Հայաստանում տրանսպորտային նոր փոխադրամիջոցների ավելացման ու վերափոխման ֆոնին մայրաքաղաքում դեռեւս շարունակում են բողոքել տրանսպորտների՝ ոչ պատշաճ աշխատելաոճից:
ArmLur.am-ի խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում՝ կապված երթուղային ցանցի տարբեր համարների վատ աշխատանքի հետ: Մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մաս կազմող «Հաղթանակ» (4-րդ գյուղ) թաղամասի բնակիչները ահազանգում են` 53 համարի ավտոբուսներն ու 77 համարի միկրոավտոբուսներն իրենց աշխատանքում թերանում են:
Քաղաքացիների խոսքով՝ 20:00-ից սկսած գրեթե անհնար է դառնում թաղամաս գնալը, քանի որ 53 համարի ավտոբուս բացարձակ գոյություն չունի այդ ժամերին, իսկ 77-ին սպասելը կարող է ողջ հավերժություն ձգվել: Երթուղային տաքսիներով ամեն օր երթեւեկելն էլ խելամտության ժանրից չէ:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ երթուղիները սպասարկող վարորդներից: Վերջիններիս խոսքով, թերության պատճառը 53 համարի երթուղու ավտոբուսների քանակի անբավարարությունն է, դե իսկ 77-ն ունի 13 միկրոավտոբուս, իսկ թերացման պատճառը՝ գծի երկարությունն է:
ArmLur.am-ին Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ 77 համարի երթուղին մասնավոր է. սպասարկում է «Երեւանտրանս» ՓԲԸ-ն: Այդուհանդերձ քաղաքապետարանից տեղեկացրին, որ առաջիկայում նախատեսվում է մինչեւ սեպտեմբերի 1-ը կասեցնել մասնավոր ընկերությունների կողմից սպասարկվող միկրոավտոբուսները՝ գազելները, այդ թվում եւ 77 համարի երթուղին:
Քաղաքապետարանի լրատվության վարչությունը կապ է հաստատել նաեւ «Երեւանտրանս» ընկերության ղեկավար կազմի հետ, որտեղից խոստացել են բարելավել միկրոավտոբուսների աշխատանքը, երկարացնել աշխատանքային ժամերը՝ մինչեւ կավելացվեն նոր ավտոբուսներ 53 համարի երթուղում եւ կկարգավորվի ավտոբուսների աշխատանքը:
Վարչությունից խոստանում են՝ շուտով բնակիչները կզգան ակնհայտ փոփոխությունը:
Մարիամ Ղազարյան