ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս, երբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանի հետ, վերջինս ասաց, թե հիվանդ է եւ եթե կարողանա, կպատասխանի մեր հարցին: Սակայն պարզվում է, որ զինվորական պաշտոնյան ոչ թե հիվանդ է, այլ քեֆ-ուրախություններից հետո չի կարողանում սթափվել:
Մենք չէինք անդրադառնա այս թեմային, եթե մեր աղբյուրները չտեղեկացնեին, որ Արամ Տեր-Սահակյանով ամբողջ պաշտպանության նախարարությունն է հետաքրքրված: Նա անգամ նկատողության է արժանացել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` արդեն երկու օր է` Տեր-Սահակյանն աշխատանքի չի գնում, ինչի մասին, սակայն, ղեկավարությանը  տեղյակ չի պահել: Երբ նախարարության ներկայացուցիչներն այցելել են ՊՆ ռազմական ոստիկանության պետին, տեսել են, որ նրա աշխատասենյակի եւ ընդունարանի դռները փակ են: Նախարարությունում քննարկվել է, որ Տեր-Սահակյանը ձախողում է ոլորտը:
Երեկ այդ տեղեկությունը փորձեցինք ճշտել հենց Արամ Տեր-Սահակյանից, ով հավաստիացրեց, թե այդ տեղեկատվությունն անլուրջ է: Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքն աշխատանքի չի գնացել հիվանդության պատճառով: Ի պատասխան` Տեր-Սահակյանը նշեց, որ ինքն  ընդամենը մեկ օր չի գնացել աշխատանքի եւ այն էլ իսկապես հիվանդության պատճառով:
Ինչ վերաբերում է ՊՆ աշխատակիցների անակնկալ այցին, որի ընթացքում Տեր-Սահակյանի աշխատասենյակը փակ է եղել, ապա այդ մասին  մեր հարցին ՌՈ պետը հետեւյալ կերպ արձագանքեց. «Այդ ի՞նչ պրովոկացիա է, ես դա առաջին անգամ լսում եմ ձեզանից»: Նա նաեւ հերքեց իր` օրեր շարունակ քեֆ-ուրախությունների մասնակցելուց հետո սթափվել չկարողանալը եւ այդ պատճառով աշխատանքի չգնալը: «Ձեր տեղեկություններն ընդհանրապես անլուրջ տեղեկություններ են եւ սխալ»,-վստահեցրեց զինվորականը` միեւնույն ժամանակ փորձելով ճշտել, թե ով է մեզ տրամադրել այդ «սխալ» տեղեկությունները: «Ի՞նչ է նշանակում` եկել են` դուռը փակ ա կամ մարդ չի եղել: Կարգ գոյություն ունի, ինչպե՞ս կարելի է աշխատանքի չգնալ եւ ղեկավարությանը տեղյակ չպահել»,-եզրափակեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը, որի ձայնը փոքր-ինչ կտրված էր:
Հուսանք, որ ամեն ինչ այնպես է, ինչպես նկարագրեց Տեր-Սահակյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս