Համաշխարհային մեծության գիտնական Պարիս Հերունու մտքով 1987-ին, երբ շահագործման էր հանձնվում աշխարհում հավակնոտ ու բացառիկ ռադիո-օպտիկական դիտակը, դժվար թե անցներ, որ դրանից 35 տարի անց Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինտիտուտի Արագածի գիտական կենտրոնի համալիրի տարածքում պետական մարմինների թողտվությամբ մասնավոր որեւէ ընկերություն կարող է երաժշտական միջոցառում իրականացնել։
Սեպտեմբերի 10-12-ը գիտական միջավայրում «Արմատ» ՀԿ-ն երաժշտական փառատոն է անցկացնելու։ Թե իրականում ինչ է լինելու այդ փառատոնի ժամանակ, ինչ երաժշտություն է հնչելու, ինչ են վաճառելու ու պրոպագանդելու, կազմակերպիչների ներկայացրածով դժվար է հասկանալ։ Առավել տարօրինակը փառատոնի համար նախատեսված մասնակցության տոմսի վրա նշված «18+» ընդգծումն ու դիտակի հայելու մեջ լուսային շոու իրականացնելու հանգամանքներն են։
Տեղացիներն էլ ահազանգում են, որ Պարիս Հերունու չավարտված արեւային կայանից, որը պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունի, մասնատվում են երկաթյա կոնստրուկցիաներ, որոնք, ըստ ՀԿ-ի աշխատակիցների, փառատոնի ժամանակ բարի ու բեմի հենասյուներ են ծառայելու։
Թե՛ գիտնականների, թե՛ տեղացիների մտահոգությունները նաեւ տեղի հոգեւոր հովվին են մտորելու տեղիք տալիս։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Տեղերի հովվության հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանի հետ։
-Որպես տարածաշրջանի հոգեւոր հովիվ՝ վերոնշյալ փառատոնի մասով Դուք ի՞նչ անհանգստություններ ունեք, որովհետեւ գյուղացիներն ու գիտնականները մեզ հետ զրույցում նշում են՝ չի բացառվում, որ մշակութային փառատոնի անվան տակ իրականում տարատեսակ այլ բնույթի հավաքներ անցկացվեն։
-Անհանգստություն, այո, իրականում կա, ու ես էլ Ձեզ նման գյուղի ժողովրդի հետ շփումների զրույցների ժամանակ իմացա, որ Ձեր կողմից նշված ընկերությունը գիտական կենտրոնի տարածքում նախատեսում է միջոցառումներ անցկացնել։ Մինչեւ փառատոնի մեկնարկն աստղադիտարանի տարածքում, փաստորեն, արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքեր իրականացվել, ինչի շրջանակներում այստեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ժամանել։
Վերջերս, օրինակ, գիշերվա ժամին ու առավոտյան վանքի բակում տեսել եմ մեր ազգային բնութագրումներին ոչ հարիր, ոչ պատշաճ ներկայանալի տեսքով երիտասարդների: Մեր աչքի համար տարօրինակ արտաքինով այդ մարդիկ, որ հիմնականում օտարերկրացիներ են, ազատորեն շրջում են գյուղի տարածքում, ու տեղաբնակների մոտ անհանգստություն կա, որ գյուղի երիտասարդությունն ակամա այդ շրջանակների ազդեցությանը կարող է տրվել։
Ըստ թափառող զրույցների՝ այդ մարդիկ այլեւայլ հարանվանությունների, գաղափարախոսությունների կամ խմբակերի են պատկանում։ Մեր ազգին ոչ միայն հարիր չէ, այլ նաեւ մեր աչքին անսովոր է նմանատիպ հագուկապով, կեցվածքով մարդկանց տեսնել շրջապատում։ Համաշխարհային մեծության գիտնական Պարիս Հերունու ջանքերով կառուցված ու շահագործման հանձնված ռադիոօպտիկական աստղադիտակն ու հարակից տարածքը՝ այլ շինություններով հանդերձ, որը նաեւ պատմամշակութային է, եթե գիտությամբ զբաղվող ընկերության տրված լիներ, հավատացնում եմ՝ գյուղացիների մոտ նման անհանգստություն չէր լինի։
-Թե՛ Ձեր, թե՛ գյուղացիների հիմնական մտահոգությունը ո՞րն է, որովհետեւ կազմակերպիչներն էլ կարող են ասել, թե գյուղ ֆինանսական հոսքեր են բերում։
-Գյուղացու անհանգստությունն այն է, որ երիտասարդներն ու ոչ միայն, նման փառատոնների մասնակցելով, տարատեսակ հոսքերի մեջ կարող են ներգրավվել։ Օրգով համայնքը բավականին փոքր համայնք է, գյուղն իր ավանդույթներով է ապրում, իր կոլորիտը, բառ ու բանն ունի: Թե՛ գյուղացիների, թե՛ իմ մտահոգությունն այն է, որ որեւէ միջոցառում, որ կազմակերպվում է մեր հովվության տարածքում, որեւէ ձեւով չխաթարի մեր ազգային նկարագիրը, հավատքի հիմնասյունը, հայրենի արժեքների նկատմամբ ունեցած հավատն ու նվիրումը եւ տարատեսակ, բազմաբնույթ ու օտարածին գաղափարախոսություններով չմասնատի մեր օրհնյալ ազգի միասնականությունը:
-Կազմակերպիչները Ձեզ հետ չե՞ն հանդիպել, եկեղեցի չե՞ն եկել։
-Ոչ, ինձ հետ չեն հանդիպել, եկեղեցի չեն եկել։ Մի խումբ երիտասարդներ են միայն գիշերը ժամը 12-ին վանք եկել (գիշեր է լինում, որ այստեղ եմ մնում): Բավական տարօրինակ արտաքին ունեին՝ քթին ականջօղ դրած, երկար եղունգներով, մի խոսքով՝ մեր աչքին անսովոր արտաքինով էին, բայց հոգուս մեղք չվերցնեմ ու հստակ չասեմ, թե նրանք այդ միջոցառման հետ ինչ-որ կապ ունեն։
Այս առնչությամբ հանդիպել եմ խնդրով մտահոգ անձանց, զորօրինակ՝ պատմաբան, հնագետ Զոհրապ Մուղդուսյանին եւ Պարիս Հերունու դուստր Նանա Հերունուն, ինչպես նաեւ ոլորտի այլ մասնագետների. բոլորն էլ անհանգստացած են, թե գիտական միջավայրում ինչ համերգ կամ փառատոն է լինելու։ Տարօրինակ է նաեւ այն, որ նշյալ փառատոնը նախատեսված է իրականացնել այն օրերին, երբ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մեծ շուքով տոնելու է 5 տաղավար տոներից վերջինը` հայ ժողովրդի կողմից սիրված Խաչվերացի տոնը: Հարց է առաջանում` ինչու հենց այս օրը: Գիտաֆիզիկայի կենտրոնը Տեղերի Սուրբ Աստվածածին վանքից ընդամենը մի ձորակով է առանձնացված. պարզ է, չէ՞, որ համերգի ձայները ոչ միայն եկեղեցում մատուցվող պատարագի ձայնն են խլացնելու, այլեւ խանգարելու են աղոթող հավատացյալներին:
Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է նման միջոցառումներ կազմակերպելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրել ծրագիրը, նպատակները եւ պատշաճ կերպով տեղեկացնել համայնքի ղեկավարությանն ու ժողովրդին, որպեսզի մեր ժողովուրդը եւս անհանգստություն չապրի այս ծանր իրավիճակներում:
Մեր պահանջն է, որ պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հավատացյալ ժողովրդի եւ համայնքի բնականոն կյանքը, անդորրն ու ազգային արժեքների նշաձողը մնա իր բարձր մակարդակին:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Է
2022-ի սկզբից Ռուսաստանից Հայաստան է մեկնել 49 հազար մարդ։ Ռուսաստանից մարդկանց մեծ մասը մեկնել է Ուկրաինա (79.6 հազար) եւ Տաջիկստան (58.4 հազար)։ Հայաստանը երրորդ տեղում է։
2022-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից արտասահման է մեկնել 419 հազար մարդ. հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Պետական ??վիճակագրական դաշնային ծառայության (Ռոսստատ) տվյալները։ Դա երկու անգամ ավել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ երկիրը 202 հազար մարդ էր լքել։
Ընդ որում, եթե 2021-ի առաջին կիսամյակում Ռուսաստանում միգրացիայի աճ է գրանցվել, որը կազմել է 114.2 հազար մարդ, ապա այս տարվա առաջին վեց ամիսներին միգրացիայի նվազում է գրանցվել՝ 96.7 հազար մարդ։
Մասնավորապես, «Ռոսստատ»-ի տվյալներով, Ռուսաստանից ԱՊՀ երկրներ է մեկնել 368 հազար մարդ, 294 հազարը վերադարձել է։ Միգրացիոն արտահոսքը կազմել է 73 հազար մարդ՝ 2021-ի 111 հազար աճի համեմատ։ 50 հազարից մի փոքր ավել մարդ մեկնել է ոչ ԱՊՀ երկրներ, իսկ 27 հազարը վերադարձել է՝ մինուս 23 հազար մարդ՝ նախորդ տարվա 2.5 հազար աճի համեմատ։
«Ռուսաստանի Դաշնությունից մեկնածների թիվն աճել է 216.5 հազար մարդով կամ 2.1 անգամ, ինչպես ԱՊՀ անդամ երկրներ արտագաղթածների հաշվին՝ 189 հազար մարդով կամ 2.1 անգամ, այնպես էլ ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներ մեկնածների հաշվին՝ 27.6 հազար մարդով կամ 2.2 անգամ»,- նշել են գերատեսչությունում։
ԽՈՒՃՈՒՃ ԹՎԵՐ
2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 108 773։ 2021թ. հունիսի 20-ին կայացած խորհրադարանական ընտրություններում Տավուշի մարզի ընտրողների ընդհանոր թիվը կազմել է 109 հազար 690։ 2021թ. հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ընտրողների թիվը եղել 18374, 2021թ. նոյեմբերի 14-ին կայացած Իջեւան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ընտրողների թիվը եղել է 33090, 2021թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Նոյեմբերյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ընտրողների թիվը եղել է 24133։ 2022թ. սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ընտրողների թիվը 22454 է, այսինքն՝ մարզի բոլոր՝ 4 խոշոր համայնքների ավագանու ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 98051։ Ներկայացված բոլոր թվերը պաշտոնական են։ 2022թ. հուլիսի 1-ի դրությամբ, ըստ Վիճակագրության պետական կոմիտեի, Տավուշի մարզի բնակչությունը կազմել է 119 հազար 500: Վիճակագրության պետական կոմիտեն բնակչության ընդհանուր թվի մեջ 0-18 տարեկանների հաշվարկ չի կատարում, սակայն նույն այդ կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականի դրությամբ Տավուշի մարզի բնակիչության մեջ 0-19 տարեկանների թիվը 31 հազար 155 է: Որպեսզի իրավիճակի մասին ավելի ճշգրիտ պատկերացում կազմվի, նշեմ, որ Վիճակագրության պետական կոմիտեն հաշվառում է մարզի մշտական բնակչությունը, այսինքն՝ Տավուշի մարզի այն բնակիչներին, որոնք գտնվում են մարզում կամ մարզից բացակա են ոչ ավել, քան մեկ տարի եւ ավելի երկար ժամկետով, իսկ ընտրողների ցուցակում ընդգրկված են նաեւ մարզում հաշվառված, սակայն մեկ տարուց ավելի երկար ժամկետով մարզից բացակայացող քաղաքացիներ:
ԾԻԾԱՂ Է ՊԱՐԳԵՎԵԼ
Սեպտեմբերի 25-ին կկայանան Բերդ խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրությունները։ ՔՊ կուսակցության ավագանու թեկնածուների 58-հոգանոց ցուցակը գլխավորում է Բերդի միասնական սոցիալական ծառայության տնօրեն Վահրամ Սուքիասյանը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Մենք մեր գործերով, հոգատարությամբ ու քայլերով պետք է վերադարձնենք մարդկանց ժպիտը եւ մեծ հույսերով լցնենք նրանց կյանքն ապագայի նկատմամբ»։ Համացանցում արձագանքել են Վահրամ Սուքիասյանի գրառմանը՝ գրելով, որ նա արդեն ոչ թե ժպիտ, այլ ծիծաղ է պարգեւել՝ նկատի ունենալով «Ֆեյսբուք»-ի նրա էջում հրապարակված, օգտատերերի կողմից տարածված լուսանկարները։ Այդ լուսանկարներում խոշորամարմին Վ. Սուքիասյանը պատկերված է երկու գեր խոզերի հետ, մի այլ լուսանկարում նա «Հայնեկեն» ֆիրմայի գարեջրի մեծ շշով է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ