Վաշինգտոնում երեկ ավարտվեց Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Թե ինչ են շուրջ երեք օր բանակցել կողմերը, հայտնի չէ, միայն վերջերս ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, եւ վստահեցրեց, որ անակնկալներ այնտեղ չկան: Վաշինգտոնում ընթացող բանակցությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում կողմերը փաստաթղթի շուրջ են բանակցում: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ փաստաթուղթ է դա, ինչի՞ շուրջ են բանակցում Վաշինգտոնում:
-Առաջին հերթին, նման բանակցությունները չեն կարող համարվել բանակցություններ այն պատճառով, որ կողմերին պատանդավորել են Վաշինգտոնում՝ հանուն նրա, որ անպայման որեւէ համաձայնության գան: ԱՄՆ-ին հետաքրքիր չէ, թե ինչ պայմաններով, կարեւորը որ համաձայնության գան: Ի՞նչ կա այդ փաստաթղթում. ամերիկյան կողմը բացահայտ ասել է, որ կա էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարց: Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները զրոյացրին արցախյան գոյամարտի ողջ արդյունքները, ազգային ազատագրական պայքարի ամբողջ արդյունքը. սա ամենագլխավոր խնդիրն է, որ դրված է մեր ազգի առջեւ. արդյոք մենք դա ընդունելո՞ւ ենք: Եթե Նիկոլ Փաշինյանն է ճանաչում Արցախն Ադրբեջանի մաս, դա դեռ ոչինչ, նրա ստորագրությունը կչեղարկվի, իսկ եթե ազգովի ենք ընդունում, որ Արցախի Հանրապետություն գոյություն չունի, գոյություն ունի միայն Արցախում բնակվող էթնիկ փոքրամասնություն, ուրեմն վայն եկել է, մեզ տարել:
-Ասում եք, որ եթե Փաշինյանը հիմա նոր փաստաթուղթ ստորագրի, ապա դա հնարավոր է չեղարկել հետագայում. ինչպե՞ս:
-Շատ պարզ. առաջինը՝ գոյություն ունի արարողակարգ. պետք է գնա Սահմանադրական դատարան, դա միջազգային փաստաթուղթ է դառնում, ինչից հետո պետք է գնա ԱԺ, որպեսզի վավերացվի: Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը դեռ ոչինչ չի նշանակում: Նա խախտել է 1992թ.-ի Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը, որտեղ գրված է, որ որեւէ պաշտոնյա իրավասու չէ ստորագրել մի փաստաթուղթ, որը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս: Եթե Փաշինյանը նման փաստաթղթի տակ ստորագրում է, դառնում է քրեական հանցագործ: «Միասին» շարժումն ունի ներքին որոշում, որ օգտագործելու է բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները, որպեսզի այդ փաստաթուղթը կյանքի չկոչվի: Աշխարհը պետք է իմանա, որ Փաշինյանի ստորագրությունը զրո է, որեւէ նշանակություն չունի, հայ ազգը չի համակերպվելու դրա հետ:
-Պարո՛ն Սարգսյան, տպավորություն է, որ կողմերն այլեւս հրաժարվում են նոյեմբերի 9-ի փաստաթղթից եւ նոր փաստաթուղթ են ցանկանում ստորագրել, որպեսզի հետագա բանակցություններն ըստ այդ փաստաթղթի շարունակեն:
-Այդպես էլ կա, դրա համար էլ մենք ասում ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իհարկե, մեր սրտով չէ, կապիտուլյացիա էր, բայց այնտեղ գոնե պահպանվում էր Արցախի Հանրապետության շահը եւ իրավունքները՝ որպես Ադրբեջանից անկախ օբյեկտ: Այս պարոնի (Նիկոլ Փաշինյանի) արածը եթե դա է, ուրեմն ինքը փորձում է ամբողջովին չեղյալ համարել բոլոր պայմանավորվածությունները, Մինսկի խմբի աշխատանքները եւ զրոյից է սկսում ամեն բան՝ ի վնաս Հայաստանի եւ Արցախի հանրության: Փաշինյանը Քաջ Նազարի նման գլուխ գովաց, թե նոր փաստաթուղթ է ստորագրելու. տեսնենք՝ ինչ է սպասվում իրեն այդ փաստաթղթի ստորագրումից հետո:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ
Երեկ Վաշինգտոնում կայանալու էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ բանակցությունների եզրափակիչ փուլը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցության:
Թե ինչ են շուրջ երեք օր բանակցում կողմերը, հայտնի չէ, միայն մայիսի 3-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, եւ վստահեցրեց, որ անակնկալներ այնտեղ չկան:
Արցախում տեղյա՞կ են արդյոք, թե ինչի շուրջ են բանակցում Վաշինգտոնում, կամ ի՞նչ սպասելիքներ ունեն վաշինգտոնյան բանակցություններից. այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ, որն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ Արցախում բանակցային բոլոր կողմերից ակնկալում են հստակ դիրքորոշում՝ ինչպես են տեսնում Արցախի ապագան.
«Ակնկալում ենք հստակ պատասխան Երեւանից, Մոսկվայից, Վաշինգտոնից եւ Փարիզից. թող ասեն՝ ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը: Պատասխան ենք ակնկալում նաեւ հայ հանրությունից, տեսնենք՝ ինչ են մտածում Արցախի մասին: Ինքնության հարցն է մեր բարձրացվել, պետք է տեսնենք՝ Արցախը ծնողներ, երբայրներ, քույրեր ունի, թե որբ է»,-ասում է Բաբայանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը կվերանվանվի: Որոշումը կայացվել է կառավարության երեկվա նիստի ժամանակ: Նախագծով առաջարկվում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերանվանել «Կառավարական առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՈԱԿ-ի գործունեության առարկան եւ հիմնական նպատակը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ծառայողական առանձնատների սպասարկումն ու շահագործումն է, ինչպես նաեւ ծառայողական առանձնատներում բնակվող պաշտոնատար անձանց կեցության եւ սննդի սպասարկումն ու ապահովումը: ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները երրորդ անձանց հետ հարաբերվելիս գործնականում հաճախակի բախվում են իրավիճակի, երբ կազմակերպության անվանման հնչեցումը որեւէ կերպ չի արտացոլում կազմակերպության նպատակները, հնարավորություն չի տալիս նույնացնել կազմակերպությանը, տարընկալումների տեղիք է տալիս:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՏՈՒՄԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ Է` ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
2023թ.-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ բրիտանահոլանդական Shell ընկերությունը։
«Մարտ ամսին ընկերությունը կբացի 3 բենզալցակայան, եւ դրանք կլինեն նոր, ժամանակակից բենզալցակայաններ»,- խոստացավ նախարարը։
Նախարարի այս խոստումից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն բենզալցակայանները դեռեւս չեն բացվել։ Իսկ ապրիլի 21-ին նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ կայանները շուտով կսկսեն աշխատել։
«Փաստերի ստուգման հարթակ»-ի հարցին, թե ինչու մարտին խոստացված բենզալցակայանները դեռ չեն բացվել, Էկոնոմիկայի նախարարությունից խորհուրդ տվեցին դիմել հենց ընկերությանը, քանի որ «դա մասնավոր ընկերություն է, եւ նրանց գործունեության հետ կապված ռիսկերն ու խնդիրները պետությունը չի կարող կառավարել»։
Ընկերությունից էլ տեղեկացրին, որ այս պահին ավարտական փուլում է թվով երեք բենզալցակայանների շահագործումը, դրանց վրա վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարվում, եւ սպասում են ապրանքի ներմուծմանը։
Ընկերությունից տեղեկացրին նաեւ, որ նախարարի՝ մարտ ամսին բենզալցակայանները բացելու խոստման հիմք էր հանդիսացել իրենց տրամադրած տեղեկատվությունը։
Ի դեպ, սա Shell ընկերության՝ բենզալցակայաններ բացելու խոստման երկրորդ հետաձգումն է: Առաջին անգամ այս խոստումը Քերոբյանը տվել էր նաեւ մեկ տարի առաջ՝ 2022-ի մայիսին։ Այն ժամանակ էլ նախարարը խոստացել էր մինչեւ 2022թ.-ի աշուն Հայաստանում գործարկել բենզալցակայանների ցանցը։
Այսպիսով, փաստենք, որ էկոնոմիկայի նախարարի խոստումը երկու անգամ հետաձգվում է, իսկ պատճառների մասին հարցնելիս նախարարությունից հորդորում են դիմել մասնավոր ընկերությանը։