ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ) այսօր մասնակցել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի ամփոփմանը:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:
Ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Այն ներառում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմի մշակում և պիլոտային փորձարկում, անհատական ուսուցման պլանի նոր ձևաթղթի մշակում, 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի մշակում, լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ռեսուրս կենտրոնի վերափոխման պիլոտային ծրագրի իրականացնում և այլն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գործընկերներին հաջող համագործակցության համար. «Մենք հաջողությամբ ավարտել ենք ևս մեկ ծրագիր, որի արդյունքների ազդեցությունը նշանակալի է ոլորտի զարգացման համար: Ըստ միջազգային փորձագետների եզրակացությունների՝ ծրագիրն ու նոր գործիքակազմերն իրենց արդյունավետությամբ կարող են ներդրվել այլ երկրներում ևս: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը ստեղծում է միջազգային մակարդակում մրցունակ և կիրառելի արտադրանք»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կլինի շարունակական՝ գործիքակազմերի ընդլայնմամբ նոր խնդիրների լուծման նպատակով: