Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Նառա Վարդանյան անունով ֆեսբուքյան օգտատերն իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են Նոր Նորքի 6-րդ զանգվածում ուղևորները իջնում տրանսպորտներից ու ոտքով շարունակում ճանապարհը:
«Ավտոբուսները կանգնել են, կարևորը 100 դրամները ժողովրդից վերցրել են, բոլորին իջեցնում են կանգառում ասում են՝ ճանապարհները սառած են, չենք քշում»-տեսանյութում ասել է կինը:
Վերջում նա դիմելով Երևանի քաղաքապետին հավելեց՝ «Ավինյան բա ասում ես պատրաստ ենք ձմեռվան»:
ArmLur.am-ը խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ.
«Քանի որ շաբաթ օրը անձրևից հետո միանգամից ձյուն է տեղացել և մեքենաների հոսքը շատ է եղել, տեխնիկապես այդ պահին հնարավոր չի եղել աղի և ավազի աշխատանքներ իրականացնել, որպեսզի մերկասառույց չլինի: Վարորդները, ուղևորների անվտանգությունից ելնելով, դադարեցրել են երթևեկությունը, որպեսզի դժբախտ պատահարներ չգրանցվեն: Երբ, որ արդեն տեխնիկապես հնարավոր է եղել աղի և ավազի մշակումներ իրականացնել, դրանից հետո ճանապարհը անցանելի է եղել, և երթևեկությունը շարունակվել է»:
Էմմա Մարտիրոսյան