«Հրուշակագործների համահայկական միավորում» հասարակական կազմակերպությունը հունիսի 23-ին կազմակերպել էր միավորման գործունեության սկիզբը ազդարարող միջոցառում։ Միջոցառման ընթացքում հայկական ավանդական գաթաներով պատրաստվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի քարտեզի մակետը։ Ներկայացվեցին նաև Հայաստանի մարզերի ավանդական գաթաները։
Armlur.am-ը զրուցեց ArMaR Հրուշակագործության արվեստի ակադեմիայի տնօրեն, «Հրուշակագործների համահայկական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Խաչատրյանի հետ։ «Գաթան ընտրվել է որպես հին հայկական ավանդական քաղցրավենիք և հենց դրա միջոցով ցույց ենք տալիս մեր միասնությունը, եռամիասնության ուժն ու հաղթական ոգին», – նշեց նա։
Հրուշակագործների համահայկական միավորման նպատակը Հայաստանը Արցախից չտարանջատելն ու միավորելն է։ ☺Քարտեզի վրա առաջինը տեղադրվեց Սյունիքի մարզի գաթան՝ որպես երկրի ամուր դարպասներ։ «Առաջարկում եմ, որ Երևանի գաթան տեղադրելուց առաջ, տեղադրենք Արցախինը, որովհետև առանց Արցախ չի կարող լինել Երևան»,-ասաց Արփինե Խաչատրյանը։
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին հրուշակագործներ Հայաստանի բոլոր մարզերից, Սփյուռքից և Արցախից տեղահանված հրուշակագործներ։
Ինեսա Սուքիասյան