Երեկ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն անցավ շատ լարված մթնոլորտում, որի հեղինակները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին եւ հատկապես Արթուր Հովհաննիսյանը: Իսկ ո՞վ է նա եւ ինչպե՞ս երեկ աչքի ընկավ: Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է: Եվ, ահա, ապօրինի թմրաշրջանառության հետ կապված գործի շրջանակներում ոստիկանություն տարված Արթուր Հովհաննիսյանը երեկ նիստում խուլիգանական պահվածք դրսեւորեց, խոսեց սպառնալից կերպով, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա հանձնաժողով էր առաքվել հենց այդ նպատակով: Ահա մի քանի դրվագներ. «Դուք ինձ լավ անելուց չեք տեսել», «Սրան ռադ արեք, թող գնա ստեղից», «Համը չհանես, խելոք նստի, ելույթդ կարդա», «Լեզուն կկտրեմ, ով կհամարձակվի անվանարկել մեր ժողովրդին»: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նրա այս պահվածը հիշեցնում է, օրինակ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին, Վարդան Այվազյանին, Ռուբեն Հայրապետյանին, Մանվել Գրիգորյանին եւ մյուսներին, որոնց ժամանակին քննադատում էր նաեւ լրագրող Արթուր Հովհաննիսյանը, որն իր հերթին նոր անդաստիարակություն է դրսեւորել, եւ այս փաստը պետք է անհետեւանք չմնա:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ԱԺ-ում ձեւավորված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով էր այցելել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Մենք տեղեկացանք, որ նա Ազգային ժողովում է եղել ժամը 11-ից, եւ նիստը տեւել է մինչեւ 16։00-ն։ Մենք տեղեկացանք, որ նրան պատգամավորները տարբեր հարցեր են ուղղել, թե որպես դիվանագիտություն նախկիններից ինչ է ստացած եղել, եւ արդյոք դիվանագիտության մեջ եղել են այնպիսի սխալներ, որոնք կարող էին ունենալ վատ հետեւանքներ։ Հարց է հնչել՝ արտաքին դիվանագիտության ոլորտում արդյոք ինչ բացթողումներ կամ քայլեր են եղել, որոնք կարող էին նպաստել պատերազմին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն ամեն շաբաթ այս հանձնաժողովը նոր մարդկանց է կանչելու տարբեր հարցադրումներ անելու համար, այսինքն՝ ինտենսիվ փուլ է սկսվել, եւ ցանկանում են շաբաթը գոնե երկու մարդ հրավիրել հանձնաժողով, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեն։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդության հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարացրել է գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի կալանքի ժամկետը: Նշենք, որ ԱԱԾ-Ն նրան կալանավորել է հունվարի 23-ին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում՝ անպիտան հրթիռների գործով, որն արդեն քննվում է Հակակոռուպցիոն դատարանում: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Երեւանի քաղաքապետարանում կայանալիք արտահերթ նիստն իրականում տեղի չի ունենա: Խոսքն այն նիստի մասին է, որտեղ, իբր թե, պետք է ընտրեին Երեւանի նոր քաղաքապետին: Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գնալ այլ ճանապարհով: Մեր տեղեկություններով՝ որոշում է առկա, որ ավագանու անդամները չեն գնա, չեն գրանցվի նիստին եւ, հետեւաբար, նաեւ քվորում չեն ապահովի: Այդ նիստի ժամանակ Լեւոն Հովհաննիսյանը, որը հիմա կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ նախագահում նաեւ ավագանու նիստերը, կհայտարարի քվորման բացակայության մասին, եւ ընտրությունները կչեղարկվեն: Արդյունքում կունենանք մի իրավիճակ, երբ Լեւոն Հովհաննիսյանը կմնա ու կղեկավարի այնքան ժամանակ, մինչեւ տեղի կունենան Երեւանի ավագանու հերթական նիստերը: ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն ասում են, որ այս պահի դրությամբ իշխանական վերնախավում որոշված է, որ այդ ընտրություններն արտահերթ կերպով չեն լինի, այլ կօգտագործեն այս ընթացքում առկա ժամանակը, որպեսզի լավ աշխատեն եւ սեպտեմբերին կարողանան մասնակցել ընտրություններին՝ Տիգրան Ավինյանի դեմքով: Սա է իշխանությունների այս պահի ծրագիրը: