ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ՝ ՀԻՆ «ՎԻԼԻՍ»-ՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մեկ ամիս առաջ՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ,  ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել էր. «Դատապարտյալների ապահով եւ անվտանգ տեղափոխման համար 10 նոր «Ֆորդ տրանզիտ» մեքենա ենք ձեռք բերել, նախկին՝ ահավոր վիճակում գտնվող «Ուազիկները» վերացրել ենք, փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով»: Նախարարի այս հայտարարությունից անցել է մեկ ամիս, սակայն դատապարտյալների կյանքում ոչինչ չի փոխվել։

Ապրիլի 25-ին  «Ժողովուրդ» օրաթերթը Հակակոռուպցիոն  դատարանում  արձանագրեց, որ ՊՆ նախկին  նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուս պաշտոնատար անձանց գործով դատական նիստի օրը «Վիլիս» մակնիշի 4-տեղանոց ավտոմեքենայի մեջ 5  նախկին պաշտոնյաներին մի կերպ խցկել էին ու ԱԱԾ մեկուսարանից բերել դատարան:

«Վիլիսի» մեջ էին ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Զու գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՊՆ նախկին պաշտոնյա Ավետիք Մուրադյանը, գործարար Դավիթ Գալստյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:

Ավտոմեքենայի հետ կապված խնդրով պայմանավորված՝ անգամ դատական նիստը  մեկ ժամով վերոնշյալ պաշտոնյաների մասով հետաձգվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ օրը նախկին պաշտոնյաներին տեղափոխող «Վիլիս»-ը փչացել  էր:

Այս խնդրի առնչությամբ մեկնաբանության համար դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ եղան նախարարի խոստացած «Ֆորդ տրանզիտ»՝ կոնդիցիոներով ավտոմեքենաները: Ի պատասխան մեր  հարցմանը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին՝ առաջիկայում ազատազրկված անձանց դատական նիստերի կամ հիվանդանոցներ տեղափոխելու գործառույթը կտրվի Քրեակատարողական ծառայությանը: Հավելենք, որ ներկայումս ծառայությունն իրականացնում է ոստիկանությունը իր ավտոմեքենաներով: Առաջիկայում մրցույթ կհայտարարվի, կկազմակերպվի վերապատրաստման պրոցես, որից հետո ՔԿ ծառայությունը ամբողջությամբ կիրականացնի դատապարտյալներին եւ կալանավորներին դատական նիստերի կամ հիվանդանոց տեղափոխելու գործընթացը: Ասել է թե՝ նախարարի խոստացած կոնդիցիոներներով մեքենաները դեռ կանգնած են, վերապատրաստված վարորդներ չկան, իսկ կալանավորները դեռ կմնան ճանապարհներին։

 

 

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսին քաղաքական երկրորդ ժողովը կանցկացնի Դիլիջանում: Նիստը վարելու է Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության քաղաքական ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը: Կուսակցության քաղաքական ժողովներին քննարկվում են արտաքին եւ ներքին քաղաքականությանը, կուսակցության զարգացման ռազմավարությանն առնչվող, ինչպես նաեւ կազմակերպչական բնույթի հարցեր։ Ի դեպ, սա կուսակցության երկրորդ քաղաքական ժողովն է.  կուսակցության քաղաքական առաջին ժողովը տեղի էր ունեցել Ջերմուկում դեկտեմբերի 17-ին: Թե ինչու է որպես ժողովի վայր ընտրվել  Դիլիջանը,  երբ Փաշինյանը Տավուշից է, մեզ հետ զրույցում պատգամավոր  Գեւորգ Պապոյանը պատասխանեց. «Որոշումը հետեւյալն է՝ նիստերն անել մարզերում. տարբեր տարբերակներ ենք քննարկել, այդ թվում՝ Արարատի ու Արմավիրի մարզի տարբերակն էլ ենք քննարկել, հատուկ որոշում չկա այս մասով: Խնդիրն այն է, որ հենց մարզերում անենք»:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 12-ին Արցախի գերագույն  դատարանը նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագծի հարցով վերջնական որոշում է կայացնելու: Դատարանն այդ օրը նիստ կանի, որպեսզի որոշի՝ արդյոք այն համապատասխանում է Արցախի Սահմանադրությանը, թե ոչ: Ստացվում է՝ դեռ  մեկ ամսից ավելի Արցախի Սահմանադրության մեջ փոփոխություններ չեն լինի: Նշենք, որ նախագիծը ենթադրում էր հետեւյալը. ֆորսմաժորային իրավիճակներում հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրության իրավունքը վերապահվում էր խորհրդարանին: Նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո ուղարկվել էր Գերագույն դատարան. հունիսի 12-ին  դատարանը կորոշի՝ որքանով է նախագիծը համատեղելի Արցախի Սահմանադրության հետ: Դրական եզրակացության դեպքում այն կրկին կուղարկվի ԱԺ՝ արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվելու, իսկ եթե դատարանը  որոշի, որ նախագիծը Սահմանադրության հետ հակասություններ ունի, ապա այն կճանաչվի հակասահմանադրական: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր)։

 

 

 

 

ՀՀ կառավարությունը դեռ չի որոշել՝ ինչպես է վարվելու Հռոմի ստատուտի հետ: Ինչպես հայտնի է, մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այս հանգամանքից հետո տարաբնույթ հայտարարություններ հնչեցին նաեւ այն մասին, թե այս քայլով Հայաստանը նաեւ դեմ է գնում ՌԴ-ին, եւ Արեւմուտքի պատվերով Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, հենց Երեւան մտնի: Եվ, ահա, ըստ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի՝ Ազգային ժողովն է վավերացնում միջազգային պայմանագրերը, այսինքն՝ առանց խորհրդարանի հաստատման Հռոմի ստատուտը չի կարող ուժի մեջ մտնել: ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ունի երեք ամիս ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ կառավարությանը՝ հասկանալու համար, թե երբ է այն ուղարկվելու խորհրդարան: Հետաքրքիր է, որ կառավարությունը մեկ ամիս ժամկետ է խնդրել մեր հարցին պատասխանելու համար: Ինչպես նշեցինք, կառավարությունը երեք ամիս ուներ որոշում կայացնելու համար. մեկ ամիսն անցել է: Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս վերջնական որոշում չունեն կոնվենցիայի մասով, համենայնդեպս գործադիրը դեռ օրենսդիր մարմին չի ուղարկել ստատուտը:

 




Լրահոս