ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետեւանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ եւ նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։
2022 թվականին Հայաստանում իրականացված՝ առողջապահության համակարգի գործունեության ընտրանքային հետազոտությունների տվյալների համաձայն` 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 53.2%-ը, կանանց` 2%-ը)։
Բնակչության առողջության վրա փակ տարածքում երկրորդային ծխի ազդեցության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ, 2016 թ.-ի համեմատ, 2022 թ.-ին այն նվազել է 53.1%-ից մինչեւ 47.0%։
Ծխախոտով պայմանավորված հիվանդություններից Հայաստանում ամեն տարի մահանում է ավելի քան 5500 բնակիչ: Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար, չկա դրանց անվնաս չափաբաժին:
2020 թվականի փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների վրա:
Օրենքի համաձայն` արգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ եւ որոշ բաց հանրային վայրերում (այդ թվում` առողջապահական, կրթական, մշակույթի հաստատություններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, փակ եւ բաց սննդի օբյեկտներում), գովազդի, իրացման (վաճառքի) խթանման եւ հովանավորության բոլոր ձեւերը. գործում են նաեւ այլ դրույթներ: Օրենքը միտված է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելու առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաեւ բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը որպես անառողջ եւ մերժելի վարքագիծ արմատավորելը: