ԴԱՎԱԴԻՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանարամասներ են հայտնի դարձել Փարաքարում 36-ամյա տղամարդու մեքենան պայթացնելու միջոցով նրան սպանելու դեպքից:

 

2022 թվականի հունիսի 23-ին Փարաքար գյուղի Գետափի փողոցում մեքենայի պայթյունի հետեւանքով վնասվածքներ էր ստացել Փարաքարի 36-ամյա բնակիչ Վարազդատ Բարոյանը, որը մահացել էր: Պարզվել է, որ նրա մեքենայի մեջ ռումբ են տեղադրել եւ սպանել են։ Գործով պարզվել է, թե ինչպես են նախապատրաստել նրա սպանությունը։ Արթուր Ասատրյանը մեղադրվում է հետեւյալ հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար. նա, Յուրիկ Գրիգորյանի եւ վարույթով դեռեւս չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Վարազդատ Բարոյանին սպանելու նպատակով ապօրինի կերպով ձեռք են բերել շուրջ 100 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ պարունակող անկաղապարավոր լիցքով ինքնաշեն պայթեցման սարք, որը պահել, իսկ 2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում, փոխադրել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Գետափի փողոց, ապա այն տեղադրել Վարազդատ Բարոյանի՝ «ՎԱԶ 21214» մակնիշի, 35PM099 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջեւի ձախ նստատեղի հատվածի տակ՝ ձախ լանժերոնի հետեւի հատվածում, եւ այն էլեկտրադետոնատորի կիրառմամբ հեռակառավարման եղանակով գործադրելով՝ պայթյունի միջոցով, այլ անձանց /շատերի/ կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել են Վարազդատ Բարոյանի սպանությունը, նրան ապօրինաբար, դիտավորությամբ զրկել են կյանքից: Նորագավիթցի Ծուռ մականվամբ Արթուր Ասատրյանը, Թոխմախցի Յուրո մականվամբ Յուրիկ Գրիգորյանը եւ վարույթով դեռեւս չպարզված մի խումբ անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ Վարազդատ Բարոյանի սպանության շուրջ, որն իրագործելու նպատակով Արթուր Ասատրյանը եւ Յուրիկ Գրիգորյանը, ինքնությունը դեռեւս չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, քրեական վարույթով դեռեւս չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք են բերել եւ պահել ինքնաշեն պայթուցիկ (պայթեցման) սարք։ Վարազդատ Բարոյանի սպանությունն իրականացնելուն օժանդակելու համար Արման Բուղդարյանը եւ Արսեն Հայրապետյանը քննությամբ դեռեւս չպարզված ժամանակահատվածում ձեռք են բերել համացանցային հեռավար հասանելիություն ապահովող «Beeline» ապրանքանիշի, «SM25» մոդելի «Անլար» երթուղիչ՝ «Wi Fi» սարք, «A9 WiFi mini DV» մոդելի, անլար եղանակով («WiFi» տեխնոլոգիայով), առցանց կամ իրական ռեժիմում տեսագրություններ են կատարել։ Այնուհետեւ Արսեն Հայրապետյանը Վարազդատ Բարոյանի տեղաշարժը հեռավար տեսահսկելու եւ անհրաժեշտ պահին հանցավոր խմբի մյուս անդամների կողմից նրա սպանությունն իրագործելու նպատակով, «Wi Fi» սարքը նշված տեսախցիկին եւ երկու արտաքին մարտկոցներին միացնելով, պատրաստել է հեռավար տեսահսկման սարք, որը 2022թ. հունիսի 8-ին Արման Բուղդարյանը տեղափոխել է հանցավոր խմբի հավաքատեղի հանդիսացող «Հրաշք Այգի» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածք եւ փոխանցել Արթուր Ասատրյանին, Յուրիկ Գրիգորյանին, Հարություն Ավետիսյանին, Լեւոն Բաբայանին եւ մյուս հանցակիցներին:  Պայթեցման սարքը եւ տեսախցիկը նշված վայրում տեղադրելուց հետո` մինչեւ 2022թ. հունիսի 23-ի ժամը 11:05-ն ընկած ժամանակահատվածը, հանցավոր խմբի անդամներն ինտերնետային կապի տարբեր միջոցներով, այդ թվում՝ խմբի անդամների կողմից օգտագործվող 041-69-10-17 եւ 041-69-10-13 բջջային հեռախոսահամարներով, Արման Բուղդարյանի կողմից ձեռք բերված եւ խմբին փոխանցված վերը նշված բջջային հեռախոսներով հասանելիություն են ստացել Վարազդատ Բարոյանի տան մոտակայքում տեղադրված հեռավար տեսահսկման սարքին ու այդկերպ հսկել են Վարազդատ Բարոյանի տան մուտքի հատվածը, որպեսզի նրա կողմից մուտքից դուրս գալու եւ տան դիմաց կայանված ավտոմեքենան նստելուց հետո հեռակառավարման միջոցով հարմար պահին պայթեցման եղանակով իրականացնեն իրենց հանցավոր մտադրությունը: 2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Վարազդատ Բարոյանը դուրս է եկել իր տնից, նստել է վերը նշված իր ավտոմեքենան եւ ուղեւորվել դեպի Նաիրի փողոց: Շուրջ 100 մետր ընթանալուց հետո` Գետափի փողոցի 15 հասցեում գտնվող տան մոտ, հանցավոր խմբի անդամները Վարազդատ Բարոյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով հեռակառավարման միջոցով գործարկել են նույն ավտոմեքենայի վրա տեղադրված պայթեցման սարքը, որի պայթյունի հետեւանքով առաջացած հարվածային ալիքից՝ բեկորների եւ բարձր ջերմային գործոնի տեղային ներգործությունների հետեւանքով Վարազդատ Բարոյանը ստացել է գլխի, մարմնի, վերին եւ ստորին վերջույթների համակցված, կյանքի հետ անհամատեղելի՝ առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող, մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող պայթյունաբեկորային վնասվածքներ եւ ջերմային այրվածքներ, շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երեւան քաղաքի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12.05-ին, մահացել է: Պայթյունի հետեւանքով Վարազդատ Բարոյանի «ՎԱԶ 2121» մակնիշի, 35 PN 099 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ենթակա չէ վերանորոգման, իսկ վերջինիս պայթեցման, այրման եւ ջերմահարման հետեւանքով պատճառված նյութական վնասի չափը 2022 թվականի հունիսի 23-ի դրությամբ կազմել է շուրջ 2379000 /երկու միլիոն երեք հարյուր յոթանասունինը հազար/ ՀՀ դրամ: Այս արարքի համար մեղադրյալի աթոռին են հայտնվել 5 անձ, որոնք կալանավորված են:

 

 

 

 

Ո՞Վ ԷՐ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԱԾԸ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հունիսի 29-ին Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ հեղուկ գազի լցակայանի հետնամասում գտնվող «DAF H4EN3» բեռնատարի կցորդիչի վրա առկա հեղուկ գազի ցիստեռնից հողի մեջ տեղադրված հեղուկ գազի ցիստեռնը լիցքավորելու ընթացքում առաջացած պայթյունի հետեւանքով հիվանդանոցում մահացածի ինքնությունը։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Մնացականյանն էր, որն աշխատում էր LPG լցակայանում՝ որպես հերթափոխի պետ։

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 29-ին արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում գործող ավտոգազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, եւ կա տուժած: Դեպքի վայր է ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս անհայտ հանգամանքներում գազալցակայանի տարածքում՝ հողի մեջ տեղադրված 3 ցիստեռները հեղուկ գազով լիցքավորելու ժամանակ պայթյուն է առաջացել, եւ փլուզում է տեղի ունեցել, ինչի հետեւանքով գազալցակայանի աշխատակիցը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն  է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Երեւանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը: Տեղում, սակայն, պարզվել է, որ տարածքը սպասարկվում է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից, ինչի համար էլ, մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի հանձնարարականով, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի խումբը՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի եւ գազալցակայանի սեփականատիրոջ ինքնությունը:  Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Մասիսի քննչական բաժնի պետի տեղակալ Արթուր Բաբայանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչներ Արտակ Բադալյանի եւ Ռոման Սմոյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 27-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախկին նախագահ Ժ.Հ.-ից եւ նրա հետ փոխկապակցված մեկ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել

Երեւան քաղաքում գտնվող մեկ անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որը կազմում է 38 մլն 800 հազար դրամ,

80 հազար ԱՄՆ դոլարի չափով ներդրված ավանդներ, ինչպես նաեւ 130 մլն 875 հազար 843 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ,

4 մլն 287հազար 647 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ ենթակա է բռնագանձման՝ հիմք ընդունելով օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։

 

 

 

 

ՈՐՈՇՈՒՄ՝ ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ

Երեկ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը հայտնեց, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նախկին ոստիկանապետի գործով հայտարարեց նախաքննության ավարտ եւ երկու դրվագներով նոր մեղադրանքներ ուղարկեց դատարան:

«Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են եւ մեկ մարդու երեւակայության արդյունքում կազմված զեկուցագրի հետեւանք: Մենք այս քրեական հետապնդումը չենք դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ առկա է եղել օրենքով նախատեսված զեկուցագիր, որի հիման վրա իրականացվում են իրավական գործընթացներ: Մենք վստահ ենք՝ Վլադիմիր Գասպարյանն արդարացվելու է, իսկ զեկուցագիրը ներկայացրած անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության սուտ մատնություն կատարելու համար: Մենք խախտում ենք հայտարարված լռությունը, քանի որ այն ստեղծել է սխալ ընկալումներ հանրության շրջանում»,- նշել է նա։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս