«Գորիս բարեկարգում» ՀՈԱԿ-ի և ամերիկահայ երիտասարդների նախաձեռնությամբ՝ Գորիսում արցախցիների համար տներ են կառուցում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:
«Համայնքի ղեկավարի հանձնարարականով՝ քարտեզագրվել է համայնքային ենթակայության շինությունները, անբնակ տները, որոնք այս պահին լքված են, բայց ենթակա են վերակառուցման: Համագործակցելով ամերիկահայ երիտասարդ բարեկամների հետ՝ փորձում ենք այդ տները վերակառուցել և տրամադրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այս պահին 2 տան շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտը նախատեսված է մինչև գարուն: Թիրախային ընտրել ենք բազմազավակ և առավել խոցելի պայմաններում գտնվող ընտանիքներին»,- մանրամասնում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:
Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքներն իրականացվում է Գորիսի համայնքի կողմից, իսկ ներսի բարեկարգման աշխատանքների ծախսերը հոգում են ամերիկահայ բարերարները: Շինարարական աշխատանքներին այս պահին անմիջական մասնակցում են նաև երիտասարդ բարերարներից Գարեն Բաբեխանին և Զարեհ Թումանյանը:
«Այլ մարդկանց հետ քննարկումներ ենք կատարում նաև երեք տան շուրջ: Նախատեսված է ևս 2 շենք վերակառուցել, որը հնարավորություն կտա տեղավորելու շուրջ 50 ընտանիքի և, քանի որ Գորիս համայնքն ունի փորձ սոցիալական շենքեր կառուցելու, մտածում ենք նաև հետագայում կառուցել սոցիալական շենքեր՝ բռնի տեղահանված արցախցիների համար»,- նշում է Յոլյանը:
Համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով՝ գորիսեցիների ջանքերով Բարձրավանում երկու բազմազավակ ընտանիքի անվճար բնակարան է հատկացվել: Վերջիններիս տրամադրվել է հողատարածք և ջերմոցներ՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:
«2023թ. սեպտեմբերյան վերջին իրադարձություններից հետո Գորիսում հաստատվել է շուրջ 2000 բռնի տեղահանված արցախցի: Շատերը բնակվում են վարձով, մի մասը բարեկամի տան, իսկ մի մասն էլ հյուրանոցներում, որոնք փորձում են գտնել վարձով բնակարաններ, քանի որ հյուրանոցների միջոցները ևս սպառվում են»,- ասել է Իրինա Յոլյանը:
Նանիկ Աղասյան