ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԵՂԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական մեծածավալ գործողությունների, ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է 44-օրյա պատերազմին չմասնակցած բազմաթիվ անձանց՝ պատերազմին մասնակից լինելու, ինչպես նաեւ պատերազմին մի խումբ անձանց իրական մասնակցության ժամկետից ավելի երկար ժամկետների մասին կեղծ տվյալներով փաստաթղթեր կազմելու եւ դրանք օգտագործելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանցավոր սխեմա։

 

Մասնավորապես, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ Կոտայքի մասնաճյուղի ղեկավար եւ «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ նախագահ Կ. Գիլոյանը շահադիտական նպատակներով 2020թ. դեկտեմբերին «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սեւանի մասնաճյուղի ղեկավար Վ. Սաղաթելյանից եւ «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Գ. Մարգարյանից պահանջել է իրեն տրամադրել 2020թ. 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում նրանց ղեկավարած ջոկատների անձնակազմերի, ինչպես նաեւ նշված գործողություններին չմասնակցած անձանց մասին տվյալներ։ Ի պատասխան՝ նշված անձինք Կ. Գիլոյանին են տրամադրել միայն իրենց հրամանատարությամբ Արցախի Հանրապետություն մեկնած անձանց տվյալները: Այնուհետեւ Կ. Գիլոյանը «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահին է ներկայացրել ինչպես հիշյալ անձանց կողմից նշված, այնպես էլ պատերազմական գործողություններին մասնակցած եւ չմասնակցած այլ անձանց վերաբերյալ կեղծ տվյալներ, որոնք, ի թիվս այլ անձանց, ներառվել են ԱՀ նախագահին 21.12.2020թ. հասցեագրված գրությանը կից ընդհանուր 107 անձանց վերաբերյալ ներկայացված ցուցակում։ Դրա հիման վրա ԱՀ Ազգային ժողովի նախագահը ԱՀ զինվորական կոմիսարին հանձնարարել է հիշյալ ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանքներ: Գրությունն ուղարկվել է ՊԲ համապատասխան զորամասեր, այդ թվում՝ թշնամու վերահսկողության տակ անցած զորամասերի՝ նոր ժամանակավոր տեղակայման վայրեր: Օգտվելով այն հանգամանքից, որ այդ զորամասերից մի քանիսը անցել են թշնամու վերահսկողության տակ՝ պատերազմին մասնակցած անձանց հավելյալ օրերի, այնպես էլ պատերազմին չմասնակցած անձանց մասնակցության եւ դրա հիման վրա վճարման կեղծ հիմքեր ստեղծելու շուրջ Կ. Գիլոյանը նախնական հանցավոր համաձայություն է ձեռք բերել Վ. Սարգսյանի, իսկ վերջինս՝ նաեւ Ա. Ավանեսյանի հետ՝ յուրաքանչյուր հավելագրման դիմաց վերջինիս 3000-5000 ՀՀ դրամ վարձատրության պայմանով: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վ. Սարգսյանն ինչպես առանձին, այնպես էլ Ա. Ավանեսյանի հետ միասին 2021թ. հունվար-մարտ ամիսներին այցելել են թշնամու վերահսկողության տակ անցած զորամասերի ժամանակավոր տեղակայման նոր վայրեր։ Օգտվելով այն հանգամանքից, որ նշված զորամասերում բացակայում են զինապարտների կամ կամավորների համալրման վերաբերյալ անվանացուցակները եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը՝ նրանք, ներկայանալով որպես վերոնշյալ ՀԿ-ի անդամներ եւ օգտագործելով կեղծ տվյալներ պարունակող վերոնշյալ գրությունը, պահանջել են ներկայացված անձանց ներառել զորամասի անձնակազմի ցուցակներում եւ տրամադրել այդ հանգամանքը հաստատող հրամանների հիման վրա տրված տեղեկանքներ, ինչը կատարվել է: Արդյունքում, ստեղծված կեղծ հիմքերի հիման վրա, պատերազմին չմասնակցած 21 անձանց եւ Կ.Գիլոյանին 2021թ. հունվար-հուլիս ամիսներին փոխանցվել է 3.775.836 ՀՀ դրամ գումար։ Իսկ պատերազմին մասնակցած, սակայն մասնակցության օրերը հավելագրված 53 անձի նույն ժամանակահատվածում փոխանցվել է 4.097.479 ՀՀ դրամ գումար, ընդհանուր՝ 7.875.315 ՀՀ դրամ: 2021թ. փետրվարին «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սեւանի մասնաճյուղի ղեկավար Վ. Սաղաթելյանը եւ «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Գ. Մարգարյանը, Վ.Սարգսյանից տեղեկանալով վերոնշյալ հանցավոր մեխանիզմի կիրառման մտադրության մասին, համաձայնվել են, որ հավելագրված գումարներ փոխանցվելու դեպքում պատերազմին մասնակցած իրենց ջոկատների ընդհանուր 53 անձանցից 37-ը դրանք կկանխիկացնեն եւ գումարի հավելագրված մասը կփոխանցեն նրանց, ինչն իրականացվել է, եւ հավելագրված ընդհանուր շուրջ 2մլն ՀՀ դրամ գումարը Վ. Սաղաթելյանի եւ Գ. Մարգարյանի կողմից փոխանցվել է Վ. Սարգսյանին ու վերջինիս հանցակիցներին:

Վերոգրյալ հանցավոր արարքները չբացահայտվելու եւ հափշտակված գումարների հիմքերն օրինականացնելու նպատակով Կ. Գիլոյանը 2021թ. մարտի 15-ին իր ղեկավարած ՀԿ-ի անունից նախկին կեղծ գրությանը գրեթե նույնաբովանդակ 2 գրություններ է հասցեագրել ՊԲ հրամանատարին, ինչպես նաեւ Վ. Սարգսյանի հետ համատեղ արդեն իսկ կեղծված փաստաթղթերն իրացրել են մի շարք անձանց, որոնք դրանք ներկայացրել են ԶՀԾ ստորաբաժանումներ:

Բացի այդ, հիշյալ քրեական վարույթի շրջանակներում գործով անցնող Վ. Սարգսյանին պատկանող՝ Աբովյան քաղաքում գտնվող բնակարանում իրականացվող խուզարկության ժամանակ Աբովյան քաղաքի բնակիչ Ա. Ներսիսյանը, նշված քննչական գործողությունը կատարող քննիչի կողմից ներգրավվել է որպես ընթերակա։ Վերջինիս պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր պարտականությունների, որպես ընթերակա՝ այդ պարտականությունները չկատարելու դեպքում հնարավոր պատասխանատվության մասին։ Սակայն վերջինս գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով չի հայտնել իր եւ Վ.Սարգսյանի միջեւ առկա մտերիմ կապի եւ պետությունից խարդախությամբ գումարներ հափշտակելուն վերջինիս իր կողմից օժանդակելու մասին։ Ավելին, Ա. Ներսիսյանը, առանց նշված քննչական գործողությունը կատարող քննիչի թույլտվության, խուզարկության վայրից վերցրել է առգրավման ենթակա մի շարք փաստաթղթեր եւ դիմել փախուստի: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Կ. Գիլոյանին, Վ. Սարգսյանին եւ Ա. Ավանեսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Գ. Մարգարյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով, Վ. Սաղաթելյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, իսկ Ա. Ներսիսյանին՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով: Վ. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։ Պետությանը պատճառված 7.875.315 ՀՀ դրամ վնասից 5.207.825 ՀՀ դրամը վերականգնվել է: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

 

 

 

ԴԵՂԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

ՀՀ ՊԵԿ ներքին անվատանգության վարչության եւ Արեւմտյան մաքսատուն- վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներմուծման երկու փորձ:

 

Օրերես Բագրատաշենի մաքսային կետ-բաժին են ժամանել ՀՀ քաղաքացիներ` հայր եւ որդի Ս. Գ.-ն եւ Ա.Գ.-ն, իրենց մարդատար տրանսպորտային միջոցներով։ Մաքսային տեսուչի հարցմանը՝ արդյոք վերջիններս ունեն հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացիները պատասխանել են, որ չունեն: Հսկողություն իրականացնելու նպատակով մեքենաներն ուղարկվել են խորը զննման անգար: Արդյունքում առաջին մեքենայի պահեստային ետեւի նստատեղի եւ գազաբալոնի միջեւ գտնվող հատվածից եւ ետեւի կողային դռների միջից՝ պաստառի տակ, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ` տարբեր տեսակի եւ արտադրության դեղամիջոցներ, դեղորայքի դատարկ տուփեր՝ 41 կգ ընդհանուր քաշով։ Հաջորդ մեքենայի կողային դռների միջից` պաստառի տակ, հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի եւ արտադրության դեղամիջոցներ եւ դեղորայքի դատարկ տուփեր՝ 40,5 կգ ընդհանուր քաշով։ Ապրանքները վերցվել եւ ի պահ են հանձնվել «Տրանս Ալյանս» ՍՊԸ մաքսային տերմինալի պահեստ: Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ:

 

 

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարեկային ծառայողների հետ երկօրյա համատեղ վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Տեսչական մարմնից  հայտնում են, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները մշտադիտարկել են 40 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում 14 տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ առանց համապատասխան լիցենզիայի փոխադրումներ իրականացնելու հիմքով։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ուղեւորափոխադրումներ իրականացնողների նկատմամբ վերահսկողությունը պարբերական է, ուստի հորդորում է փոխադրումներ իրականացնել համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, հակառակ դեպքում կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի։

 

 




Լրահոս