2023թ. փետրվարի 21-ին Ա.Գ.-ն փաստաբան Վ.Պ.-ի միջոցով հայցադիմում է ներկայացրել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Վ.Ղ.-ի հետ 05.05.2011թ. կնքված փոխառության գործարքն անվավեր ճանաչելու եւ որպես հետեւանք 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար գանձելու պահանջների մասին: ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը, ուսումնասիրելով հայցադիմումը, կից փաստաթղթերով ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն:
Արցախի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հաղորդման քննարկմամբ պարզվել է, որ հայցվոր Ա.Գ-ի փաստաբան Վ.Պ.-ի կողմից դատարան ներկայացված Ա.Գ.-ի եւ Վ.Ղ.-ի միջեւ 05.05.2011թ. Ստեփանակետ քաղաքում կնքված պայմանագրի պատճենը կեղծ է, նրանում «Փոխատու» եւ «Փոխառու» անվանումների դիմաց առկա ստորագրությունները կատարված չեն Ա.Գ.-ի եւ Վ.Ղ.-ի կողմից:
Միաժամանակ պարզվել է, որ վերջիններիս կողմից չեն կատարված նաեւ հայցվորի եւ պատասխանողի ներկայացուցիչներ` ԱՀ Փաստաբանների պալատի փաստաբան Վ.Պ.-ի եւ Ռ.Ե.-ի կողմից դատարան ներկայացված՝ 26.01.2023թ. Ստեփանակերտ քաղաքում Ա.Գ.-ի եւ Վ.Ղ.-ի անվամբ կազմված, իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող լիազորագրի «Լիազորող» անվան դիմաց առկա ստորագրությունները: Ավելի ուշ, պատասխանողի ներկայացուցիչ Ռ.Ե.-ն դատարան է ներկայացրել 15.03.2023թ. թվագրմամբ Ստեփանակերտ քաղաքում կնքված «Հաշտության համաձայնագիր», որով հայցվորի եւ պատասխանողի ներկայացուցիչները եկել են համաձայնության, որ դատարանի վարույթում քննվող քաղաքացիական գործի վարույթը կարճվի, իսկ վեճն ավարտվի՝ պայմանով, որ հայցվորը հրաժարվում է պահանջներից, իսկ պատասխանող Վ.Ղ.-ն ստանձնած գումարային պարտավորությունը կատարված համարելու դիմաց հայցվորին կօտարի Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյան-24/34 հասցեում գտնվող եւ սեփականության իրավունքով իրեն պատկանող առեւտրի սրահը:
Փաստորեն, Ա.Գ.-ն 2011թ. մայիսի 05-ի կեղծ փոխառության պայմանագրով դիտավորությամբ քողարկել եւ խեղաթյուրել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար դրամական միջոցների ծագման աղբյուրը, եւ մինչեւ 05.05.2015թ. իր քրոջ ամուսին Վ.Ղ.-ին փոխառությամբ տրված վերոնշյալ գումարի գանձման պահանջի դիմաց համաձայնել է ստանալ Վ.Ղ.-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ Վ.Ղ.-ն կեղծ փոխառության պայմանագրով նպատակ է ունեցել փոխարկել (կոնվերտացնել) հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ անշարժ գույքը:
Նկարագրված հանցանքների կատարման դեպքերով 17.05.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ կեղծելը), 345-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) եւ 345-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումը եւ դատախազական հսկողությունը իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության եւ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:
ԴԱՏԱԽԱԶԸ ՈՐՈՇԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատախազի կողմից հանձնարարություն է տրվել վերացնել Դիլիջանի քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում էր հայտնվել տեսանյութ, որտեղ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղայի:
Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը մտնում է Հաղարծին հյուրանոցային համալիր եւ համար պատվիրում: Մատուցողն ասում է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, որից հետո սկսվում է քրեականի պետի ու աշխատակցի հետ գումարի շուրջ խոսակցություն, ինչից հետո էլ քրեականի պետը սկսում է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:
Այս դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ:
Նշենք, որ ավելի ուշ Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ քրեականի պետը զղջացել է իր կատարած արարքի համար, եւ որոշում էր կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԵՂԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՈՒ ԿԱՇԱՌՔ
Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող Ա.Լ.-ն քրեական վարույթով կեղծել է ապացույցներ եւ ստացել խոշոր չափով կաշառք. հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ քաղաքացի Ա.Վ.-ի օգտին գործողություններ կատարելու, չկատարելու, ինչպես նաեւ նրա կամ նրա մատնանշած անձի օգտին այլ ապօրինի գործողության համար քննիչ Ա.Լ.-ն քաղաքացիներ Ա.Վ.-ից եւ Ի.Գ.-ից ստացել է խոշոր չափերի՝ 4 մլն դրամ կաշառք, ինչպես նաեւ իր վարույթում քննվող տարբեր քրեական վարույթներով կեղծել է ապացույցներ:
2023 թվականի մայիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Ա.Լ.-ի` 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2- րդ կետով (կաշառք ստանալը) եւ 349-րդ հոդվածի 2-րդ մասով (ապացույցները կեղծելը) (3 դրվագ): 2023 թվականի մայիսի 29-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:
ԱԱԾ-Ն՝ ԱՐԱԲԿԻՐԻ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է ԱԱԾ-ն երեկ գիշեր գրոհել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին։
Երեգ գրել էինք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ԱԱԾ-ն գրոհել է Արաբկիրի քննչական բաժին։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ մեկ քննիչի տարել են ԱԱԾ քննչական վարչություն։ Տեղեկացրել էինք նաեւ, որ այնտեղ գտնվողներից մեկը փորձել է փախչել, սակայն կանխել են նրա փախուստը, որի ժամանակ կոտրվածք է ստացել։
Եվ այսպես, բանն այն է, որ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։
Ավելին, կասկածներ կան, որ կաշառքի գործողություններ են եղել։ Ասել է թե՝ օրինակ՝ քննիչը սպանություն է բացահայտել ու իր մոտ է գսնվում այն զենքը, որի միջոցով սպանություն են կատարել. անցնում է որոշ ժամանակ, նա որոշում է այդ զենքը վաճառել մեկ ուրիշին։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ 4 քննիչի ԱԱԾ-ն ձերբակալել է։
Ք. Մ.
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՃՏՊ
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 31-ին՝ ժամը 15։29-ին, ահազանգ է ստացել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Խ., ծնված 2003 թ.) բախվել է կայանած «Zil» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ. Պ., ծնված 1955 թ.):
Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Վ. Խ.-ի (ծնված 2008 թ.) մահը։
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։