Լուսանկարն արվել է Երեւանում
97 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը Էրեբունի վարչական շրջանում հայտնվել է քանդված ասֆալտի փոսերից մեկում։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ամուսնալուծվելու համար ի՞նչ փաստաթղթեր պիտի ներկայացվեն:
Իզաբելլա Արամյան (35 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ամուսինների միջեւ առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում։
Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձեւակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնության վկայական (առկայության դեպքում), ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար, ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով, ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում։
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ։ Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10000 ՀՀ դրամ։ Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող եմ մարդու իրավունքների պաշտպանի հետ կապվել:
Գրիգոր Ստեփանյան (55 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բողոքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվում է գրավոր կամ բանավոր կարգով: Գրավոր կարգով ներկայացվող բողոքները քաղաքացին անձամբ կարող է ներկայացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, ուղարկել փոստային ծառայության միջոցով կամ ներկայացնել առցանց բողոք:
Բողոքի համար որեւէ հատուկ ձեւ սահմանված չէ, սակայն բողոքում պետք է նշված լինեն դիմողի անուն-ազգանունը, բնակության վայրը (հասցեն), հեռախոսահամարը կամ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բողոքում պետք է նշվեն նաեւ մարդու խախտված կամ խախտվող իրավունքների մասին տեղեկությունները: Եթե դիմողն ունի գործի պարզաբանման եւ լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր, ապա դրանք կարող են կցվել բողոքին: