Ռուսաստանի իշխանությունները մտադիր չեն դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում ներկայիս շփման գծում։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստվում է «ավելի կոշտ» մեթոդներով շարունակել պատերազմը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը չի համաձայնի պարզապես կանգ առնել շփման գծում և ռազմական գործողությունները կդադարեցնի միայն երկարաժամկետ և կայուն կարգավորման դեպքում։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է հարվածներ հասցնել այն ենթակառուցվածքներին, որոնք, իր գնահատմամբ, աջակցում են Ուկրաինայի ռազմական կարողություններին։
Լավրովը նշել է նաև, որ Ռուսաստանում մարդիկ տուժում և զոհվում են ահաբեկչական գործողությունների հետևանքով՝ դա կապելով պետության պատմական պատասխանատվության հետ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպատասխանի արևմտյան երկրների կողմից ռուսական առևտրային նավերի հնարավոր առգրավմանը՝ այդ թվում նաև Խաղաղ օվկիանոսում։




























