Armenian text to speach

ԲԱՑԱՌԻԿ. ՀՖՖ նախագահի դեմ բունտ է հասունացել. Փաշինյանի հետ հանդիպում է եղել` հրաժարականի են սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն ֆուտբոլային մի քանի ակումբի սեփականատերեր և ֆան ակումբի ակտիվիստներ օրերս հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իրենց դժգոհությունը հայտնել հայկական ֆուտբոլի ներկա խայտառակ վիճակի մասին։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների նրանք նշել են, որ թեև քաղաքական իշխանությունը չի խառնվում ֆուտբոլային քաղաքականությանը և քաղաքական թիմը արդեն 4 տարի է ամբողջությամբ դուրս է եկել գործկոմից, ներկա իրավիճակը լուրջ հարվածում է ֆուտբոլին և պատիվ չի բերում Հայաստանին։ Նրանք հայտնել են, որ մայիսին պատրաստվում են նախադեպը չունեցող բողոքի ալիք սկսել ֆեդերացիայի դեմ։

Մեր աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը ևս ամբողջությամբ կիսել է ակումբների մտահոգությունները. իրավիճակը պատիվ չի բերում երկրին և, որ ֆեդերացիայի ամբողջ ղեկավարությունը արժանի չէ շարունակելու իր աշխատանքը: Տեղեկանալով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ նրանք հասկացել են, որ հաշված օրեր են մնացել ՀՖՖ վերնախավին, ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներն ու ֆան շարժումները գործադիրի ղեկավարին փոխանցել են, որ չեն վնասի գործընթացին ու զերծ կմնան բողոքի որևէ գործողությունից՝ սպասելով առաջիկա հրաժարականին։

Նշվել է նաև, որ անկախ այն հանգամանքից, որ խոստացվում է մինչև 20 տարեկանների մրցաշար բերելը Հայաստան, դա ոչինչ չի փոխելու․ հրաժարականն անխուսափելի է։

Հիշեցնենք, որ ArmLur.amգրել էր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին իշխանությունները նպատակ ունեն նշանակել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս