մտնելու, ինժեներական շինությունների վնասման եւ աղտոտման համար միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով կնշանակվի 80 հազար դրամի չափով տուգանք, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ 40 հազար դրամ։ Բացի այս, ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության համար խոչընդոտներ ստեղծելը, այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առեւտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու, ինքնակամ ճանապարհային նշաններ, արգելապատնեշների տեղադրելը կամ ապամոնտաժելը, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկելի մասով կամ բաժանարար գոտիով անասուններ քշելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվում է տուգանքով՝ 10 հազար դրամից 20 հազար դրամի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հիսունից հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։
Իսկ նախատեսված արարքը, որն անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվում է տուգանքով՝ 20 հազար դրամից 30 հազար դրամի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։
Իսկ եթե նույն արարքը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նշենք նաեւ, որ նույն արարքը եթե անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով։
Բացի այս, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկելի մասով եւ բաժանարար գոտիով անասուններ քշելու, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելու համար կնշանակվի տուգանք՝ 10 հազար դրամի չափով։
Նշենք, որ վերջին 10 տարիներին Հայաստանում ՃՏՊ-ների հետեւանքով զոհերի թիվն աճել է. եթե 2010 թվականին այդ թիվը 294 էր… ապա 2020 թվականին այն հասել է 348-ի, իսկ 2021 թվականին՝ 367-ի։
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ արձանագրվել են ճանապարհային նշանները փակելու, հանելու, անօրինական նշաններ տեղադրելու կամ ճանապարհային նշանների գողության, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության համար խոչընդոտներ ստեղծելու բազմաթիվ դեպքեր։ Օրինապահ մարմինների կողմից բազմաթիվ դեպքեր են բացահայտվել նաեւ, երբ գողացված ճանապարհային նշանները վերջիններիս կողմից օգտագործվել են կենցաղային նպատակներով, հատկապես՝ գյուղերում։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ԿԽՍՏԱՑՎԻ
Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է քննարկման ներկայացնել հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը: Այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, որը եկել էր «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածք՝ ծանոթանալու պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
«Որոնողափրկարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ես հատուկ ուզում եմ ընդգծել փրկարարների աշխատանքի որակը եւ շնորհակալություն հայտնել նրանց: Ինչ վերաբերում է տեղի ունեցած ողբերգությանը, ապա այն շատ ցավալի է ու սթափեցնող: Վստահ եմ՝ սա կլինի առիթ մտածելու նման նյութերի պահպանման, մեր մասնավոր առիթներին հրավառություն անցկացնելու վերաբերյալ: Դեռ 2021 թվականին քննարկվել ու կառավարության կողմից հավանության էր արժանացել մի նախագիծ, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ: Նման միջոցների օգտագործումը նախագծով թույլատրվում էր միայն պետական, համայնքային տոների ժամանակ: Կա մեծ գործարար ոլորտ, որը փոխկապակցված է այս հարցին, սակայն կարծում եմ, որ այդ կոշտ որոշումը պետք է ամեն դեպքում կայացվի: Խոսել եմ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, որը համահեղինակն է այդ նախագծի, եւ ԱԺ առաջին նստաշրջանի ժամանակ հարցն արտահերթ կքննարկվի»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք բավարար չափով վերահսկողություն չի իրականացվում. չէ՞ որ տեսչական մարմինն արձանագրել էր բազմաթիվ խախտումներ՝ հրդեհային անվտանգության պահպանման հարցերի հետ կապված: Ի պատասխան լրագրողների հարցադրմանը՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ տեղում արդեն իսկ շատ մեծ ռիսկ է: Այդ պարագայում նույնիսկ լավագույն հովացման համակարգերն արդյունավետ չէին լինի:
«4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ տեղում մեծ վտանգ է ներկայացնում: Փոքր կայծը կարող է բերել նման հետեւանքների: Հարուցված է քրեական գործ, որի շրջանակում կպարզաբանվեն բոլոր հարցերը: Դրանից բացի, ես կարծում եմ, որ ինքներս պետք է կարողանանք հրավառության այս մշակույթից հրաժարվել: Պարտադիր չէ, որ մեր առիթին մասնակցեն 10 կմ հեռավորության վրա գտնվող շենքերի, տների բնակիչները. մի կողմից՝ խաթարում ենք այդ մարդկանց անդորրը, մյուս կողմից՝ տեսնում ենք, թե նման նյութերի պահպանումը ինչ հետեւանքի կարող է բերել»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Նա ընդգծեց, որ կառավարությունը պետք է անդրադառնա ինչպես այս, այնպես էլ այլ տեղերում պահվող վտանգավոր թափոնների հարցին:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է
Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն, Երեւան քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Էդուարդ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, 2009թ.-ի հունվարից մինչեւ 2019թ. հուլիսի 1-ը հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի (Բերդի առանձին բժշկական ջոկատ) հրամանատար, պաշտոնատար անձ, կոչումով բուժծառայության փոխգնդապետ, պարտավոր լինելով հոսպիտալում քաղաքացիական անձանց անվճար բուժսպասարկելուց առաջ պահպանել ՀՀ-ում գործող համապատասխան օրենսդրությամբ եւ մի շարք իրավական ակտերով նախատեսված դրույթների պահանջները, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, առանց հաստատված գնացուցակով սահմանված 200.000 դրամ գումարը գանձելու, 2019թ. հունվարի 23-ին վիրահատել է Պառավաքար գյուղի բնակիչ Անահիտ Աղաջանյանին, ապա օրենքի խախտմամբ 2019թ. հունվարի 29-ին, առանց հաստատված գնացուցակով սահմանված 180.000 դրամ գումարը գանձելու, վիրահատել է Մովսես գյուղի բնակիչ Վոլոդյա Ավալյանին, սահմանված դրույթների խախտմամբ 2019թ. հունվարի 30-ին, առանց հաստատված գնացուցակով սահմանված 150.000 ՀՀ դրամ գումարը գանձելու, վիրահատել է Նավուր գյուղի բնակիչ Ալիսա Մարդանյանին, 2019թ. փետրվարի 25-ին, առանց հաստատված գնացուցակով սահմանված 140.000 դրամ գումարը գանձելու, վիրահատել է Վազաշեն գյուղի բնակիչ Գայանե Ամիխանյանին, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել, ընդհանուր 670.000 ՀՀ դրամ գումար զինհոսպիտալի դրամարկղ չի վճարվել:
Է. Գրիգորյանը պետությանը պատճառած 670.000 դրամ գումարը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել է։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը 2019թ. հոկտեմբերի 17-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու եւ Է. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020թ. փետրվարի 21-ին որոշում է կայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու եւ նոր քննության ուղարկելու մասին:
2020թ. հունիսի 10-ին քրեական գործը ստացվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում եւ մակագրվել դատավոր Սամվել Մարդանյանին։ 2022թ. հունիսի 17-ին դատավոր Ս. Մարդանյանը վճռել է Էդուարդ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով Է. Գրիգորյանին ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Դատախազությունը բողոքարկել է այդ վճիռը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ