Օրերս «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել աշխատանքային 2-րդ խմբի հաշմանդամ, կենսաթոշակառու Վեներա Արտուշի Հակոբյանը` նշելով, որ վերջին 17 տարիների ընթացքում հարմարեցված բանալիով իր բնակարանի մուտքի դռան փականը բացելու եղանակով նույն հարթակում բնակվող Ստեփան Հովհաննիսյանն իր բնակարանից պարբերաբար գողացել է շուրջ 25 կգ ընդհանուր քաշով արծաթյա իրեր, ճենապակյա սպասք, սպիտակեղեն եւ անկողնային պարագաներ` իրեն պատճառելով 5 միլիոն դրամի գույքային վնաս: Նրա միակ պահանջն է իր բնակարանից պարբերաբար գողություն կատարած անձին ենթարկել քրեական պատասխանատվության:
Վեներա Հակոբյանը տեղեկացրեց, որ 2009թ. ապրիլի 5-ին դիմել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ- Զեյթունի բաժին: 2009թ-ի մայիսի 7-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ավագ հետաքննիչ, ոստիկանության մայոր Ա.Ղալեչյանը, վերանայելով վերջինիս հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը, որոշում է կայացրել մերժել ՀՀ քրեական դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Քննիչը պարզաբանել է, որ կատարված հետաքննությունը ցույց է տվել, որ Վեներա Հակոբյանը միայնակ է բնակվում եւ շրջապատի կողմից բնութագրվում է որպես տարօրինակ ու կասկածամիտ անձնավորություն: Դեպքի վայրի զննության ընթացքում առգրավվել են բնակարանի մուտքի 2 դռների փականները, որոնցով նշանակվել է հետքաբանական փորձաքննություն: Համաձայն փորձագետի թիվ 295 եզրակացության` Վ.Հակոբյանի բնակարանի մուտքի երկու դռների փականները սարքին են, եւ փականների արտաքին եւ ներքին մակերեսին օտար մարմնի գործադրման հետքեր չեն հայտնաբերվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է նաեւ դատահոգեբուժական փորձաքննություն: Համաձայն փորձագետի թիվ 93/09 բժշկական եզրակացության` Վեներա Հակոբյանը հաղորդում տալու պահին եւ ներկայումս տառապում է ծերունական փսիխոզ հոգեկան հիվանդությամբ: Սակայն ըստ Վ.Հակոբյանի` ինքը մերժում ստանալուց հետո երեք անգամ` 17.02.2010թ., 28.06.2010թ. եւ 03.02.2011թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` տեղեկացնելով «ոստիկանների անմարդկային գործողություների մասին», սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացել: «Ժողովուրդ»-ին դիմած տիկինը նշեց, որ նույնաբովանդակ նամակ է ուղարկել նաեւ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ նախագահ, ստիպված եմ Ձեզ դիմում, քանի որ իրավական համակարգը շրջանցում է գործող օրենքները` չբացահայտելով իմ նկատմամբ կատարված հանցագործությունը»:
Անաչառության սկզբունքից ելնելով` թերթը դիմեց նաեւ տիկին Վեներայի հարեւաններին` պարզելու, թե ինչպիսի անձնավորություն է վերջինս: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հարեւանները նշեցին, որ տիկին Վեներան` որպես հարեւան, թողնում է լավ մարդու տպավորություն: Իսկ դեպքի հետ կապված էլ նկատեցին, որ նրա պահվածքից կարելի է ենթադրել, թե նա խելառ է, անիմաստ զրպարտում է մարդկանց եւ տառապում է ծերունական փսիխոզով:
Իսկ տիկնոջ կողմից գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովհաննիսյանի հայրը` Մխիթար Հովհաննիսյանն էլ ասաց. «Դա գիժ ա, պառկել ա հոգեբուժարան, ի՞նչ ա ուզում մեր ընտանիքից, կերավ մեր կյանքը: Նա զրպարտում ա մեր ընտանիքին»:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ԲԱՆԱԼԻՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ