Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նախաձեռնել է բողոքի ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակների դիմաց: Ստեփանյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Հաշվի առնելով Արցախի քառօրյա ամբողջական շրջափակումը և գազամատակարարման անջատումը Ադրբեջանի կողմից և դրանով պայմանավորված հումանիտար աղետը Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը՝
այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց, հետևյալ ժամանակացույցով՝
14:00 ԱՄՆ դեսպանատուն
14:30 Չինաստանի դեսպանատուն
15:30 ԵՄ պատվիրակություն
16:30 Ֆրանսիայի դեսպանատուն
17:00 ՌԴ դեսպանատուն
Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։
Ես լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակը Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։
Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։
Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին և մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը,- գրել է Գեղամ Ստեփանյանը: