Դատավորների ժողովը թեժ է լինելու. իշխանությունն ամեն գնով ԲԴԽ-անդամ է ուզում ընտրել ԱԱԾ-ականի դատավոր որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր դատավորների ժողովը թեժ է լինելու։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատավորները պահանջելու են ժողովը դռնբաց անցկացնել, որպեսզի լրագրողներն անձամբ տեսնեն, թե ինչպես է ընթանում ժողովը։ Մնում է տեսնել, թե իշխանության սրտի դատավոր Լիլիթ Թադեւոսյանը կթողնի իր վախերը եւ դրական որոշում կկայացնի, թե ոչ։

Սակայն սա վերջը չէ։ Ըստ դատական համակարգից մեզ հասած լուրերի՝ Մեսրոմ Մակյանի փոխարեն ԲԴԽ անդամ են ամեն գնով ցանկանում տանել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանին, որի հայրը՝ էդիկ Հովհաննիսյանը, նախկինում աշխատել է ԱԱԾ-ում եւ եղել է Արմավիրի մարզի ԱԱԾ վարչության պետը: Բայց նրան ԲԴԽ տանելու հարցում մեծ ջանքեր է գործադրում ԲԴԽ-անդամ Արթուր Աթաբեկյանը, քանի որ Էդգար Հովհաննիայանը իր ընկերն է, Իսկ Աթաբեկյանն էլ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավոր, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի քեռու տղան է։

Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն և, ըստ այդմ, ԲԴԽ-ում առաջացել է դատավոր անդամի թափուր տեղ։ ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության օրակարգով Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով 2023թ հուլիսի 19-ին՝ ժամը 16.00-ին դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։ Ինչպես պարզվեց՝ ծանուցումներ չեն ստանա Երևանի քրեական դատարանի դատավորները, ինչն առաջին անգամ չէ։ Ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովին ևս Դատական դեպարտամենտը ծանուցագրեր ուղարկել է միայն Սնանկության դատարանի դատավորներին՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է ԲԴԽ-ում ապահովել նաև Սնանկության դատարանի դատավորների մասնակցությունը։ Ինչպես նախորդ, այնպես էլ՝ այս անգամ ԲԴԽ-ից ստացված պարզաբանման համաձայն՝ անհարժեշտ է ԲԴԽ-ում ապահովել մարզերից դատավորների մասնակցությունը, մինչդեռ ակնհայտ է, որ ԲԴԽ-ն խուսափում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների մասնակցությունից, քանի որ Երևանում կան դատավորներ, որոնց կառավարել իշխանություններին չի հաջողվում, և նրանց ԲԴԽ-ում հայտնվելը, մեղմ ասած, խնդրահարույց կլինի Կարեն Անդրեասյանի և իշխանությունների համար։ Ըստ այդմ, որոշել են մարզերից հեշտ ենթարկվող դատավոր ներառել ԲԴԽ կազմում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել միայն մարզերի դատարանների դատավորներին ծանուցելու որոշումը և որպես հետևանք ծանուցել բոլոր դատավորներին, որոնք համապատասխանում են ԲԴԽ անդամի պահանջներին, ինչպես նաև՝ միջնորդել էր հայցի ապահովման միջոց կիրառել.հայցը վարույթ է ընդունվել, հայցի ապահովման միջնորդությունը՝ մերժվել։

ԲԴԽ-ից տեղեկացել ենք, որ Դատական դեպարտամենտը ծանուցել է ԲԴԽ անդամի համար օրենքով սահմանված պահանջներին բավարարող 22 դատավորի՝ ՀՀ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից, որոնցից 19-ը դիմում են ներկայացրել՝ խնդրելով իրենց անունները չներառել քվեաթերթիկներում։ Միևնույն ժամանակ, ներկայացվել է 3 դատավորի՝ բարեվարքության լրացված հարցաթերթիկ։ Ըստ այդմ, քվեաթերթիկներում ներառված է երեք դատավորի անուն՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

Քնար Մանուկյան




Լրահոս