«Ժողովուրդ»-ը գրում է`
Մարտի 1-ի վեցերորդ տարելիցի օրը ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթում, ի թիվս այլ կարևոր մտքերի, խիստ ուշագրավ էր Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը: Տեր-Պետրոսյանը, որի թիմն անցնող ամիսներին ամեն հնարավոր առիթով քննադատում էր Սերժ Սարգսյանին` սեպտեմբերի 3-ին ՄՄ-ին անդամակցելու իր որոշումը ժողովրդի վզին փաթաթելու համար, հայտարարեց. «Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին: Ըստ այդմ` թե՛ Կոնգրեսը, թե՛ ընդհանրապես ոևէ քաղաքական ուժ իր հաշվարկները կատարելիս այսուհետև պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը, ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետևանքների»:
Սեպտեմբերի 3-ից ի վեր` սա երկրորդ անգամ էր, որ Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Մաքսային միությանը: ՀԱԿ քաղխորհրդի նիստում ունեցած իր առաջին ելույթում նա արգելել էր Պուտինի հասցեին որեւէ թթու խոսք ասել: Հիմա էլ, փաստորեն, արձանագրում է, որ ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցումն «անշրջելի գործընթաց» է, և սա այն դեպքում, երբ Հայաստանը դեռևս անդամակցության որևէ փաստաթուղթ չի ստորագրել: Եվ ուրեմն` որն է դեռևս չկայացած փաստը «անշրջելի» որակելու` Տեր-Պետրոսյանի նպատակը: ՀԱԿ առաջնորդն այս հարցի պատասխանը բավականին անթաքույց կերպով ներկայացնում է իր ելույթի հաջորդ նախադասությունում. «Այս իրողության հաստատմամբ, ինքնաբերաբար, տրվում է նաև մեր դրած հարցի պատասխանը. այն է` Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առաջ, որը թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում վայելած հարգանքի ու վստահության շնորհիվ, ի վիճակի է այդ միության ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները` հասցնելու նվազագույնի»: Ասել է թե` Տեր-Պետրոսյանն ասում է` Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչպես տեսար` ես արգելել եմ որևէ թթու բառ ասել քո մասին, հիմա էլ ասում եմ` մենք ավելի լավն ենք, քան Սերժ Սարգսյանը, և եթե նա դեռ Եվրոպայի հետ սեթևեթելու փորձեր է անում, ապա ես միանգամից արդեն ասում եմ. Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունն անշրջելի է, իսկ Եվրոպայի մասին էլ խոսք անգամ չի կարող լինել: