Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն. օր 335-րդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արդեն 335-րդ օրն է՝ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները շարունակվում են: Երկու կողմերն էլ կրկին մանրամասներ են ներկայացնում ծավալված գործողությունների ընթացքից: Ըստ հաղորդագրության, վերջին մեկ օրվա ընթացքում Դոնեցկի ուղղությամբ ռուսական գրոհային ստորաբաժանումների կամավորներն իրենց վերահսկողության տակ են վերցրել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության Կրասնոպոլյե բնակավայրը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին հաղորդել է, որ ռուսական ուժերը գնդակոծել են Խարկովի, Դոնեցկի և Զապորոժիեի մարզերը, շարունակվում են հարձակումները Բախմուտի, Ավդեևկայի և այլ ուղղություններով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձի ժամանակ հայտարարել է ռուսաստանցի 22 հոգևորականների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք, Զելենսկիի խոսքով, «հոգևորականության քողի տակ աջակցում են ահաբեկչությանը և ցեղասպան քաղաքականությանը»:

Երեկ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը խոսել էր ռուս-ուկրաինական հնարավոր բանակցությունների մասին: «Այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար պայմաններ գոյություն չունեն՝ ոչ դե-ֆակտո և ոչ էլ դե-յուրե: Գիտենք այն իրավական հիմնավորումների մասին, որոնք ներկայացնում է ուկրաինական վարչակազմը՝ բացատրելով բանակցությունների անհնարինությունը։ Այդ իսկ պատճառով այժմ կարելի է փաստացի ընդունել՝ բանակցությունների համար որևէ պայման գոյություն չունի», – հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Իսկ հունվարի 22-ին ռուս զինվորականները հարձակողական գործողություններ են իրականացրել Զապորոժիեի ուղղությամբ և այնտեղ շահեկան դիրքեր ու սահմաններ են զբաղեցրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանական նախարարությունը։

Նշվում է, որ մեկ օրում այդ ուղղությամբ ոչնչացվել են մինչև 85 ուկրաինացի զինծառայողներ, մեկ հետևակի մարտական մեքենա, երկու մարտական զրահապատ մեքենա, մեկ պիկապ, երկու Դ-20 հաուբից՝ Զապորոժիեի մարզի Ստեպնոգորսկ և ԴԺՀ-ի Պրեչիստովկա բնակավայրերի շրջաններում:
Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս