«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վերջերս «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը դրմել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանին, որպեսզի միանա նախաձեռնությանը, սակայն վերջինս մերժել է:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի հետ՝ պարզելու եղելությունը:
-Պարո՛ն Առաքելյան, մեր տեղեկությունների համաձայն՝ «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը դիմել է «Ապրելու երկիր» կուսակցությանը, որպեսզի միանան նախաձեռնությանը, եւ մերժում է ստացել: Որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
-Այո՛, մենք քննարկել ենք «Հայաքվե» նախաձեռնության հետ համագործակցության ձեւաչափերը եւ հայտնել մեր պատրաստակամությունը՝ հաշվի առնելով, որ ստորագրությունների հավաքման գործընթացը կազմակերպվելու է բացառապես համայնքապետարաններում եւ այն համայնքներում, որտեղ «Ապրելու երկիրը» իշխանություն է: Հայտնել ենք մեր պատրաստակամությունը, որ առնվազն այդ համայնքներում մենք պատրաստ ենք աջակցել այդ նախաձեռնությանը:
-Այսինքն՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը միանո՞ւմ է նախաձեռնությանը:
-Միանալ չէ, մենք պատրաստ ենք միանալ ոչ թե որպես կուսակցություն, այլ կուսակցության ռեսուրսներով հայտնել ենք պատրաստակամություն՝ աջակցելու, առավել եւս՝ մարզերում, որտեղ ունենք մեծ ռեսուրսներ: Մենք բոլոր մարզերում ունենք ներկայացվածություն, մի քանի համայնքներում ունենք իշխանություն, եւ հաշվի առնելով, որ «Հայաքվե»-ի կարեւորագույն հատվածը կայանում է նրանում, որ ստորագրությունները հնարավոր է կազմակերպել բացառապես համայնքապետարաններում, այն համայքներում, որտեղ մենք կառավարում ենք, այդտեղ աջակցությունը ավելի մեծ կլինի:
-Պարո՛ն Առաքելյան, Դուք մտածում եք, որ «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին կարող են խոչընդոտե՞լ համայնքապետարաններում:
-Ես նկատի ունեմ, որ մարդիկ պետք է գնան համայնքապետարան, եւ չեմ բացառում, որ գործող իշխանության կողմից կառավարվող համայնքապետարաններում այս պրոցեսը տեղի չունենա, կամ փորձեն խոչընդոտել: Քաղաքացիները ստորագրելու ցանկություն ունենալու պարագայում պետք է մտնեն համայնքապետարան, ու չնայած համայնքապետարաններում օրենքով պարտավոր են այդ պրոցեսը իրականացնել, բայց չեմ բացառում, որ այնտեղ, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր»-ն է իշխանության, խոչընդոտեն գործընթացին:
-Պարո՛ն Առաքելյան, նաեւ կարծիք է հնչում, որ դուք չեք միացել նախաձեռնությանը, քանի որ առջեւում քաղաքապետի ընտրություններ են, եւ չեք ուզում այլ նախաձեռնություններով հանդես գալ. սա որեւէ կերպ առնչություն ունի՞:
-«Հայաքվե» նախաձեռնության հեղինակները այն անձինք են, որոնք որոշել են իրենց նախաձեռնությունը իրականացնել, հետեւաբար մենք աջակցում ենք այն բոլոր նախաձեռնություններին, որոնք ինչ-որ ձեւով ուղղված են Արցախում ստեղծված իրավիճակի կարգավորմանը: Ինչ վերաբերում է կուսակցությանը, այո՛, այս պահին մեր գլխավոր խնդիրը Երեւանի ընտրություններն են: Ամենայն հարգանքով բոլոր նախաձեռնություններին, բայց ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը իշխանափոխությունն է: Մնացած բոլոր նախաձեռնությունները, ցավոք, առկա մարտահրավերներին չեն կարող տալ այն լուծումը, որի անհրաժեշտությունը ունենք: Հետեւաբար, այո՛, մեր կուսակցության բոլոր ռեսուրսները ուղղված են լինելու Երեւանի ընտրություններում հաղթելուն եւ իշխանափոխություն իրականացնելուն ոչ միայն Երեւանում:
Զրուցեց ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ԸՆԿԵՐՈՋ ՄԵՔԵՆԱՅՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը վթարի է ենթարկվել՝ իրեն պատկանող ավտոմեքենայով բախվելով բեռնատարի: Վթարը տեղի է ունեցել Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցի մոտակայքում:
«Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ Սարուխանյանի մեքենայի վրա վրացական պետհամարանիշներ են: Բոլորի համար տարօրինակ էր այն փաստը, թե ինչու է պատգամավորը երթեւեկում վրացական պետհամարանիշներով:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Կարեն Սարուխանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է ստացում, որ վերջինս այդ համարանիշներով է երթեւեկում: Մեզ հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, թե մեքենան, որն այդ օրը վարել է, եղել է իր ընկերոջ մեքենան։ Ավելին՝ Սարուխանյանն ասաց՝ թե՛ Գյումրիում եւ՛ թե այլ վայրերում իրեն կարելի է տեսնել եւ՛ վրացական, եւ՛ ռուսական, եւ՛ հայկական համարանիշներով, ու դրանք բոլորը պատկանում են իր ընկերներին:
Սարուխանյանը նաեւ նշեց, որ ինքը ավտոմեքենա չունի, եւ իր հայտարարագրում որեւէ մեքենա նշված չէ, ինքը երթեւեկում է բացառապես իր ընկերների մեքենաներով: Նաեւ հավելեց, որ այդ վթարի մեղավորը ինքը չի եղել, եւ պատկան մարմինները կբացահայտեն իրականությունը:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ»:
Մեկնաբանություն ստանալու՝ լրատվամիջոցների խնդրանքներին ընդառաջելով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքում է վարչապետի աթոռը զբաղեցնողի երեկվա ցնորամտություններին, որոնք հնչել են «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ» կոչվող շոուի ժամանակ:
«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի երեկվա ընթերցանությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն ու ժողովրդին դավաճանելու մեջ մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում:
Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Արդարացում չունեցող՝ իր պետականակործան քաղաքականությունն արդարացնելու նպատակով ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը»։
ՄԻԼԻՈՆՆԵՐ՝ ՓԻԱՌԻ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարությունը մտադիր է 64 մլն 166 հազար դրամ հատկացնել՝ «ՀՀ վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ապահովում, նաեւ՝ միջազգային հարթակներում» միջոցառման համար։ Այս որոշմամբ, ըստ էության, իշխանությունները նպատակ ունեն ավելի լավ իրականացնել իրենց փիառը միջազգային ասպարեզում, այն էլ՝ մի քանի լեզուներով։ Բանն այն է, որ այս գումարը տրամադրվելու է, որպեսզի «Արմենպրես» լրատվական գործակալությունը նորություններ հրապարակի նաեւ չինարեն, պարսկերեն եւ վրացերեն։ Ավելին՝ նպատակների իրականացման համար փոփոխվել է «Արմենպրես»-ի հաստիքացուցակը. ավելացվել են 16 նոր հաստիքներ: Համաձայն նոր հաստիքացուցակի՝ 16 աշխատակիցների վարձատրության համար անհրաժեշտ է 45.576,3 դրամ: Ստացվում է՝ իշխանությունը ձգտում է պետական լրատվամիջոցը զարգացնել, որպեսզի ապահովվի իրենց գովազդը, քանի որ Հանրային հեռուստաընկերությունն էլ վաղուց վերածվել է իշխանության քարոզչամեքենայի:
ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում ԵՄ դիտորդական պատվիրակությունը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունում են ԵԽ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին եւ SEDE-ի պատվիրակությանը, որոնք Սիսիանի օդանավակայանում կմիանան ԵՄ մոնիտորինգային թիմին՝ Լաչինի միջանցքում ծրագրվող պարեկության համար»: