ՊԵԿ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ԿԱՇԱՌՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների կողմից փոխգործակցության ձեւաչափով իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք, իրենց իշխանական եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի նկատմամբ թողտվություն դրսեւորելու եւ նրա օգտին ապօրինի գործողություն կատարելու համար որոշ դեպքերում՝ անձամբ, որոշ դեպքերում՝ ՀՀ ՊԵԿ այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, որոշ դեպքերում տարբեր անձանց օժանդակությամբ Հայաստանի Հանրապետություն տարատեսակ ապրանքներ ներկրող տնտեսվարողներից կամ նրանց անունից հանդես եկած մաքսային միջնորդական կամ բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներից ներկրված տարատեսակ ապրանքների իրական ծավալները, քաշը, ծագման երկիրը ներկայացված հայտարարագրերում թաքցնելու եւ մաքսազերծման համար այլ անհրաժեշտ տվյալները խեղաթյուրելու պայմաններում հիշյալ խախտումները չարձանագրելու, համապատասխան միջոցներ չձեռնարկելու եւ մաքսային բեռների անխոչընդոտ բաց թողնելը կազմակերպելու համար 2022 թվականի նոյեմբերից մինչեւ 2023 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ անձանցից պահանջել ու ՀՀ դրամով կամ արտարժույթով ստացել են տարբեր չափերով, այդ թվում՝ խոշոր չափերով կաշառք-գումարներ:

 

Բացի դրանից, պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բարձրաստիճան պաշտոնատար անձը, իր իշխանական եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով, ՊԵԿ պաշտոնատար անձի նկատմամբ թողտվություն դրսեւորելու, այն է՝ ներկրմամբ զբաղվող տարբեր տնտեսվարողների կողմից վերը նկարագրված չարաշահումները թույլ տալու պայմաններում համապատասխան միջոցներ չձեռնարկելու, փոխարենը ապրանքների անխոչընդոտ բացթողումն իրականացնելու դիմաց կաշառք-գումարներ ստանալու հանցանքներում պաշտոնատար անձին չմերկացնելու, այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար 2022 թվականի նոյեմբերին վերջինից պահանջել եւ ստացել է կաշառք-գումար:

Դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են շուրջ երեք տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել են հանցանքների կատարմանը վերը նշված անձանց առնչությունը վկայող տվյալներ, ինչպես նաեւ ապօրինի պահվող հրազեններ, որոնց դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են սույն քրեական վարույթին:

Նախաքննության ընթացքում, հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված պաշտոնատար եւ այլ անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

 

 

 

Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` ռազմական ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով հիվանդանոցում գտնվող սպայի նկատմամբ: Իրավապահ համակարգն այս որոշման է եկել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ, ըստ նախնական վարկածի, սպան բենզինով փորձել է թեժացնել կրակը, որից հետո հրդեհ է բռնկվել, եւ 15 զինծառայող այրվել են: Իրավապահ համակարգը չի բացառել, որ միգուցե փորձեն հաշվեհարդար տեսնել սպայի հետ, ուստի, անվտանգությունից ելնելով, խիստ հսկողություն է սահմանվել սպայի հիվանդասենյակի մոտ:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով կա 15 զոհ, 7 վիրավոր: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշենք, որ ողբերգական դեպքից հետո ՊՆ-ում մի շարք պաշտոնատար անձիք ազատվեցին պաշտոնից. ըստ էության, քաղաքական իշխանությունն իր անգործության մեղքը բարդեց հրամանատարների վրա՝ ազատելով նրանց պաշտոնից:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննական մարմինը,  ամենայն հավանականությամբ, մեղադրանք կառաջադրի զորամասի պաշտոնատար անձանցից մեկին, որը եղել է զորամասի հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասով պատասխանատուն, իսկ թե կոնկրետ ով է նա, այս պահին նախաքննությանը չվնասելու համար վերջինիս տվյալները չենք ներկայացնում:

Հիշեցնենք, որ 2023թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետեւանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքից հետո պաշտոնից ազատվեցին 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի եւ ԿՇԾ գծով, թիկունքի պետ, գնդապետ Շիրազ Խաչատրյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԼՈՒՐՋ ԲԱՑԹՈՂՈՒՄ

Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո երեք զինվոր տեղափոխվել էր Երեւան՝ Այրվածքաբանության կենտրոն: ArmLur.am-ը,  հենց առաջինը հրապարակած լինելով, թե ինչ է պատմել վիրավոր զինվորներից մեկն իրավապահներին, բնականաբար ցանկություն եւ նպատակ է ունեցել նաեւ նրանց հետ անձամբ հանդիպել եւ զրուցել:

Հենց այդ նպատակով ArmLur.am-ը կապ էր հաստատվել Այրվածքաբանության կենտրոնի հետ, սակայն մեզ փոխանցել էին, թե նկարահանումներն արգելված են:  Սակայն երեկ լրատվամիջոցներն ականատես եղան իրավիճակի, երբ լրատվամիջոցներից մեկին հաջողվել էր կենտրոնում նկարահանում անել վիրավոր զինվորներից մեկի հետ:

Այսքանից հետո բնականաբար հարց է առաջանում, թե ինչպես է մի լրատվամիջոցի հաջողվել գնալ  եւ նկարել, իսկ մյուսներին՝ ոչ:  Սա հենց համակարգի բացթողումն է. եթե նկարահանումն արգելված է եղել եւ իրականացվել է գաղտնի, ինչու տարածքում հետեւողներ չեն եղել, ինչու չեն հսկել հիվանդասենյակներ մուտք ու ելքը: Նույն կերպ կարող էր լրատվամիջոցի փոխարեն այլ անձ մտնել զինվորի սենյակ եւ բոլորովին վատ նպատակներով: Իսկ նրանց պետք է հսկող լիներ եւ սա հենց համակարգի բացթողումներից է:

Այսինքն, Այրվածքաբանության կենտրոնում անգամ չեն կարողանում ապահովել վիրավոր զինվորների անվտանգությունը եւ եթե արգելում են նկարահանում,  կարողանան հսկել բոլորին:

 

 

 

ԱԶԱՏՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»:

Մեկ այլ հրամանագրով Սամվել Մովսիսիյանը նշանակվել  է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ.

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե որն է  է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանի պաշտոնից ազատման պատճառը: ArmLur.am-ի տեղեկություններով լրացել է Մարտիկյանի պայամնագրի ժամկետը եւ այս ազատումը որեւէ առնչություն չունի զինվորների ողբերգական մահվան դեպքի հետ:

 




Լրահոս