ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովը քննարկում է Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

 

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Փաթեթով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն: Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:

«Սա պարզապես հերթական նախարարության ստեղծումը չէ: Բովանդակային առումով սա ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության, ինչպես նաեւ քաղաքացիական վերահսկողության իրականացում»,- ասաց Սարգսյանը: Ոստիկանությունն այժմ չունի իր համար քաղաքականության մշակման համար պատասխանատու սուբյեկտ, եւ, ըստ այդմ, ինքնակատարելագործման ճանապարհով է գնում: Սակայն փոխնախարարը շեշտեց՝ պետք է տարանջատվեն քաղաքականության մշակման եւ քաղաքականության իրականացման ֆունկցիաները:  Ըստ նրա՝ քաղաքացիական նախարարության ստեղծման առավելությունն այն կլինի, որ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների պատասխանատու կլինի՝ ի դեմս ՆԳՆ-ի, կլինի նաեւ ոլորտի քաղաքական պատասխանատու՝ ի դեմս ներքին գործերի նախարարի: Իսկ ոստիկանությունը՝ ոստիկանապետի մակարդակով, պատասխանատու կլինի այս ծառայության ամենօրյա գործունեության համար:

Փոխնախարարը նաեւ աղետների ու ռիսկերի ընդհանուր տրամաբանության մեջ կարեւորեց մեկ կետից կառավարում ու մեկ կետից քաղաքականության մշակում ունենալը: «Իսկ այդ 3 կառույցներն, ըստ էության, հենց առօրեական մակարդակում բախվում են տարբեր ճգնաժամային իրավիճակների, եւ, հետեւաբար, տրամաբանական է մեկ նախարարության ներքո ունենալ այս բոլոր ոլորտների քաղաքականության մշակումը»,-նշեց Սարգսյանը:

Նախարարության ենթակայության ներքո լինելու է առանձին ակադեմիա, որը պատասխանատու կլինի կադրերի որակի համար, կիրականացնի համապատասխան ուսուցումը:

«Այս բարեփոխումները չպետք է երբեք ընկալել որպես աշխատողների նկատմամբ պատիժ: Սա պետք է ընկալվի որպես նոր շանս՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումները նոր հունով շարունակելու եւ մեր քաղաքացիներին ոստիկանության, փրկարար ծառայության եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության օրինակով հանրային ավելի արդյունավետ ծառայություն մատուցելու կոնտեքստում»,-ասաց փոխնախարարը:

Պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե  այս երեք ծառայությունների մեկտեղումն ինչ ժամանակացույցով է տեղի ունենալու: Սարգսյանը վստահեցրեց, որ ժամանակացույցը մշակելիս առաջնորդվել են այն կանխավարկածով, որ անգամ 1 րոպե ծառայության մատուցման կանգ չպետք է լինի հանրության համար: «Մենք շատ կարճ ժամանակ՝ շուրջ 4 ամիս,  կունենանք 13 նախարարություն, այսինքն ՝ դեռեւս շուրջ 4 ամիս Արտակարգ իրավիճակների նախարարությունը կշարունակի գործել, մինչեւ ՆԳՆ-ում համապատասխան կադրային նշանակումները կիրականացվեն, եւ նախարարությունն ի զորու կլինի իրականացնել այդ ֆունկցիաները: Հենց ավարտվի այդ ժամանակահատվածը, ավտոմատ այդ ֆունկցիոնալ բազան կտեղափոխվի ՆԳՆ, ու նախարարությունը կիրականացնի այդ ֆունկցիաները»,-եզրափակեց փոխնախարարը:

 

 

 

 

ՏԱՐԻ ԵՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է տարեվերջյան հավաքն անցկացնել Ջերմուկում: Այդ նպատակով վարչության անդամները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 17-ին գնալու են Ջերմուկ եւ այնտեղ հավաքներ անցկացնեն:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպումների ժամանակ ամփոփվելու է 2022 թվականը, բացթողումներն ու ձեռքբերումները, եւ անդրադարձ է կատարվելու նաեւ հաջորդ տարվա անելիքներին: Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ականների կողմից Ջերմուկ մեկնելը կոնկրետ նպատակ է հետապնդում, եւ որոշում են կայացրել այդ քաղաքն ընտրել որպես հավաքի վայր, քանի որ սեպտեմբերին եւ դրանից հետո ադրբեջանական կողմի գործողություններից ամենից շատ տուժել է  հենց այս քաղաքը:

Նշենք, որ, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, իշխանականների հավաքը կանցկացվի «Հայաթ» հյուրանոցում:

 

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՍՏԵՂԾՎԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարի քննությունն անհապաղ կազմակերպելու եւ վարելու նպատակով հանձնաժողով կստեղծվի:

Հիշեցնենք, որ վերոնշյալ պատահարը տեղի էր ունեցել Կոտայքի մարզի Ջրաբեր համայնքի տարածքում: Ավիացիոն վթարի հետեւանքով BeechCraft 95-B55 մասնավոր ինքնաթիռն էր կործանվել: Օդանավի 2 օդաչուները՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ալեքսեյ Պռոցենկոն եւ Վիտալիյ Ռոգատկինը, զոհվել էին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ինքնաթիռի վթարի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը կնախագահի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Արտակարգ իրավիճակների նախագահ Արմեն Փամբուխչյանը հանձնաժողովի փոխնախագահը կլինի: Հանձնաժողովի կազմում կներգրավվեն նաեւ առողջապահության եւ պաշտպանության նախարարների տեղակալները, ինչպես նաեւ ԱԱԾ ու ոստիկանության պետերի տեղակալներն ու այլք:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՆՀԱՎԱՍԱՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ

Նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից կդառնա 75 հազար դրամ՝ նախկին 68 հազար դրամի փոխարեն։ ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 7-ին  երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի փոփոխությունը։ Այս օրենսդրական փոփոխությունը կբարձրացնի շատերի աշխատավարձը, սակայն շատերի ռոճիկն էլ անփոփոխ կմնա։ Տավուշի մարզում խանութներ կան, որտեղ վաճառողները նույնիսկ շաբաթ օրն էլ են աշխատում, սակայն ստանում են նվազագույնից ցածր՝ 50-60 հազար դրամ աշխատավարձ։ Այդ աշխատողների մի մասը գրանցված է որպես աշխատող, մի մասն էլ առանց գրանցումի է աշխատում, գործատուն նրանց համար եկամտահարկ չի մուծում, ուստի նրանց աշխատած ժամանակը չի կարող համարվել աշխատանքային ստաժ։  Տավուշի մարզի գյուղերի  փոքր դպրոցներում որոշ  ուսուցիչներ,  քիչ դասաժամեր ունենալով, ստանում են նվազագույնից ցածր աշխատավարձ այն դեպքում, որ այդ դպրոցի հավաքարարը ստանում է նվազագույն՝ 68 հազար դրամ աշխատավարձ։

 

 

 

ՋՐԱԳԻԾԸ  ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է

1976-1980 թվականներին կառուցվեց 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ Ջողազի ջրամբարը, որի  ջրերով ոռոգվում էին  Նոյեմբերյանի եւ Իջեւանի  շրջանների հազարավոր հեկտար այգիներ եւ վարելահողեր։ 1990թվականի ամռանը հայ-ադրբեջանական  հակամարտության պատճառով Ջողազի ջրամբարից սնվող պոմպակայանը դադարեց գործել, որից հետո  ադրբեջանցիները թալանեցին իրենց տարածքով ձգվող ոռոգման խողովակաշարը։ Այժմ սուբվեցիոն ծրագրով հայ-ադրբեջանական փաստացի սահման հանդիսացող  Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվող՝ Իջեւան խոշոր համայնքի  Բերքաբեր գյուղում ոռոգման ջրագիծ է կառուցվում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 229 միլիոն դրամ։ Նոր պոմպակայանը, բաշխիչ ցանցը, գործարկվելիք  խողովակաշարը  կապահովեն  վայրկյանում 90 լիտր ոռոգման ջուր։ 2023 թվականի  գարնանը՝ ոռոգման  նոր սեզոնի մեկնարկին,  Բերքաբերում ոռոգման նոր ջրագիծը կգործարկվի։

 

 

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ

Տավուշի մարզպետարան էլեկտրոնային փոստով «Ժողովուրդ»  օրաթերթի խմբագրության անունից հարցում էի ուղարկել, սակայն մարզպետարանից հայտնեցին, որ  մարզպետարանի քարտուղարության էլեկտրոնային հասցեներն արդեն 3 շաբաթ չեն գործում։ Այդ էլեկտրոնային հասցեները պատկանում են միասնական տեղեկատվական կենտրոնին եւ սկսվում են mta տառերով։ Պետական ապարատը Հայաստանի պետական բյուջեից միլիոնավոր դրամներ պարգեւավճարներ է  ստանում, պետական հիմնարկների էլեկտրոնային հասցեները ինչո՞ւ  գործող վիճակում չեն պահում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս