ArmLur.am-ը դեռ մայիսի 29-ին գրել էր, որ հայրենի իշխանությունները մտքափոխվել են: Հայտնել էինք, որ ներքին քննարկումներ են ունեցել հայրենի իշխանության ներկայացուցչները ու որոշել են զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել, կարճ ասած հանդուրժել այն վարորդներին, ովքեր չեն կատարելու պահանջները: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սա արվում է նաև հայրենի իշխանության համար, քանի որ վերջիններս չեն էլ պատրաստվում «պլյոնկա» պոկել:
Արդեն մայիսի 31-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պատկան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված հարցերը։
Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորների կողմից ներկայացվեց առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով։
Ստացվում է, որ պարեկներն են որոշելու՝ տուգանել, թե նախազգուշացնել վարորդներին: ArmLur.am-ին, սակայն, տեղեկություններ են հասել, որ պետական գերատեսչությունների աշխատակիցներն էլեկտրոնային հասցեներին նամակներ են ստանում, որ պետք է ապակիների թաղանթազերծում անեն՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը: Այս հաղորդագրությունից թերևս կարելի է եզրակացնել, որ իշխանությունները ավելի շատ հակված են տուգանելու տարբերակին:
Հիշեցնենք, որ Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: