ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՈՒ ԿՆՈՋ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին տարբեր բարձր պետական պաշտոններ զբաղեցրած Արմեն Գեւորգյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք, որից երկուսը հողամաս է, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում, մյուս 7 գույքի տվյալները պաշտպանված են: 

 

Նա չի հայտարարգրել որեւէ տրանսպորտային միջոց, սակայն հայտարագրել է LEXUS մակնիշի մեքենա, որը փաստացի պատկանում է կնոջը, բայց շահագործվում է նաեւ պատգամավորի կողմից. այն, ի դեպ, կինը նվիրատվություն է ստացել:

Գեւորգյանի բանկային հաշիվների մնացորդները ընդհանուր առմամբ կազմել են 12 մլն 495 հազար դրամ եւ 3 հազար 343 դոլար: Սրանք այն տվյալներն են, որոնք բաց եւ թափանցիկ ներկայացված են, մյուս տվյալների դեպքում գումարի ստացման աղբյուրը, նախորդ տարվա տվյալները պաշտպանված են: Իշխանականների հետ մշտապես գործուղումների մեջ գտնվող պատգամավորի կանխիկ դրամական միջոցները հայտարարատու տարում կազմել են  1 մլն 250 հազար դրամ, 2,750 դոլար եւ  850 եվրո:

Ընդհանուր առմամբ, Գեւորգյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 10 մլն 642 հազար դրամ, որից 6 մլն 836 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից: Ֆինանսական 6 տվյալ պաշտպանված է, նույնիսկ անվան եւ ազգանվան հատվածը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ պատասխանեցին, որ դա կա՛մ տեխնիկական խնդիր է, կա՛մ դրանք անչափահասի տվյալներ են։ Առաջանում է հարց՝ ինչո՞ւ է պատգամավորի հայտարարագրում եկամուտների բաժնում ներառված անչափահասի եկամուտներ, եթե այն միայն պատգամավորին է պատկանում։

Հիշեցնենք նաեւ, որ 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի հորը՝ Անդրանիկ Գեւորգյանին, մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով, նաեւ այն արարքի կատարման համար, որ նա թաքցրել եւ խեղաթյուրել է որդու` Արմեն Գեւորգյանի կողմից ստացած կաշառքի գումարի իրական բնույթն ու ծագումը եւ օրինականացրել առանձնապես խոշոր չափերի՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլարը: Գեւորգյանի կինը՝ Թամարա Գեւորգյանը, հայտարարագրել է ամուսնու հետ համատեղ սեփականությամբ հողամասը, մեկ համատեղ սեփականությամբ բնակարան եւ ավտոտնակ, որը նվիրատվություն է. տունը եւ ավտոտնակը գտնվում են Երեւանի Կենտրոն վարչական շրջանում: Թամարա Գեւորգյանի հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 7 մլն 170 հազար չեխական կրոնա, որը «Ռուբենդյան հոլդինգից» է:

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 263 հազար դրամ, 549 եվրո եւ 15 հազար դոլար, որոնց փոխանցման աղբյուրները գաղտնի են: Կանխիկ դրամական միջոցները հաշվետու տարում կազմել են 30 հազար դոլար,16 մլն 500 հազար դրամ եւ 14 հազար եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 538 հազար դրամ, որից 8 մլն 269 հազարը ստացել է ամուսնու կողմից, իսկ 9 մլն 600 հազար դրամը նվիրատվություն է  Ժաննա Արսենի Գեւորգյանից,  3 հազար եվրոն՝ Սահակյան Կարմենից:

Պատգամավորի կինը 2022 թվականին ձեռք է բերել 2 հազար 500 եվրո արժողությամբ բաժնեմաս «ՌԱԻ ԱՋԵՆՍԻ» ՍՊԸ-ից եւ հայտարարագրել է եւս երեք բանեմաս, որից մեկը նվիրատվություն է Դիանա Տեր-Գրիգորյանից եւ Նարինե Հովհաննիսյանից, մյուսի արժողությունը կազմում է 140 հազար կրոնային համարժեք  2 մլն 480 հազար դրամ, իսկ երրորդը՝ 25 հազար դրամ։

 

 

 

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Երեւանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։

 

Մոսկվայում Բաբկեն Սեդրակյանը հանդիպել է խոշորագույն շինարարական ընկերության «Մոսմետրոստրոյ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի հետ։

«Երեւանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն կարեւորել է «Մոսմետրոստրոյ» ընկերության դերը Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի հարցում, ինչպես նաեւ առկա խնդիրները համատեղ ջանքերով լուծելու առումով»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երեւանի մետրոպոլիտենի զարգացմանը, վերակառուցմանը եւ արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որից հետո մասնակիցները շրջայց են կատարել «Մոսմետրոստրոյ» ընկերությունում։

Հիշեցնենք` 2022թ-ի հոկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024թ-ին, իսկ մինչ այդ ընթանում են նախագծման աշխատանքներ, որոնց ընդհանուր արժեքը 1 մլրդ 845 մլն դրամ է։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նոյեմբերի 20-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը նշված ընկերությանը հանձնելու արարողությունը: Քաղաքապետարանի ծրագրով՝ 525 մետր երկարությամբ մետրոյի նոր կայարան տանող ճանապարհը պետք է անցնի թունելով, որի շինարարությունը սկսվել է դեռ ԽՍՀՄ տարիներին ու անավարտ է մնացել:

Նշենք նաեւ որ վերջերս Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ շուտով մետրոյի եւս մեկ միջանկյալ կայարան կկառուցվի «Փեթակ» առեւտրային կենտրոնի հարեւանությամբ։

 

 

 

 

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԻ՞

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրում որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, այնինչ 2022 թվականի ընթացքում ձեռք է բերել 2021 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա 14 միլիոն դրամով։

Տվյալ տարվա վերջում առկա չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող մեկ գույք է հայտարարագրել Վարդանյանը, որը գեղանկար է եւ նվիրատվություն, եւ արժեքը նշված չէ։

Նախկին ՀՅԴ խմբակցության ղեկավարի բանկային հաշիվների մնացորդները կազմում են 1 մլն 862 հազար դրամ եւ 5 հազար 454 դոլար, իսկ կանխիկ դրամական միջոցները 10 հազար դոլար եւ 65 մլն դրամ։ Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 6 մլն 621 հազար դրամ, որից 6 մլն 021 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմից, իսկ 600 հազար դրամը՝ կեսաթոշակ ID Bank-ից։

Պատերազմից հետո ՔՊ-ականների անկումը կանխատեսող պատգամավորի կինը՝ Ցողիկ Բեժանյանը, տարեսկզբին հայտարարագրել է միանձնյա հողամաս Տավուշի մարզում, որը տարվա ընթացքում օտարվել է 6 մլն դրամով։ Կնոջ բանկային ավանդները տարեվերջին կազմել են 7 մլն 400 հազար, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 150 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 մլն դրամ։ Բեժանյանի տարեկան եկամուտները կազմել են 7 մլն 085 հազար դրամ։

Նշենք նաեւ, որ Աղվան Վարդանյանի հետ համատեղ բնակվող որդին՝ Վահե Աղվանի Վարդանյանը, եւ Վարդուհի Լեւոնի Վարդանյանը հայտարարագիր չեն ներկայացրել։

 




Լրահոս