Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քննության առարկա են դարձել համայնքին սեփականության իրավունքով փոխանցված մանկապարտեզների օտարման գործընթացները:
Նկատի ունենալով, որ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված ուսումնական հաստատությունը (նախակրթական հաստատությունը) օտարվելու դեպքում չի կարող օգտագործվել այլ նպատակներով (քրեական վարույթների ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք մանկապարտեզներ օտարվել են որպես ոչ բնակելի տարածքներ, իսկ որոշ դեպքերում՝ ներառվել բնակելի ֆոնդում)՝ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի հունիսի 5-ին Վարչական դատարան է ներկայացրել 5 հայց՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գործած մանկապարտեզների տարածքներն օտարելու վերաբերյալ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի համապատասխան որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Մասնավորապես՝ Դատախազությունը Վարչական դատարանում վիճարկում է.
- Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դ. Անհաղթ փողոցի 5 հասցեում գտնվող 141.5 քմ մակերեսով շինության օտարումը (նախկին 147 մսուր-մանկապարտեզ), իսկ որպես հետեւանք՝ վերոնշյալ տարածքի նկատմամբ «N» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի գրանցումը:
- Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դրոյի փողոց 21 ա շենքի 1-ին հարկում գտնվող 126.9 քմ մակերեսով շինության օտարումը (նախկին 199 մսուր-մանկապարտեզ), իսկ որպես հետեւանք՝ վերոնշյալ տարածքի նկատմամբ Ա.Ջ.-ի սեփականության իրավունքի գրանցումը:
- Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հր.Ներսիսյան փողոցի 1 շենքում գտնվող 121.2 քմ մակերեսով շինության օտարումը (նախկին թիվ 132 մանկապարտեզ), իսկ որպես հետեւանք՝ վերոնշյալ տարածքի նկատմամբ Ա.Գ.-ի, Ն.Ս.-ի եւ Ա.Հ.-ի սեփականության իրավունքի գրանցումը:
- Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հր.Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքում գտնվող 83.9 քմ մակերեսով շինության օտարումը (նախկին թիվ 132 մանկապարտեզ), իսկ որպես հետեւանք՝ վերոնշյալ տարածքի նկատմամբ Է.Վ.-ի սեփականության իրավունքի գրանցումը:
- Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Զ. Քանաքեռցու փողոցի թիվ 32 հասցեում գտնվող 2575,5 քմ մակերեսով շինության օտարումը (նախկին 159 մանկապարտեզ), իսկ որպես հետեւանք՝ վերոնշյալ տարածքի նկատմամբ Ս.Ս.-ի եւ Ա.Ե.-ի սեփականության իրավունքի գրանցումը:
Վարչական շրջանների դատախազությունը հայցեր է ներկայացրել նաեւ քրեական երկու վարույթի նյութերով:
Մասնավորապես՝ Դատախազությունը Վարչական դատարանում վիճարկում է.
- Երեւան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոց 8 հասցեում գտնվող, 23153,65 քմ մակերեսով տարածքը «Երեւանի տեխնոլոգիական սարքավորումների գործարան» ԲԲ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը:
- Երեւան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցի 50 հասցեում գտնվող 2370 քմ մակերեսով տարածքը «Խաչարամ կոնսերվատորիա» ՍՊԸ-ին օտարելու վերաբերյալ որոշումը:
ԱՄՆ-Ն՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
ԱՄՆ-ն ուրախ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները շարունակվում են, եւ սպասում է Վաշինգտոնում կողմերին դարձյալ հյուրընկալելուն: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով այս ամիս Վաշինգտոնում նախատեսված բանակցություններին:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք բանակցությունների հերթական փուլը հյուրընկալելուն, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի: Ինչպես նախկինում ասել եմ, ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման եւ տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ ԱՄՆ-ն գոհ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, այդ թվում նաեւ՝ ղեկավարների վերջին հանդիպումը»,- ասել է Պատելը:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցությունների հերթական փուլի շրջանակներում կհանդիպեն Վաշինգտոնում։ Քննարկումների կմեկնարկեն հունիսի 12-ին։
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ՝ ԱԳՆ-Ի ՀԵՏ
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ, որի ժամանակ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում փոխշահավետ փոխգործակցության հարցերին:
ԱԳՆ-ից հայտնում են, որ նրանք մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի շուրջ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարն ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանը շեշտել է բանակցություններում առանցքային հարցերի, մասնավորապես` տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հստակ արտահայտված հանձնառության հիման վրա սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Ընդգծվել է առկա, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի հասցեագրման եւ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵՑ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեության կասեցումը (ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ):
ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման ընթացքում մանկապարտեզում առկա սննդամթերքի նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։ Չեն հայտնաբերվել նաեւ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ
«Գործակարգավարական նիստերի անցկացման ֆորմատը քաղաքապետարանի ներքին որոշումն է, մենք այնպես ենք աշխատանքը բաշխել, որ մեզ հարմար լինի»,- հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է, որ քաղաքապետարանում գործակարգավարական նիստերը վարում է Տիգրան Ավինյանը, իսկ, այ, բյուջեն ներկայացնելու համար եկել է ինքը:
Հարցին՝ այդ ոնց են աշխատանքը բաժանել, որ բոլոր PR-վելու գործերը բաժին են հասել Տիգրան Ավինյանին. ժապավեն կտրելիս ինքն է, բացումներ անելիս ինքն է, կառավարության նիստերին ինքն է, Լեւոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարոն Ավինյանը 2018-2022 թվականներին եղել է փոխվարչապետ. սա նշանակում է, որ նա շատ լավ տիրապետում է կառավարության աշխատանքը, մասնավորապես՝ նաեւ ֆինանսական ոլորտի հետ կապված: Մենք կառավարություն դիմել ենք տարբեր հարցերով, եւ այդ աշխատանքը պարոն Ավինյանը կարող է անել շատ արդյունավետ, նա այդ աշխատանքն արել է շատ արդյունավետ, կան հստակ արդյունքներ արդեն: Մենք նպատակահարմար ենք գտնում, որ հենց ինքը ներկա լինի կառավարության նիստերին»:
Դիտարկմանը, որ կանոնակարգը պահանջում է, որ կառավարության նիստերին ներկա լինի Երեւանի քաղաքապետը, ոչ թե փոխքաղաքապետը, Հովհաննիսյանը խուսափեց արձագանքել:
Հարցին, թե արդյոք քարոզարշավ չէ, որ Երեւանի ընտրություններից մի քանի ամիս առաջ Տիգրան Ավինյանը մասնակցում է միջոցառումների, մանկապարտեզներ, խաղահրապարակներ, այլ ենթակառուցվածքներ է բացում, քաղաքապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Ոչ, ես դա չեմ համարում քարոզարշավ, համարում եմ ընթացիկ աշխատանք: Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ, որը տվյալ պահին այդ համայնքում ղեկավարում է, պարզապես ընտրություններից մեկ տարի առաջ գործ չանի:
Այն ոլորտները, որտեղ պարոն Ավինյանն է ղեկավարում, մասնավորապես՝ շինարարության, ինքն էլ ներկա է լինում բացմանը, ինչը շատ նորմալ է»:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին: Իշխող ՔՊ-ն հայտարարել է, որ քաղաքապետի իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է: