ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ԽՄԲԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորանքի հիմքով հայց է ներկայացրել՝ ընդդեմ պատգամավոր Աննա Մկրտչյանի եւ Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի։

 

Հայցերը մուտքագրվել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, երկուսն էլ վերաբերում են վիրավորանքի համար ներողություն խնդրելուն եւ փոխհատուցում վճարելուն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը նշում է՝ Ալեն Սիմոնյանն իրենից պահանջում է ներողություն խնդրել եւ 3 մլն 590 հազար դրամ փոխհատուցում. «Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել էր, որ հայց է ներկայացնելու իմ եւ պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ: Հայցը ստացել եմ, այն վարույթ է ընդունվել: Մոտ 2-3 ամիս առաջ Tert.am-ը հրապարակել էր Ալեն Սիմոնյանի մի գրառում, որտեղ նա ասել էր. «Մեր երեխաներին ազատ, անկախ Հայաստան պետք է ժառանգենք»: Այդ գրառման տակ սոցիալական իմ էջից գրվել է «պոռնիկ» բառը, չնայած այդտեղ ավելի վատ բաներ կար գրված, բայց Սիմոնյանը վստահաբար թիրախավորել է ինձ եւ իմ լրատվամիջոցը: Նա ներողություն է պահանջում խնդրել եւ 3 մլն 590 հազար դրամ փոխհատուցում՝ իբրեւ վիրավորանքի համար:

Հիմա նախ ինքը պետք է ապացուցի, որ այդ բառն իրեն է ուղղված: Դա սոցիալական ազատ տիրույթ է, եւ ես, կարող է, օրինակ, նկատի եմ ունեցել Էրդողանին: Այնտեղ գրված չի, որ այդ բառն Ալեն Սիմոնյանին է ուղղված, ուստի տարօրինակ է, որ իր վրա է վերցրել, բայց եթե այդ բառը լսելուց իրեն թվում է, որ իրեն են նկատի ունեցել, ուրեմն իր խնդիրն է դա: Գուցե ինքն ավելի լավ գիտի՝ ում են նման բառեր ասում եւ ինչի համար, կամ գուցե շատ լավ գիտի՝ ինքն ինչն է արել, որ արժանի է նման բառերի. դա իր խղճի, մտքի եւ բարոյական արժեհամակարգի հարցն է»,- ասաց Անջելա Թովմասյանը:

Ըստ զրուցակցի՝ ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանի նպատակն է թիրախավորել լրատվամիջոցը. «Նա խնդիր ունի լռեցնելու մեզ: Սիմոնյանը մոտ 16 հոգու նկատմամբ նման գործընթաց է սկսել: Ենթադրում եմ՝ շեֆն է հանձնարարել, որ մի քանի լրատվամիջոցով եւ քաղաքական ակտիվով, ընդդիմադիր գործիչներով ինքը կզբաղվի, մի քանիսով շեֆը կզբաղվի:

Սովորաբար նման ակտիվություն, դատական պրոցեսներ, քաշքշուկներ սկսում են այն ժամանակ, երբ չարաբաստիկ նոր վտանգներ կան կախված մեր երկրի գլխին: Մահաբեր գործընթացներից առաջ սովորաբար նման դատական քաշքշուկներ են իշխանությունները սկսում: Ենթադրելի է, որ մութ ամպեր են կուտակվել հիմա Հայաստանի գլխին, ութ գյուղերից են խոսում, միջանցքի մասին են խոսում: Եթե այս ամենը դիտարկենք, ապա ակնհայտ է, որ լռեցնելու պրոցես է գնում: Դուք տեսեք նրա պահանջած մեծ գումարը, ուզում են լրատվամիջոցին վերջնականապես խորը ճգնաժամի առաջ կանգնեցնել, այս խնդիրներն են լուծում:

Ի դեպ, Ֆրանսիայում էլ նման անվանումով քաղաք կա. շատ հավանական է, որ հենց այդ քաղաքն եմ նկատի ունեցել: Ինչո՞ւ է Սիմոնյանը մտածում, որ իրեն եմ նկատի ունեցել»,- հավելեց Անժելա Թովմասյանը:

 

 

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԴԱԴԱՐ

Իսրայելի պաշտպանության բանակը չորս ժամով հումանիտար դադար է հայտարարել Գազայում՝ թույլ տալով խաղաղ բնակիչներին լքել քաղաքը։

Խոսքը տակտիկական դադարի մասին է հումանիտար նպատակներով։

Իսրայելի բանակը նույնպես խաղաղ բնակիչներին կոչ է արել այդ ընթացքում դեպի հարավ շարժվել։

 

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Մ-4 միջպետական ճանապարհին կիրականացվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը:

«Իրականացրել ենք Մ-4 (Երեւան-Սեւան) միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասերի ուսումնասիրություններ… եւ երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով պատրաստվել են կմ10+300, կմ12+150, կմ14+660 եւ կմ16+330 տեղամասերի երթեւեկության կազմակերպման նոր սխեմաներ։

Երթեւեկության կազմակերպման առաջարկվող նոր սխեմաների համաձայն՝ առաջիկայում նախատեսվում է նշված տեղամասերում փակել հետադարձները. փոխարենը վարորդները հետադարձի համար կարող են օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից եւ Աբովյանի տրանսպորտային հանգույցից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երթեւեկության կազմակերպման փոփոխության ժամկետների մասին կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:

Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին, եւ հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը։

 

 

 

ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը 2023 թվականին 30%-ով ավելացրել է զինամթերքի արտադրությունը եւ մոտեցել տարեկան 1 մլն արկ արտադրությանը։

Ինչպես հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը, այդ մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը։

«2023 թվականի փետրվարից մենք 30 տոկոսով ավելացրել ենք զինամթերքի արտադրությունը։ Այսպիսով, մենք կկատարենք տարեկան 1 միլիոն արկ արտադրելու խնդիրը», – ասել է նա։

 

 

 

ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ ԱԺ-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հիշատակը։ Ինչպես տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը, Ազգային ժողովի հերթական նիստին նման առաջարկով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մեկ րոպե լռությամբ հարգենք կյանքից անժամանակ հեռացած մեր գործընկեր Մաթեւոս Ասատրյանի հիշատակը»,- ասաց Սիմոնյանը։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը նոյեմբերի 6-ին հանկարծամահ է եղել։

Ավելի ուշ Տիգրան Պարսիլյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։

«Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի բարգավաճման ու հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանման համար»,- «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝  ասաց Պարսիլյանը։

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հերթական նիստում Լեւոն Քոչարյանը եւս երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուները, որոնք պետք է ստանձնեին պատգամավորական մանդատը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Ընտրական ցուցակի հաջորդ համարը Լեւն Քոչարյանն էր, որը մինչ մանդատ ստանալը կալանավորված էր։  Լեւոն Քոչարյանին պատգամավորի մանդատ տրամադրելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո նա ազատ արձակվեց։

Ավելի ուշ Լեւոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ ինքը եւ Արթուր Սարգսյանն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ պատգամավորական երդումից հետո, Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տեսակցելու ապօրինի կալանքում գտնվող մեր հայրենակիցներին:

Այս ամենը կազմակերպողներն ու կատարողները պիտի պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հաջորդող ցանկացած իշխանության մտքով անգամ չանցնի դատական ու իրավապահ համակարգը ծառայեցնել ընդդիմախոսներին ճնշելու համար», – Facebook-ում գրել է Քոչարյանը։

 

 

 




Լրահոս