Armenian text to speach

Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի նկատմամբ վերջին օրերին՝ COP-17-ի ընթացքում, ճնշումներ են գործադրվել։

Ճնշումները պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ Մարիամ Ավագյանը ներկայացնում է Բաքվի և Սումգայիթի ջարդերից տեղահանված հայության միավորումը։ Իշխանությունը մտահոգված է եղել, որ COP-17-ի ընթացքում նա կբարձրաձայնի այդ խնդիրների մասին։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդպես էլ եղել է․ Մարիամ Ավագյանն իր ելույթներում անդրադարձել է ոչ միայն Բաքվի և Սումգայիթի ջարդերի հետևանքով տեղահանված հայության խնդիրներին, այլև հանգամանորեն ներկայացրել է արցախցիների խնդիրները, Արցախի շրջափակումը և կարևորել արցախցիների հավաքական վերադարձը։

Նույն աղբյուրների հավաստմամբ՝ Meridian Expo կենտրոնում ՔՊ-ականները խուսափել են Մարիամ Ավագյանի հետ դեմ առ դեմ հանդիպելուց։

«Ժողովուրդ»-ը փորձել է հենց Մարիամ Ավագյանից պարզել՝ արդյոք նրա նկատմամբ ճնշումներ եղել են, թե ոչ։ Վերջինս ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է տեղեկությունը։ Փոխարենը նշել է, որ COP-17-ի ընթացքում ունեցել է 7 ելույթ, որոնց ժամանակ հանգամանորեն անդրադարձել է արցախցիների խնդիրներին, նրանց հավաքական վերադարձին և ներկայացրել շրջափակման ընթացքում արցախցիների կրած դժվարությունները։

Մարիամ Ավագյանը մեզ հետ զրույցում նաև նշել է, որ COP-երը ստեղծման օրվանից կարևորել են տեղաբնիկ ժողովուրդների ավանդույթները, մշակույթը և, առհասարակ, այդ ամենի պահպանումն ու կիրառումը հայրենի հողում՝ որպես տեղաբնիկ։

Մարիամ Ավագյանի խոսքով՝ ՄԱԿ-ն այս առումով պատշաճ չի գործում, և տեղաբնիկները պետք է պայքարեն՝ շոշափելի արդյունքների հասնելու համար։

Մեր զրուցակիցը նաև նշել է, որ արցախցիների թեման հետաքրքրել է միջազգային ներկայացուցիչներին։ Նրանք մոտեցել են, հետաքրքրվել, հարցեր տվել, սրտիկներ ուղարկել, փոխանակվել կոնտակտներով և ջերմ զրույց ունեցել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Մամուլի Տեսություն

Լրահոս