Armenian text to speach

Էրդողանը հրավիրվել է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ թուրքական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան հրավիրվել է Երևանում մայիսի 4-ին նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Ըստ թուրքական մամուլի՝ դեռևս հստակ չէ, թե արդյոք Էրդողանը կմասնակցի Երևանում կայանալիք հանդիպմանը, քանի որ Թուրքիայի կողմից պաշտոնական հաստատում առայժմ չի հնչել։ ԵՄ պաշտոնյաներից մեկը նշել է, որ մասնակիցների վերջնական ցանկը դեռ չի ձևավորվել, և մասնակցության հարցը կճշտվի առաջիկա օրերին։ Հատկանշական է, որ գործող կանոնակարգի համաձայն՝ գագաթնաժողովին կարող են մասնակցել միայն պետությունների և կառավարությունների ղեկավարները, և եթե Էրդողանը չմասնակցի, Թուրքիան ընդհանրապես ներկայացված չի լինի։

Թուրքական աղբյուրները հիշեցնում են, որ Թուրքիան մասնակցել է ԵՔՀ առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահաում։ Էրդողանը մասնակցել է նաև 2024 թվականին Բուդապեշտում և 2025 թվականին Տիրանաում անցկացված հանդիպումներին։ Միաժամանակ նշվում է, որ նա չի մասնակցել Իսպանիայում, Մոլդովայում, Մեծ Բրիտանիայում և Դանիայում անցկացված որոշ նիստերի՝ թեև հրավիրված է եղել։

Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) շրջանակում անցկացվող այս հանդիպումը միտված է եվրոպական երկրների միջև ռազմավարական մերձեցման, համագործակցության, երկխոսության և համակարգման խորացմանը։

Գագաթնաժողովը կանցկացվի «Ապագայի կառուցում․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով։ Միջոցառմանը նախատեսվում է քննարկել մի շարք առանցքային հարցեր՝ ժողովրդավարական կայունության ամրապնդում, կապակցվածության զարգացում, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության ուժեղացում՝ այն պայմաններում, երբ աշխարհը գտնվում է լուրջ աշխարհաքաղաքական վերաձևումների փուլում։ Գագաթնաժողովը համանախագահելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գագաթնաժողովին հրավիրվել են շուրջ 48 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ եվրոպական պետությունների մեծ մասը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ։ Հատկանշական է, որ այս անգամ առաջին անգամ հրավիրվել է նաև եվրոպական աշխարհագրությունից դուրս գտնվող երկրի ղեկավար՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, ինչը, ըստ գնահատականների, ցույց է տալիս ձևավորվող լայն համագործակցային ձևաչափերը։

Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է 2022 թվականին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ապահովել եվրոպական երկրների միջև ավելի խոր համագործակցություն՝ անկախ Եվրամիության անդամակցությունից։ Այս հարթակը նախատեսված է քաղաքական, անվտանգային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտներում քննարկումների և փոխգործակցության համար՝ որպես ոչ ֆորմալ, բայց կարևոր ռազմավարական երկխոսության ձևաչափ։

 




Լրահոս