ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 88

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2018-ից հսկայական միջոցներ ենք ծախսել բանակի վրա, այսօր պարզվում է, որ նույնիսկ այդ տված միջոցները միշտ չէ, որ գնացել, հասել են այնտեղ, որտեղ պետք է հասնեին: Իսկ ինչո՞ւ սա պետք է ներենք ինչ-որ մեկին, ինչ «պագոն» ուզում է՝ լինի ուսին, ինչ մեդալ՝ դոշին. չկա ներում այդ մարդկանց»,- սեպտեմբերի 8-ին՝ Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, նմանատիպ հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հավելել է, որ բանակից ինչ-որ մի բան գողացած ցանկացած մեկին իր անձնական թշնամին է համարելու: «Մինչեւ կյանքիս վերջ հետապնդելու եմ բոլոր հնարավոր օրինական միջոցներով: Բոլորը համաձայնել են այս պայմանին, դե թող հիմա չնեղանան, չբղավեն»,- ավելացրել է մեր երկրի փաստացի ղեկավարը:

Փաշինյանի այս հայտարարությունն ասես 2018-ի օգոստոսի 18-ին «թալանը կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու» սերիալի երկրորդ սերիան լինի, որտեղ սերիալի բոլոր չար կերպարները հերթով, կարգով, շարքով պատասխան են տալու: Հայաստանի դեպքում, սակայն,  պատասխանատվության ժամն այդպես էլ չի գալիս: Իհարկե, որեւէ մեկը չի հերքում, որ թե՛ նախկինում, թե՛ այժմ բանակից ու պետական կառավարման այլ ոլորտներից շատերն առատորեն օգտվել, թալանել ու գումարներ են լվացել, բայց մինչեւ օրս որեւէ մեկը հասցեական, կոնկրետ դատավճռով պատասխանատվության չի կանչվել, «կոպեկ առ կոպեկ» հետ չի տվել: Իրավապահ մարմինները մեկումեջ ու պարբերաբար ինչ-ինչ դեպքեր, իհարկե, բացահայտում են կամ փորձում են բացահայտել, բայց դա այդպես էլ համալիր գործընթացի չի վերածվում:

Համադրելով ՀՀ վարչապետի՝ նախկինում արած նմանատիպ հայտարարությունները՝ կարելի է ենթադրել, որ նա Վլադիվոստոկի հայ համայնքին հերթական անգամ խաբել է՝ վստահեցնելով, թե զինվորականների թալանածը հետ է բերելու: Շատ թալանչիներ Նիկոլի օրոք շարունակում են իրենց գործը ու մնում ազատության մեջ փաստացի:

 

 

 

Մեկ օրից լրանում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով 4-րդ տարին: Դեռեւս մեկ տարի առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն այժմ էլ շարունակվում է: Այս գործով երեքն էլ որպես տուժող են ճանաչվել ու հարցաքննվել: Նկատենք, սակայն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության շրջանակներում (որը դեռեւս շարունակվում է) տուժողները հարցաքննվել են 1.5 տարի առաջ, ինչը ենթադրել է տալիս, որ գործը 1.5 տարի տեղում դոփում է: Ըստ էության՝ 4 տարվա ընթացքում իրավապահներին այդպես էլ չի հաջողվել բացահայտել գաղտնալսման դեպքն ու պարզել, թե, ի վերջո, ով էր կազմակերպել, իրականացրել, այնուհետեւ հրապարակել գաղտնալսված հեռախոսազրույցը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգը տեւական ժամանակ ուսումնասիրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու փաստաթղթերն ու գործընթացը: Մեր տեղեկություններով՝ այս քայլին իրավապահ համակարգը գնացել է այն բանից հետո, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս տարվա ապրիլին Ազատության հրապարակում նստացույց էր անում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ամիսներ շարունակ իրավապահներն ուսումնասիրել են Վանեցյանի որդու՝ բանակից ազատման բոլոր փաստաթղթերն ու եկել այն համոզման, որ Արթուր Վանեցյանի որդին օրինական ճանապարհով է ազատվել ծառայությունից, այդ գործընթացում անօրինական որեւէ բան չկա: Ասել է թե՝ նախաքննական մարմինները նյութեր են փնտրել, որպեսզի մեղադրանք առաջադրեն եւ պատժեն Վանեցյանին, բայց այդ դրվագով չեն հաջողել: Հանուն արդարության՝ նշենք, որ Վանեցյանի՝ բանակում ծառայություն չանցած որդին հոր հետ կամավորական հիմունքներով Արցախ էր մեկնել 44-օրյա պատերազմի օրերին:

 

 

 

Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 135 միլիոն 396 հազար դոլար: Նկատենք, որ, նախորդ ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 231 մլն 153 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հուլիսին տրանսֆերտները, հունիս, մայիս եւ ապրիլ ամիսների համեմատ, շարունակել են նվազել: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, հուլիս ամսին կազմել է 415 մլն 842 հազար դոլար։ Այս ցուցանիշը, հունիս ամսվա համեմատ, նվազել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք Հայաստանից են գումար ուղարկում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած իրենց հարազատներին: Փաստորեն, հուլիսին 4 մլն 703 հազար դոլարի չափով նվազել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների ներհոսքն է ավելացել. եթե հունիսին այն կազմել է 35 մլն 353 հազար դոլար, ապա հուլիսին դարձել է 38 մլն 880 հազար դոլար:




Լրահոս