«ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ». ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ:

 

-Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում առաջին անգամ նշանակվեցիք դեսպան: Ի՞նչ նախապատմություն կա առաջին նշանակման հիմքում: Կխնդրեմ համառոտ պատմեք, թե ինչպես ընդունեցիք այդ առաջարկը:

-Առաջին դեպքում  այս պաշտոնի առաջարկը ստացել եմ իմ երկրի՝ Գերմանիայի  արտաքին գործերի  ծառայության կողմից. ես արդեն  եղել էի այստեղ, իսկ Եվրամիության համակարգում՝ դա իմ որոշումն էր: Դու դիմում ես, քեզ ընտրում են: Հայաստանում 2018-ին տեղի ունեցած  հեղափոխությունից հետո  շատ մեծ էր ցանկությունս այդ փոփոխության մասը լինել, եւ սա էր հիմնական պատճառը, որ ես 2019 թվականին եկա Հայաստան առաջին անգամ: Հայաստանի վերաբերյալ իմ ընկալումները լիարժեք չէին: Բնականաբար, գիտեի, թե ուր եմ գնում, ինչ երկիր է, գիտեի՝ ընդհանուր քաղաքական ինչ վիճակ է, բայց երկրորդ անգամ երբ վերադարձա, նորովի բացահայտեցի երկիրը։  Հասկացա, որ սա միանգամայն այլ երկիր է: Հեղափոխությունից հետո մեծ փոփոխություններ էին տեղի ունեցել մարդկանց շրջանում, Երեւանն այլ էր, կարելի է ասել՝ ավելի ակտիվ ու բաց քաղաք էր՝ գաղափարներով ու տեսլականներով լի:

-Երբ արդեն երկրորդ անգամ, որպես ԵՄ դեսպան, նշանակվեցիք, եկաք Հայաստան, ո՞վ կամ ովքե՞ր դիմավորեցին Ձեզ, եւ  ինչպիսի՞ փոփոխություններ նկատեցիք մեր երկրում առաջին հայացքից:

-Կեսգիշերին ինձ դիմավորեց պատվիրակության ամբողջ անձնակազմը, եւ դա շատ հետաքրքիր փորձ էր, նրանք  էլ էին հոգնած, ես էլ, բայց ընդունելությունը շատ ջերմ  էր: Հետո օրեր էին լինում, որ ես գնում էի ինձ ծանոթ  վայրեր, փորձում էի այցելել ինձ հետաքրքիր սրճարաններ, նախկինից ծանոթ կամ նոր վայրեր, որոնք փորձում էի բացահայտել: Հին վայրերից  բոլորը չէ, որ գտա, սակայն այն, ինչ գտա, զգացի, որ դրական փոխվել են: Հայաստանում իմ երկրորդ առաքելության սկիզբն իսկապես  դրական էր:

-Դուք ուրիշ մշակույթ, կենցաղավարություն եւ ավանդույթներ ունեք: Հայաստանում առկա ավանդույթների, կենցաղի ու մշակույթի մեջ ի՞նչ նմանություններ եք գտել, ինչպե՞ս եք հարմարվել մեր սովորույթների հետ:

-Նախ պետք է նշել, որ հետաքրքրասեր մարդ եմ: Այս մասնագիտությունն էլ ընտրել եմ, որպեսզի հնարավորություն ունենամ  այլ մշակույթ ունեցող վայրերում  ապրել: Եվ դա նշանակում է, որ պետք է կարողանալ ճանաչել այլ մշակույթ կրող մարդկանց ու հասկանալ՝ նրանց հետ ինչպես են աշխատել: Եթե դիվանագետը հավատարիմ  մնա իր երկրի մտածելակերպին, ապա անհնար կլինի հասկանալ այլ երկրի մտածելակերպը, եւ այդ առումով ես բավականին բաց եմ: Յուրահատկություններից կարող եմ նշել հայերի հյուրընկալությունը եւ հյուրասիրությունը, որը եվրոպացու համար կարող է երբեմն շատ թվալ, սակայն այստեղ պարզապես ընդունված է իրար այդ միջոցով հարգել-պատվել, ուտել-խմել: Ես մի օր պարզապես սկսեցի պայման դնել մարդկանց առջեւ. ես կընդունեմ Ձեր հրավերը, եթե ինձ չստիպեք ուտել-խմել:

-Հայաստանի քաղաքացիներին, կանանց, լրագրողներին, քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին ի՞նչ խորհուրդ կտաք՝ որպես ԵՄ դեպան. Ձեր ազդեցիկ խոսքը շատ կարեւոր է:

-Կարծում եմ՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը դժվար եւ բարդ ժամանակաշրջան են անցել: Ես այստեղ էի Քովիդ համավարակի ժամանակ, պատերազմի ընթացքում, որից հետո՝ ներքին քաղաքական հարցերը, արտահերթ ընտրությունները, ցույցերը եւ այլն: Այս ամենի լուծումը միայն երկխոսությունն է: Գուցե դժվարություններից ելնելով՝ մարդիկ հաճախ դիմում են ատելության խոսքին, շատ են քննադատում մյուսներին, առանց նրանց լսելու: Ցանկալի է, որ այդպես չլիներ: Հայերը մեծ ներուժ ունեցող, ստեղծարար մարդիկ են: Այստեղ  ունեք տեղեկավական տեխնոլոգիաների ոլորտի ուղղությամբ մեծ հնարավորություններ, եւ անհրաժեշտ է, որ մարդիկ համատեղեն ջանքերը,  այլ ոչ թե պայքարեն միմյանց դեմ: Այստեղ ես տեսնում եմ հասարակության կոնկրետ խմբեր, եւ այն, ինչ նրանք անում են, առողջ չէ: Շատ է ապատեղեկատվությունը: Իսկապես կուզեի, որ էթիկական կանոններ պահվեին հենց լրագրության մեջ, կարողանային զարգացնել երկիրը յուրաքանչյուրն իր ոլորտում: Երիտասարդներն այնքան շատ էներգիա ունեն, նրանք ուզում են տեսնել ու անել փոփոխություններ, եւ հենց դրա համար ես նրանց շատ եմ սիրում: Առանց անտեսելու բարդ իրավիճակները, ես ցանկանում եմ մաղթել  Հայաստանին, որ հաջորդ տարում արդեն կարողանան տարբեր ոլորտներում հասնել զարգացվածության բարձր աստիճանի, գտնել դրական օրակարգի իրականացնում այս դժվար ու բարդ օրերում եւ անպայման շարունակել ժողովրդավարական ուղին. սա շատ կարեւոր է Հայաստանի համար:

-Երբ Հայաստանից գնաք, ի՞նչ եք Ձեզ հետ տանելու:

-Քանի որ ես արդեն եղել եմ այստեղ, եղել են, իհարկե, իրեր, որոնք ինձ հետ տարել եմ, կան որոշները, որոնք հետ եմ բերել նույնիսկ, որպեսզի նորից տարե, օրինակ՝ Ալբերտ Վարդանյանի ստեղծագործած իմ ամենասիրելի արձանիկը եւ, իհարկե, լավ հիշողություններ:

-Որպես տուրիստ՝ կգա՞ք Հայաստան Ձեր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո:

-Միանշանակ կվերադառնամ: Ես պետք է փոքր-ինչ դադար ունենամ, եւ ինձ հաջորդող դեսպանին հնարավորություն տամ սովորելու աշխատանքին, բայց որոշակի ժամանակ անց միանշանակ կվերադառնամ Հայաստան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am կայքում

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ

Խստագույնս դատապարտում եւ անընդունելի ենք համարում Բրյուսելում կայացած վերջին հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։

 

Այս մասին ասված է Արցախի հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ.

«Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները ողջունում եւ շնորհակալություն են հայտնում 470 եվրոպական ՀԿ-ներին եւ միավորումներին, որոնք նամակ են հղել Եվրոպական միությանը եւ Եվրոպական խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։

Չափազանց կարեւորում ենք եվրոպական գործընկերների կոչը՝ ճանաչե՛լ Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես կենսական անհրաժեշտություն։ Կիսում ենք այն տեսակետը, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր լծակները, որպեսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչության ժողովրդավարական կամարտահայտումը, ինչպես նաեւ ստեղծի պայմաններ՝ կայուն խաղաղության եւ անվտանգության համար։

Համոզված ենք, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հարատեւ, արժանապատիվ եւ արդար կարգավորումը պետք է հիմնվի Արցախի ժողովրդի անհատական եւ կոլեկտիվ իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հարգման վրա։

 

 

 

 

ԿԱՌՈՒՑԱԾԻ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ

2017թ. հունիսի 6-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղում տեղի ունեցավ «Թումո»  կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Այդ միջոցառմանը մասնակցում էին  հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, «Սիմոնյան» կրթական հիմնադրամի տնօրեն Սեմ Սիմոնյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, «Կողբ» հիմնադրամի նախագահ Արման Բարսեղյանը, այլ պաշտոնյաներ, արտերկրից բազմաթիվ հյուրեր: Հանդիսավոր արարողության ժամանակ բազմաթիվ ելույթներ հնչեցին, հայտարարվեց, որ «Թումո»   կենտրոնը կկկառուցվի Լոս-Անջելեսից եւ Բուենոս Այրեսից բարեգործների, «Կողբ» հիմնադրամի, Մոնակոյից «Առաքելություն մանկություն» բարեգործական կազմակերպության, Յուքոմի, աշխարհահռչակ «Ֆեդեքս» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական միջոցներով։

Հիմնարկեքի արարողության ժամանակ հայտարարվեց, որ  «Թումո» կենտրոնը  կզբաղեցնի 2200 քառակուսի մետր տարածք, կենտրոն կհաճախեն Կողբից ու Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերից  600-1000 երեխա, կենտրոնի ծառայություններից առավոտյան ժամերին կօգտվեն նաեւ կենտրոնի հարեւանությամբ տեղակայված Կողբի սահմանապահ զորամասի զինծառայողները։ Հիմնարկեքի հանդիսավոր  միջոցառման  ժամանակ հայտարարվեց, որ «Թումո» կենտրոնը կգործարկվի մեկ տարուց։ Անցել է ավելի քան 6 տարի, սակայն կենտրոնը չի գործարկվում։ Անցած 6 տարում մի քանի անգամ «Թումո» կենտրոնի շինարարությունը դադարել է, որի պատճառը եղել է ֆինանսական միջոցների պակասը։ Այժմ կենտրոնի շինարարությունը մտել է  եզրափակիչ փուլ, սակայն հայտնի չէ, թե երբ կսկսվի այդ կենտրոնի շահագործումը։

 

 

 

ԳԱՂՏՆԻ ԲԱՐԵՐԱՐԸ

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ բարերարի աջակցությամբ այժմ վերանորոգվում են Դիլիջան քաղաքի կենտրոնական հրապարակի գիշերային լուսավորության լապտերները։ Դիլիջանի համայնքապետարանի եւ բարերարի միջեւ պայմանավորվածության համաձայն՝ այդ լապտերները համահունչ են լինելու քաղաքի կենտրոնական հրապարակի, դրանց հարակից  շինությունների ճարտարապետությանն ու շրջակա բնությանը։ Համայնքապետարանի հաղորդագրության միջ բարեգործի անունը չի նշվում։ Դրա պատճառը կարող է լինել երկուսը՝ բարեգործը չի ցանկացել, որ իր անունը, թեկուզ բարեգործական ձեռնարկով, առնչվի Դիլիջանի քաղաքի ՔՊ-ական իշխանության հետ, կամ էլ բարեգործի անունով հանդես եկողը նաեւ այլ՝ ոչ բարեգործական  առնչություններ  ունի Դիլիջանի համայնքապետարանի հետ, ուստի նպատակահարմար չի համարվել  նրա անունը հանրայնացնելը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս