«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցումը հասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին, սակայն նա դեռեւս չի ներկայացել նախաքննական մարմին։ Տեղեկացանք, որ Արսեն Թորոսյանը, որն օրումեջ հայտարարում էր, թե պահանջում է իրեն հարցաքննեն, հիմա է՛լ չի ներկայանում ՀԿ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատգամավորը քննիչի հետ հարմարեցնում է իր հարցաքննության օրն ու ժամը, որպեսզի ներկայանա, ու գործընթացը երկարում է դեռ։
Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի՝ նոյեմբերի 22-ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության:
Ասել է թե՝ նախաքննական մարմինը պատրաստվել է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, սակայն իրավապահ համակարգում գնահատական է հնչել, որ նրան մեղադրանք առաջադրելու պահը դեռեւս չի հասունացել: Արդեն իսկ քրեական գործով մի շարք ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին: Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:
Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության՝ «CՕVID-19»-ի ախտորոշման եւ բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաեւ «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար կենաց-մահու հարց է դարձել Երեւանում իշխանություն պահելը. անվտանգային ու մյուս բոլոր հարցերը թողած՝ ողջ ռեսուրսով լծվել են ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին: Ինչպես հայտնի է, ՔՊ նախընտրական շտաբը ավագանու ընտրություններում գլխավորելու է Արմեն Փամբուխչյանը, որն այսօրվանից առանց աշխատանքի է մնում, քանի որ գլխավորած ԱԻ նախարարությունն այսօրվանից լուծարվում է. ՔՊ գլխավոր շտաբը Հյուսիսային պողոտայում է գտնվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հիմա էլ իշխանականների համար օրակարգային է շտաբի պետի տեղակալներ գտնելու հարցը, որոնք Արմեն Փամբուխչյանին կօգնեն նախընտրական քարոզարշավը կազմակերպելու եւ համակարգելու ծանր աշխատանքում: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները փորձում են գտնել մի թեկնածուի, որը կկարողանա հարկ եղած դեպքում ՔՊ-ականներին հավաքել շտաբում, ում խոսքը լսելի ու ազդեցիկ կլինի թիմում բոլորի համար: Ինչպես մեր աղբյուրները փոխանցեցին՝ այս հարցում կարեւոր է հատկապես Տիգրան Ավինյանի «դաբրոն», որը շատ բծախնդիր է ամեն հարցում: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ՔՊ-ում արդեն ավարտին կհասցնեն նախապատրաստական ողջ աշխատանքները ու կսկսեն քարոզարշավին պատրաստվել:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը 2020 թվականի օգոստոսին բնակարան է գնել Արաբկիր վարչական շրջանում։ Նա հանդիսանում է այդ բնակարանի միանձնյա սեփականատերը։ Նա, սակայն, ներկայացրել է նաեւ երկու բնակարան, կրկին՝ Արաբկիրում, որը 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք է կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն։ Պատգամավորը շարժական գույք չի հայտարարագրել։ Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բանկային հաշվին առկա նրա դրամական միջոցները տարվա ընթացքում տատանվել են. տարվա սկզբում նա մի հաշվին 0 դրամ է ունեցել, որը տարվա վերջ դարձել է 933 հազար դրամ, իսկ 877 հազար դրամից էլ մնացել է 2 հազար դրամ։ Առձեռն հայտարարագրած 8 մլն 500 հազար դրամը տարվա վերջում դարձել էր 11 մլն դրամ։ Նրա միակ եկամուտը եղել է պատգամավորական աշխատավարձը՝ 8 մլն 234 հազար դրամի չափով։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 30 մլն 935 հազար դրամ է կազմել։ Հակոբյանի հայտարարագրած միակ ծախսը եղել է 3 մլն 169 հազար դրամը, որը ծախսվել է վարկերի մարման համար։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել Արցախի պատգամավորների հետ.հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հարությունյանի եւ Արցախի պատգամավորների փակ հանդիպումից: Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգային հարցեր, ինչպես նաեւ օրենսդրական նախագծեր, նախագահը ներկայացրել է 2022 թվականի ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի Արցախի աղբյուրներն են հայտնում, Արայիկ Հարությունյանը բավականին ընկճված է եղել, անորոշ ու ոչ հուսադրող հայտարարություններ է արել Արցախի հետագա ճակատագրի, ճանապարհների շրջափակման մասով: Արայիկ Հարությունյանը մասնավորապես ասել է, որ իրենց ձեռքում ոչինչ չկա, պետք է պայքարեն, իրենց ձայնը բարձրացնեն, բայց խնդրի լուծման բանալին իրենց ձեռքում չէ: Պատգամավորները Հարությունյանից հետաքրքրվել են՝ տեղյակ է արդյոք՝ ինչ են բանակցում Հայաստանի իշխանությունները, կապի մեջ է արդյոք նրանց հետ։ Հարությունյանը թեեւ ոչ ուղիղ, բայց հասկացրել է, որ իրեն էլ տեղյակ չեն պահում բանակցությունների մասին: Պատգամավորները Հարությունյանի խոսքից հասկացել են, որ նա էլ այլեւս ոչ մի հույս չի կապում Հայաստանի իշխանությունների հետ, Արցախի ապագան անորոշ է, պետք է հույսները միայն իրենց վրա դնեն: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ նրանք նույնպես ցանկանում են՝ շուտ լուծվի խնդիրը, բայց, մյուս կողմից, չեն կարող ուղիղ առճակատման մեջ մտնել ադրբեջանցիների հետ. նրանց առաքելությունը խաղաղության պահպանումն է։